Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՈՆԵ ՀՈՒԴԱՅԻ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵՔ»

Օգոստոս 20,2008 00:00

Գոհար Գասպարյանի մյուս երկու կենսագիրներին հորդորեց Արմինե Մելիք-Իսրայելյանը

«Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր գրող, արվեստաբան Արմինե Մելիք-Իսրայելյանի «Գոհար Գասպարյան ֆենոմենը» գրքի մասին: Օրերս թողարկվել է վերջինիս CD-ին՝ մեծանուն երգչուհու ձայնագրություններով: Մեր օրաթերթի օգոստոսի 9-ի համարում տեղ գտած «Գոհար Գասպարյանը մեկին էր վստահել» հոդվածում տեղեկացրել էինք մեծանուն երգչուհու փառքը գովերգելու իրենց աստեղային ժամերը կորցրած «կենսագիրացուների» «մրցավազքի» մասին, որոնք արվեստագետի մահից հետո են ջանադրաբար լծվել հիշողության գզրոցները փորփրելու գործին: Հիշեցնենք, որ այդ «պաշտոնին» հավակնում են արվեստաբաններ Սերգեյ Առաքելյանը (որի խոսքը տեղ էր գտել հոդվածում), Ռոբերտ Դավթյանը եւ Արմինե Մելիք-Իսրայելյանը: Տեղին է նշել, որ Գ. Գասպարյանի մասին երաժշտագետ Ալ. Թադեւոսյանի 1956թ. տպա-գրված միակ գրքույկից հետո Երեւանի պետկոնսերվատորիայի երգչուհու դասարանի կոնցերտմայստեր Համասփյուռ Մանուկյանը 2005-ին հրատարակեց առաջին գրքույկը, որին հաջորդեցին վերոհիշյալ «կենսագիրացուների» գրքերը:

Իր խնդրանքով «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Արմինե Մելիք-Իսրայելյանը հայտնեց, որ ինքը դափնիներ խլելու հավակնություն չունի, քանզի առաջնության դափնին իր ձեռամբ իրեն շնորհել է մեծանուն երգչուհին, արտոնելով գրել իր կյանքն ու գործը լուսաբանող ամբողջական գիրք: Հիշեցնենք, որ ժամանակին մեր օրաթերթը ներկայացրել էր արվեստաբանի գրքերը՝ «Մարդկային ձայնն» ու «Գոհար Գասպարյան ֆենոմենը»: Մեր զրուցակիցը հավաստիացնում է, որ 2008թ. տպագրված Ռ. Դավթյանի «Հայոց սոխակը» գիրքը ոչ այլ ինչ է, քան՝ իր գրքի փոխադրությունը: Հավելեց նաեւ, որ լինել երգչուհու կենսագիրը՝ չի նշանակում ծնվել Գոհարի հետ եւ պարտադիր չէ նրա հետ մասնակցել ճոխ սեղանների ու, ակնարկեց Ս. Առաքելյանին. «Կառչելով երգչուհու ձեռքով լուսանկարների վրա արված մակագրություններից եւ օգտվելով երգչուհու՝ իր դստեր կնքամայրը լինելու մեծահոգությունից՝ դառնալ կենսագիր»: Ա. Մելիք-Իսրայելյանը, դիմելով իր գրչակիցներին, հորդորեց. «Եթե այդքան թանկ էր ձեր՝ երգչուհու կենսագիր լինելը, ինչո՞ւ կենդանության օրոք չարդարացրիք նրա հույսերը։ Հիշեք ձեզ ուղղված Գոհարի կշտամբանքը՝ «Ո՞ւր էիք 15-20 տարի առաջ, ալ պետք չունիմ, քանի որ իմ մասին գրվում է ու իմ սրտով է…»:

Արվեստաբանը հավաստիացրեց, որ 2007թ. մայիսի 9-ին կաթողիկոսին եւ ՀՀ վարչապետին մակագրած գրքերի ու դիմումների հետ Գ. Գասպարյանը իրեն հանձնել է լիազորագիր. «Դրանով հաստատում էր իմ հանդեպ իր վստահությունը՝ արտոնելով ինձ՝ իր կենսագրին, օգտագործել բոլոր անհրաժեշտ նյութերը կենսագրական գրքի ստեղծման ու հետագա նոր գործերի համար»:

«Գոհարի մասին շատ պիտի գրվի, ինքս դրա կողմնակիցն եմ, բայց ոչ հեղինակային իրավունքները ոտնահարելով: Ավելին՝ տիտղոսներով, «Գոհար Գասպարյան» մեդալներով, եկեղեցական կապերով հպարտանալու փոխարեն ամոթից պիտի կարմրեին երգչուհու «հին» բարեկամները: Ժամանակին, երբ հալածվում էին անվանի երգչուհին ու նրա ամուսինը՝ Տիգրան Լեւոնյանը, նրանց (նկատի ունի ոչ միայն Ս. Առաքելյանին եւ Ռ. Դավթյանին, նաեւ՝ այլ մտավորականների- Ս. Դ.) տեղն ու դերը հասկանալի պատճառով նախագահի նստավայրի առջեւ պետք է լիներ: Այնինչ, Հուդայի ազնվություն անգամ չունեցած այս մարդկանց լռության շնորհիվ պարզապես սպանվեցին հայ օպերային արվեստի երկու նվիրյալներ»,- վրդովմունքն արտահայտեց Ա. Մելիք-Իսրայելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031