Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ» «Դերձակուհին»՝ Իտալիայում

Հուլիս 18,2008 00:00

\"\"Հայկ Թոքմաջյանի քանդակը միջազգային սիմպոզիումի ծնունդ է

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը օրերս է վերադարձել Իտալիայից: Այնտեղ նա մասնակցում էր հուլիսի 7-13-ը Սաուզե դե Լուչե քաղաքում կայացած քանդակագործների միջազգային սիմպոզիումին: Հայկը պատմեց, որ դա մի փոքրիկ քաղաք է Թուրինի մոտակայքում, որը ոչ միայն ձմեռային սպորտաձեւերի, այլեւ քանդակագործության սիմպոզիումների համաշխարհային կենտրոն է համարվում: Արդեն 7-րդ անգամ Սաուզե դե Լուչեում աշխարհի տարբեր երկրներից հավաքվում են քանդակագործներ ու հենց անտառի մեջ փայտից հրաշք քանդակներ կերտում: Նրանք նախապես ներկայացնում են էսքիզները ու մասնակցության հայտ, որոնք ընտրում է բծախնդիր ժյուրին, այնուհետեւ հրավիրվում են լավագույնները: Վերջիններիս ստեղծագործություններն էլ տեղ են գտնում սոճու անտառում: «Գեղատեսիլ բնության գրկում աշխատանքն ուղղակի ջրի պես գնում էր: Այս տարի հետեւյալ թեման էր ընտրված՝ հին մասնագիտություններն ու արհեստները. կոշկակար, դերձակուհի, դարբին, գեղջուկ, հովիվ, հոգեւորական եւ այլն»,- պատմեց հայ քանդակագործը: Քանդակներն արվել են հողի մեջ տեղադրված, կտրված ծառի վրա, որը պատրանք է ստեղծում, թե դրանք ուղղակի բուսնել են: Հայկի փոխանցմամբ, այժմ ողջ անտառը քանդակներով է ծածկված, որոնք անչափ հետաքրքրում են իտալական փոքրիկ քաղաք ժամանող զբոսաշրջիկներին: Հայ քանդակագործի կերտածը գեղեցկադեմ, անչափ կանացի դերձակուհի է՝ կարի մեքենայով: Հեղինակի խոսքերով, իր ստեղծագործությունն անչափ դուր է եկել դիտողներին: «Ինձ համար մեծագույն հաճույք էր փայտի վրա աշխատելը: Այն 2,5 մետր երկարություն եւ 50 սմ լայնություն ուներ: Պիտի կարողանայիր սահմանափակ հնարավորություններով ռեալիզմի մեջ ստեղծագործել ու վերծանել փայտի լեզուն: Սիմպոզիումը կարեւոր էր նաեւ նրանով, որ հնարավորություն էր ընձեռում շփվել այլ երկրների արվեստագետների հետ, որոնք ունեն տարբեր մոտեցումներ, ոճ, ճաշակ, ազգային առանձնահատկություններ»,- պատմում է մեր զրուցակիցը: Հայկը նաեւ տեղեկացրեց, որ այս սիմպոզիումին բավական անվանի արվեստագետների մասնակցությունը մերժվել է, պատճառը հավանաբար այն է, որ «նրանք ռեալիզմի մեջ չեն աշխատում, մինչդեռ իմ թեման, մտածողությունը եւ ոճը համընկան»:

Սիմպոզիումի ընթացքում ծնված բոլոր քանդակները իտալերեն ցուցանակներ են ունեցել, սակայն Հայկը նաեւ հայերեն է իր անունը գրել:

Դառնալով հայաստանյան իրականությանը, Իտալիայից վերադարձած արվեստագետը ափսոսանքով նկատեց, որ դիլիջանյան անտառներն իրենց գեղեցկությամբ չեն զիջում իտալականին եւ դրանք եւս կարելի է ծառայեցնել արվեստին ու նման սիմպոզիումների անցկացման վայր դարձնել. «Արվեստի առումով արտերկրում ինքնատիպ ավանդույթներ կան եւ հակված չեմ կարծելու, թե մեզ մոտ ավելի վատ է: Մենք եւս ունենք լավ ավանդույթներ, ու կարող ենք դրսի հաջողված փորձն էլ ներմուծել Հայաստան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել