Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԾԱՌԱՅԵՑ ՆՊԱՏԱԿԻՆ»

Հունիս 26,2008 00:00

Կարծում է կոմունիստների ղեկավարը

\"\"«Հանրահավաքը ծառայեց իր նպատակներին, եւ կարիք չկար, որ ոստիկանությունն իրեն հեղինակազրկելու հաշվին այնպիսի ամպագոռգոռ հայտարարություններ աներ, ինչպիսիք արվեցին հանրահավաքից մեկ օր առաջ, հանրահավաքը սկսելուց առաջ՝ իբր, թույլ չի տրվի, այսպես կանենք, այնպես կանենք եւ այլն»,- «Առավոտի» հետ զրույցում ուրբաթ օրը կայացած ընդդիմության հանրահավաքի մասին իր տպավորությունները կիսեց ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Հիշեցնենք, որ այդ կուսակցության համագումարի որոշմամբ, նախագահական ընտրությունների ժամանակ Կոմկուսը չմասնակցեց ընտրություններին եւ չսատարեց որեւէ մեկին: Իշխանություններին դիմելով՝ Ռ. Թովմասյանը ժողովրդական բանահյուսությանն է հղում անում. «Երբ հեղեղը գալիս է՝ միայն պետք է ուղղություն տաս: Հեղեղի ճանապարհն անհնար է փակել: Խելոք լինեին՝ նախօրոք թույլատրեին հանրահավաքը, մանավանդ որ՝ այս օրերին Հայաստանի հարցը Եվրոպայում պետք է քննարկման առարկա դառնար, մանավանդ՝ այդ հանրահավաքում որեւէ ավելորդություն չեղավ, որեւէ արատավոր բան, որը ստվեր կգցեր երկրի հեղինակության վրա: Հանրահավաքը ցույց տվեց, որ այդ ուժը (նկատի ունի հանրահավաքի կազմակերպիչներին- Ն. Գ.) երբեք չի գնա կոտրելու, ջարդել-փշրելու ճանապարհով: 10 մարդ կլինի, թե 200 հազար՝ մարդկանց Սահմանադրությամբ տրված է այդ իրավունքը: Կարիք չկա ոտնահարել Սահմանադրությունը՝ հանուն անհատի ցանկությունների: Երկիրը պիտի գնա սահմանադրական ճանապարհով»:

Ընդհանրապես, Հայկոմկուսի ղեկավարը կոչ է անում ընտրել երկրի զարգացման այն ճանապարհը, որը կտանի դեպի ժողովրդավարացում: Ըստ նրա, այդ միակ ճանապարհը սոցիալիզմն է՝ չնայած նրան, որ «վերջին շրջանում Կոմկուսի մասին վայրահաչությունները նորից սկսվել են»: Չընդունելով «Եվրախորհուրդների խորհուրդները»՝ Ռուբեն Թովմասյանը ԵԽԽՎ-ի քննարկումների մասին ասում է. «ԵԽԽՎ-ում կասեն ճիշտը, բայց կորոշեն սխալ՝ կերկարացնեն ժամկետը կամ էլ նման մի բան»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաեւ Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթին. «ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի հետ միասին որոշում են, որ ամբողջ աշխարհն իրենք պետք է ղեկավարեն, մյուսներն իրավունք չունեն ինքնուրույն զարգանալու, ինքնուրույն քաղաքականություն տանելու: Այդ տեսակետից՝ ՆԱՏՕ-ն քայլ առ քայլ խժռում է յուրաքանչյուր երկիր, որտեղ ինքն իր շահն է տեսնում: Տարածաշրջանում Հայաստանն արդեն շրջապատված է այդ կառույցի մի գիշատիչ երկրով՝ Թուրքիայով, արդեն Վրաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում են քայլեր արվում, հիմա էլ՝ ՆԱՏՕ-ն իր շոշափուկները մեկնում է դեպի Հայաստան»: Մեկ անգամ էլ սթափության եւ զգոնության կոչ անելով՝ պարոն Թովմասյանն ասում է, որ հայ ժողովուրդը պարտավոր է մեկընդմիշտ հասկանալ, որ ՆԱՏՕ-ն մեր երկրում անելիք չունի՝ անկախ նրանից, թե ինչ դիմակով է ներկայանում Հայաստանին՝ «ահաբեկչության դեմ պայքարո՞ղ, թե՝ ինչ, ՆԱՏՕ-ի նպատակը մեկն է՝ Հայաստանը կտրել Ռուսաստանից: Այսօր էլ սեմինար են անցկացնում, գրքի շնորհանդես են անում… կարծեք թե մի երեւելի բան են գրել: Հայկական քրիստոնեական օրենքներով ՆԱՏՕ-ի շաբաթը նրա «յոթն» է: Հայ ժողովուրդը վաղուց թաղել է ՆԱՏՕ-ն: Հայաստանի դիրքորոշումը հստակ պետք է լինի՝ եղել ենք, կանք ու լինելու ենք ռուս ժողովրդի հետ, իզուր թող իրենց բարձրաստիճանները չգան, մեր մարզերում էլ հանդիպումներ ունենան. ի՞նչ են ասելու մեզ: Այն պահից, երբ մեր որոշ «քաղաքական» գործիչներ կորոշեն, որ հայ-ռուսական համագործակցությունն ու բարեկամությունն իրեն այլեւս չի «արդարացնում»՝ Հայաստանի համար կսկսվի ողբերգությունը: Այնպես որ, ՆԱՏՕ-ն թող իր քիթը ամեն տեղ չխոթի: Նրա թողած հետքերը մենք տեսել ու տեսնում ենք ե՛ւ Հարավսլավիայում, ե՛ւ Աֆղանստանում, ե՛ւ Իրաքում: Աշխարհում ամենամեծ ահաբեկիչն այսօր ԱՄՆ-ն է ու ՆԱՏՕ-ն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30