Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԱՑԻՆ՝ ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԱԹԵՐՖԼԱՅԻ» ՄԱՍԻՆ

Հուլիս 08,2008 00:00

\"\"Իմպրեսարիո Անջելո Գաբրիելիին ներկայացումը դուր է եկել

Ազգային օպերային թատրոնում հուլիսի 4-ին կայացավ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի պրեմիերան: Ինչպես տեղեկացրել էինք, այս նախագիծը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային օպերային թատրոնի համատեղ աշխատանքն է: Բեմադրության ռեժիսորն է Սուքիաս Թորոսյանը, դիրիժորը՝ Էդուարդ Թոփչյանը: Տեղեկացնենք, որ հիշյալ օպերայի պրեմիերան դեռեւս կոմպոզիտորի կենդանության օրոք կայացել է 1904թ., Միլանում, իսկ Երեւանի օպերային թատրոնում՝ վերջինիս ստեղծման առաջին տարիներից (1933-34թթ.): Մինչեւ 1980-ականների սկիզբը օպերան ներկայացվում էր Գոհարինե Մելքումյանի ռեժիսուրայով, այնուհետեւ՝ Վահագն Բագրատունու եւ Տիգրան Լեւոնյանի բեմադրությամբ: Օպերան խաղացանկից դուրս էր մնացել 1990-ականների վերջից:

Մասնագետներից եւ օպերային արվեստի երկրպագուներից շատերը, ծանոթ լինելով ռեժիսոր Սուքիաս Թորոսյանի՝ 2007թ. աշնանը Օպերային թատրոնում ժամանակակից ռեժիսուրայով բեմադրած Վերդիի «Ռիգոլետտոյին», պնդում էին, որ «Մադամ Բաթերֆլայի» դեպքում էլ, նոր ուղղություն հանդիսացող «COMPART» իմպրովիզացիոն բեմադրությունների հեղինակն ու իրականացնողը հավատարիմ կմնա իր ձեռագրին:

«Առավոտին» ռեժիսորն ասաց. «Ֆանտազիաս աշխատել եմ հնարավորինս սանձահարել եւ հավատարիմ մնալ օպերային բեմադրության դասական կանոններին»:

Պրեմիերան դիտելու նպատակով Երեւան էր ժամանել իտալացի ճանաչված իմպրեսարիո Անջելո Գաբրիելին, որին խնդրեցինք ներկայացնել իր տպավորությունները: Մեր զրուցակիցը նախ նշեց, թե այս օպերան այն գործերից է, որը չի պահանջում առանձնակի բեմադրական խնդիրների լուծում, եւ եթե ճիշտ է ընտրվում գլխավոր հերոսուհին՝ իր վոկալ եւ արտիստիկ տվյալներով, դա գործի հաջողության գրավականներից մեկն է: Մադամ Բաթերֆլայի դերերգով հանդես եկավ օպերային թատրոնի մեներգչուհի Նունե Բադալյանը: Իմպրեսարիոն առանձնացրեց ինչպես նրա, այնպես էլ գլխավոր մյուս դերերգերով հանդես եկող Նարինե Անանիկյանի (Սուձուկի), Հովհաննես Այվազյանի (Պինկերտոն), Արսեն Սողոմոնյանի (Շարփլես), Պերճ Քարազյանի (Գորո) անունները. «Տպավորված եմ երիտասարդ դիրիժոր Թոփչյանի մեկնաբանությամբ: Զգացվում է, որ սիմֆոնիկ երաժշտության մեջ խորացած արվեստագետին մոտ է նաեւ օպերային գրականությունը: Հիացած եմ երգչախմբի կատարումով («Հովեր» կամերային երգչախումբ, խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Առանձնահատուկ ուզում եմ նշել իտալերենի ճիշտ արտաբերումը (վերջինիս մասով, ինչպես տեղեկացրել էինք, Ավստրալիայից հրավիրված էր գեղարվեստական կոնսուլտանտ Նատալյա Աֆեյանը)»: Ա. Գաբրիելին հատկապես նշեց հայաստանյան «Բաթերֆլայի» նկարչական ձեւավորումը, որը նույնպես Ս. Թորոսյանի աշխատանքն է: Բեմադրության դեկորներին յուրօրինակ լուծում էր տալիս նաեւ բեմի էկրանը: Արտիստների զգեստների մի մասը «Ռենեսանս» հիմնադրամի աջակցությամբ բերվել էր Ճապոնիայից, մի մասն էլ կարվել է Երեւանում:

Պարոն Գաբրիելիին գոհացրել էր, իր ձեւակերպմամբ՝ մեկ ազգից բաղկացած նվագախումբը. «Նախօրեին ինձ հրավիրեցին ֆրանսիական ռեստորան, որը տնօրինում է նվագախմբի ֆլեյտահար Տիգրան Գեւորգյանը: Իտալիայում նման բան չեք տեսնի, որ երաժիշտը նաեւ ռեստորան ունենա… Ծանոթ լինելով հայկական վոկալ դպրոցին եւ այս տարի փետրվարին ներկա գտնվելով Մոսկվայում անցկացված Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին միջազգային մրցույթին, ցանկություն ունեմ Իտալիա կատարելագործման հրավիրել ձեր երգիչներից ոմանց, առաջինն այդ ցուցակում օպերային երգիչ, 24-ամյա Գեւորգ Հակոբյանն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել