Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՀԿ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱԿԻՐԸ՝ ՍԴՀԿ ԱՆԴԱՄ

Հուլիս 02,2008 00:00

Արարատ Մկրտչյանին մտահոգում է դաշնակցականների «անկեղծությունը»

– Պարոն Մկրտչյան, ի՞նչը ստիպեց երբեմնի կարկառուն հանրապետականին անդամագրվել Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությանը:

– Ես եղել եմ Հանրապետական կուսակցության համակիր, եւ այդտեղ մեծ դեր ուներ Վազգեն Սարգսյանը: Ոչ մի տեղ այսօր չեք կարող գտնել իմ ձեռքով գրված դիմում, որով խնդրել եմ ինձ ընդգրկել ՀՀԿ-ի շարքերը: Եթե մտաբերենք Արամ Սարգսյանի ձեւավորած «Համաձայնության» կառավարությունը՝ ես կոմունիստական կուսակցության կողմից էի ներկայացված նախարարի պաշտոնի համար: Կոմունիստ չլինելով՝ ես այն ժամանակ էլ սոցիալիստական գաղափարական ուղղվածություն ունեի: Ես շատ հետաքրքիր ճանապարհ եմ անցել Վազգեն Սարգսյանի հետ, շատ բովանդակալից, բայց շատ կարճ ճանապարհ՝ Արամ Սարգսյանի կառավարության ժամանակ, եւ անկեղծ եմ ուզում լինել, Անդրանիկ Մարգարյանի հետ աշխատելը բավականին մեծ պատասխանատվություն էր ու պատճառում էր լավագույն մասնագիտական հաճույք՝ այն առումով, որ շատ ընդունելի էին բարեփոխումների ողջ ծրագրերը, որոնք փորձում էինք իրականացնել: ՀՀԿ-ին համակիր լինելով՝ նաեւ կուսակցության ցուցակով պատգամավոր եմ եղել: Մեծ թվով գործընկերներ եւ մտերիմներ ունեմ այդ կուսակցությունում: Երկար ժամանակ մտորել եմ, թե նախկինում առողջապահության բնագավառում իմ կատարած քայլերը որքանով են շարունակական եղել 2003 թվականից հետո: Իմ վերլուծությամբ՝ այդ բարեփոխումները կամ շեղվել են, կամ հակառակ ուղղությամբ են գնացել, ընդհուպ մինչեւ օրենսդրությանը հակասող քայլեր են արվել: Առողջապահության ոլորտում իմ պատկերացումները, կարծում եմ, ավելի համադրելի են ՍԴՀԿ ծրագրային դրույթներին՝ սոցիալական եւ սոցիալիստական արդարության մասով, նաեւ, որպես կուսակցության, որն իր պատմության ընթացքում սեւ էջեր չի ունեցել:

– Կարծում եք, որ ՍԴՀԿ-ն այն ո՞ւժն է, որն այսօր կարող է հավակնել իշխանության, եւ դուք էլ ձեր ծրագրերը կյանքի կկոչեք:

– Միանշանակ: Այս կուսակցությունը շատ կարող ուժ է՝ իշխանության ձգտելու եւ մաս կազմելու: Երբ ժամանակը գա, եւ եթե այդ ժամանակ ինձ կվստահվի՝ իմ մտավոր եւ մասնագիտական ունակությունների շրջանակում կփորձեմ բնագավառի բարեփոխումները շարունակել:

– Մի տեսակ պարադոքս չէ՞. ՀՀԿ-ի համակիրը հիմա հակառակ դիրքերից է հանդես գալիս:

– Ոչ: Որովհետեւ խոսքը սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակականության մասին է, իսկ ես ասացի, որ նախաձեռնված բարեփոխումներն իրականացնելու առումով կառավարության կողմից բավականին շեղումներ կան: Նաեւ՝ կարծիքների բախման արդյունքում են ձեւավորվում ճիշտ մոտեցումները: Այստեղ է, որ ես իմ գործընկերների հետ, ովքեր այսօր իշխանության մեջ են, մեծ հաճույքով կբանավիճեմ: Ոչ թե պարադոքս է, այլ ես կասեի՝ դրական միտում կա. այս ճանապարհը հնարավորություն կտա մշակույթ ներմուծել եւ հակառակ բեւեռում գտնվող մարդկանց նայել ոչ թե որպես թշնամիների, այլ լրջագույն օպոնենտների, որոնք կարող են թերություններ տեսնել եւ այդ մասին բարձրաձայն խոսել:

– Դաշնակցությունը, Կոմկուսը նույնպես սոցիալիստական ուղղվածություն ունեն: Ինչո՞ւ անպայման ՍԴՀԿ:

– Երբ ես արդեն պատգամավոր էի, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրին սատարելու որոշում կայացրեց ՀՅԴ-ն, այդ թվում՝ նաեւ առողջապահության ոլորտում, եւ կառավարություն գործուղեց իր ներկայացուցչին: Եվ այստեղ էր, որ ծրագրերի շարունակականության փոխարեն ես տեսա մեծ պոպուլիզմ: Լինել կառավարության մեջ եւ պատասխանատվություն չկրելու տեղ թողնելն ու նման երեւույթները մտորելու տեղիք տվեցին: Դաշնակցականների հետ ես գործընկերային ճանապարհ անցել եմ. նրանց անկեղծության մակարդակն ինձ միշտ մտահոգել է: Իսկ ՀԿԿ-ի ջլատումից հետո, չեմ կարծում, որ այդ կուսակցությունը քաղաքական ասպարեզում լուրջ դերակատարություն ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել