Լրահոս
Օրվա լրահոսը

«ՕԲՅԵԿՏԻՎ, ԳՈՐԾՈՒՆՅԱ, ԻՐԵՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՀԱՐԳՈՂ ՄԱՐԴ»

Օգոստոս 22,2008 00:00

Այսպես են բնութագրում Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Շահինյանին մտավորականները

Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Շահինյանը նախընտրական իր քարոզարշավի առաջին օրը հանդիպեց համայնքի մտավորականների հետ։ Եվ դա պատահական չէ: Հանդիպման եկած բոլոր արաբկիրցիները միասնական էին իրենց թաղապետին տրվող գնահատականներում՝ նա մտավորական է, կիրթ, գրագետ, իր հոգեւոր եւ մտավոր եւ անգամ արտաքին տեսքով շահեկանորեն տարբերվում է այլ համայնքների ղեկավարներից: Նրա երեք տարիների աշխատանքի արդյունքում Արաբկիր համայնքը դարձել է շատ ավելի լավը, շատ ավելի մաքուր եւ շատ ավելի խնամված:

Երեկ ընտրողներին ներկայացվեց նաեւ Արաբկիրի թաղապետարանի 2005-2008թթ. ֆինանսական հաշվետվության ամփոփ գրքույկը, որում բնակիչներին էին ներկայացվում այդ երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքները: Հովհաննես Շահինյանը երեկ իր ելույթում ասաց, որ իր համար կարեւոր է, որպեսզի համայնքում ընտրություններն անցնեն ազատ եւ արդար, ընտրակեղծիքներ չլինեն, քանի որ մաքուր ընտրությունների անցկացումն այսօր ավելի քան կարեւոր է երկրի եւ ժողովրդի համար. «Ինքս ձեռնպահ եմ մնում գնահատականներից, գեղեցիկ մակդիրներով մեր աշխատանքի մասին որակումներ տալուց: Առավել եւս, որ առաջին հերթին կատարված լավ քայլերի, դրական փոփոխությունների հարցում ես մասնակից եմ համարում ձեզանից յուրաքանչյուրին, Արաբկիր համայնքի յուրաքանչյուր բնակչի»,- ասաց Հովհ. Շահինյանը: Իրենց համայնքի ղեկավարի մասին խոսելով՝ արաբկիրցի մտավորականները երեկ վստահեցրին, որ սեպտեմբերի 7-ին միահամուռ ընտրելու են Հովհաննես Շահինյանին:

Արաբկիրի բնակիչ, զոհված ազատամարտիկ Երվանդ Սաղումյանի մայրը՝ Ալիս Սաղումյանը հուզիչ խոսք ասաց եւ հայտարարեց, որ իր զոհված որդու փոխարեն իրեն (եւ ոչ միայն իրեն, այլեւ համայնքի բոլոր որդիազուրկ մայրերին) ամեն ինչով օգնում եւ հարազատ որդու պես իր բոլոր խնդիրները լուծում է Հովհաննես Շահինյանը. «Ես մատաղ իրեն, ես եկեղեցի եմ գնացել եւ Աստծուն խնդրել եմ, որ ինքը պիտի ընտրվի: Անպայման: Մեր կյանքը չպիտի դնենք փորձությունների տակ, ով որ լավ աշխատում է, նա էլ պիտի շարունակի աշխատել: Ինձ զանգում են, ասում են՝ ո՞ւմ պիտի ընտրեք: Ասացի՝ հրաշագործ տղային, ասացին՝ ո՞վ է այդ հրաշագործը, ասացի՝ Հովհաննես Շահինյանը: Այո, նա հրաշք տղա է: Այդքան ջահել, բայց այդքա՜ն շնորհքով եւ այդքա՜ն աշխատասեր: Եվ ես ցանկանում եմ ապրել այնքան, որ իրեն տեսնեմ ավելի բարձր պաշտոններում»: Հանդիպմանը ներկա էր ֆրանսիական «Բոհեմ» թատրոնի ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանը, որը թեեւ արաբկիրցի չէ, սակայն կոչ արեց արաբկիրցիներին մասնակցել ընտրություններին եւ իրենց ձայնը տալ գործող թաղապետին. «Հովհաննես Շահինյանի մեջ ինձ ամենից շատ գրավեց նրա սերը դեպի մշակույթը: Ոչ միայն Հայաստանում, անգամ աշխարհում քիչ կգտնեք պետական պաշտոնյաների, ովքեր զարկ են տալիս մշակույթին: Հովհաննես Շահինյանի սերը մշակույթի հանդեպ խոսում է մարդու ներքին կուլտուրայի եւ ինտելեկտուալ մակարդակի մասին: Ի վերջո, ազգը հիշում ենք մշակույթով: Ես Փարիզում թատերական միություն ունեմ, եւ արդեն 20 տարի մենք կազմակերպում ենք ներկայացումներ, եւ մեր նպատակն այն է, որպեսզի հայ դերասաններին հնարավորություն տանք Սփյուռքում զբաղվել իրենց սիրած գործով, այսինքն՝ դուրս գալ բեմ եւ խաղալ հայերի համար, հայերենով: Այս ընթացքում ոչ մի պետական անձ մեզ ձեռք չի մեկնել: Միակը պարոն Շահինյանն է, որը միանգամից հովանավոր կանգնեց մեր ծրագրին: Իսկ ինձ համար դա իդեալ է: Ես միայն կարող եմ մաղթել, որ նա միշտ մնա այսպես արվեստասեր: Նման մարդիկ պետք են Հայաստանին, ժողովրդին»:

Իտալիայում, Ֆլորենցիայում շատ հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի եւ Հովհաննես Շահինյանի նախաձեռնությամբ շուտով՝ սեպտեմբերի սկզբին, արաբկիրցիներին մեծ անակնկալ է սպասվում: Թաղապետարանի առջեւի բարեկարգված այգում շուտով կտեղադրվի «Սասնա ծռեր» շատրվանը: Վիգեն Ավետիսը նույնպես ներկա էր հանդիպմանը եւ իր դասընկերոջ մասին այսպես արտահայտվեց. «Ես Հովհաննես Շահինյանին ճանաչում եմ 1975 թվականից, առաջին դասարանից: Հենց առաջին օրվանից էլ ինքը տարբերվում էր բոլորիցս: Նա միշտ մեզանից տարբերվել է: Ինքը տեսակով լիդեր է, առաջնորդ: Ինչին ինքը հասել է՝ իր կյանքի բնական ճանապարհն է, որովհետեւ ինքը էությամբ առաջ գնացող է, ինքը դրա համար է ծնվել, ծնվել է լիդեր լինելու համար, ճիշտ այնպես, ինչպես ես ծնվել եմ քանդակագործ լինելու համար: Ինքը դեռ փոքր ժամանակվանից միայն իր համար չէր ապրում, բոլորիս էլ, կոպիտ ասած, տեր էր կանգնում ե՛ւ հոգեպես, ե՛ւ ֆիզիկապես, մի խոսքով՝ պատասխանատվության զգացումը նրա մեջ շա՜տ-շա՜տ մեծ էր դեռ մանկուց: Եվ սովորելու մեջ էր առաջինը, եւ բոլոր հարցերում: Նրա ամենամեծ կարողությունը աճելու, ավելիին ձգտելու եւ հասնելու կարողությունն է»:

Արաբկիրցի, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյանը կոչ է անում արաբկիրցիներին սեպտեմբերի 7-ին իրենց ձայնը տալ գործող թաղապետին. «Կիրթ, հավասարակշռված, երիտասարդ, գրագետ եւ ամենակարեւորը՝ ժամանակակից մտածողություն կրող, ու դա արդեն երեւում է մեր Արաբկիրում: Ես Արաբկիրում եմ ապրում, եւ մեր համայնքում նրա երիտասարդական ավյունը գտնում է իր դրսեւորումները: Ես շատ կուզեի, որ մյուս համայնքներում էլ համայնքների ղեկավարները լինեին նույնքան կիրթ, բարետես եւ գրագետ, ինչպես մեր համայնքապետ Հովիկ Շահինյանն է»,- ասաց նա իր ելույթում:

Հովհաննես Շահինյանի կողքին է նաեւ «Արմինկո» ընկերության գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Մեզ հետ զրույցում նա այսպես նկարագրեց Հովհաննես Շահինյանին. «Որպեսզի չհաճոյախոսեմ, խնդրին կարճ ձեւակերպում տամ. Հովհաննես Շահինյանը գործունյա մարդ է, որն իր իրավունքները եւ պարտականությունները հստակ գիտի, ապրում է այդ թաղում եւ թաղի կյանքով է ապրում: Ինձ համար համայնքը ղեկավարելու գործում կարեւորը պատրաստակամությունն է, օբյեկտիվությունը եւ աշխատասիրությունը: Համարում եմ, որ նա օբյեկտիվ, գործունյա, իրեն եւ ուրիշներին հարգող մարդ է, որն ունի դաստիարակություն»:

Կամերային թատրոնի գլխավոր ռեժիսոր, արաբկիրցի Արա Երնջակյանը մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց Հովհաննես Շահինյանին. «Ես շատ գոհ եմ, թե ինչպես է մեր համայնքապետը ղեկավարում մեր համայնքը, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել, դա բոլորն են տեսնում: Այլ բանից կխոսեմ: Կամերային թատրոնը, որը ես ղեկավարում եմ, գտնվում է մի ուրիշ համայնքում, բայց շատ հաճախ մեր հյուրն է լինում Հովհաննես Շահինյանը, կարելի է ասել՝ բոլոր ներկայացումները տեսել է: Սա խոսում է այն մասին, որ ինքը արվեստին շատ մոտ մարդ է, իսկ արվեստին մոտ կանգնած մարդիկ վատը չեն լինում: Այս իմաստով նա ինձ համար շատ դրական կերպար է»:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել