Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Օգոստոս 22,2008 00:00

Այսօր 60 կգ քաշային բռնցքամարտիկներ Հրաչյա Ջավախյանի եւ ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոյի միջեւ կայանալիք կիսաեզրափակիչ մենամարտում կորոշվի, թե Հայաստանը Պեկինում բրոնզից ավելի ազնիվ մեդալ կնվաճի՞, թե՝ ոչ:

Ըմբիշներին մեկ քայլ չբավականացրեց

Հայաստանի ազատ ոճային ըմբիշները Պեկինում չկարողացան որեւէ մեդալ նվաճել: Օլիմպիական մրցաշարի հենց առաջին օրը հանդիսականի վերածվեց 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը: Մեկ օր անց նրան միացավ մինչեւ 66 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը՝ ասպարեզը թողնելով միայն Հարություն Ենոքյանին՝ 84 կգ քաշային կարգ: Հարությունը, որ մեր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանի որդին է, ամեն ջանք գործադրեց, որպեսզի այս մարզաձեւում էլ Հայաստանը գոնե բրոնզե մեդալ ունենա: Սակայն նպատակին հասնելու համար նրան ընդամենը մեկ քայլ չբավականացրեց: Հայ ըմբիշը, որ որակավորման փուլում պայքարից ազատ էր, 1/8 եզրափակիչում միավորների 14:1 տարբերությամբ վստահ հաղթանակ տարավ թունիսցի Ռիմի Ադնանի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում 0:4 հաշվով զիջեց Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազի Մինդորաշվիլուն: Եվ ստացվեց այնպիսի վիճակ, որ եթե Մինդորաշվիլին դրանից հետո հաղթեր թուրք Յուսուպ Աբդուսալոմովին, Հարությունը երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն էր ստանում: Ու այդպես էլ եղավ: Վրաստանցին ոչ միայն մտավ եզրափակիչ, այլեւ նվաճեց օլիմպիական չեմպիոնի կոչումը: Իսկ մեր մարզիկը չկարողացավ օգտվել բրոնզե մեդալ նվաճելու ընձեռված բացառիկ հնարավորությունից՝ սփոփիչ գոտեմարտում համառ պայքարում տանուլ տալով վրացի մեկ այլ ըմբիշի՝ Դավիթ Բիշինաշվիլուն, որը, սակայն, ներկայացնում էր Գերմանիան:

Հրաչյայի մրցակիցը բավականին ուժեղ է

Օլիմպիական խաղերում կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Այստեղ թույլ մրցակիցներ չեն լինում, առավել եւս՝ ճանապարհի երկրորդ հատվածում, որտեղ պայքարը շարունակում են միայն առավել արժանավորները:

Բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մեր 60 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը կիսաեզրափակիչ հասավ ընդամենը մեկ մարտ անցկացնելով: Հիշում ենք, որ Հրաչյան մեկնարկային փուլում վիճակահանությամբ ազատ էր: 1/8 եզրափակիչում մեր բռնցքամարտիկը 12:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ նիգերիացի Օլավալ Լավալի նկատմամբ: Դրանից հետո առողջական վիճակի պատճառով քառորդ եզրափակիչում նրա հետ պայքարից հրաժարվեց Կորեայի ներկայացուցիչ Ջոնգսուբ Բայկը եւ Հրաչյան, փաստորեն, առանց պայքարի մտավ կիսաեզրափակիչ՝ իր համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Այսօր մեր մարզիկին իսկական փորձություն է սպասում: Նա ուժերը չափելու է Աթենքի օլիմպիական խաղերի չեմպիոն, 2007 թվականին Չիկագոյում կայացած աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր՝ ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոյի հետ: Բայց, ինչպես ասում են, Ջավախյանն էլ նորեկ չէ սիրողական բռնցքամարտում: Նա անցած տարի Չիկագոյում գրավել է հինգերորդ տեղը, դրանից մեկ տարի առաջ՝ Պլովդիվում անցկացված Եվրոպայի առաջնությունում արժանացել արծաթե մեդալի եւ նույնպես մրջազգային մրցաշարերում հաղթող ու մրցանակակիր է եղել:

Եզրափակիչ փուլ չանցավ

Երեկ օլիմպիական խաղերի մայրաքաղաքում անձրեւոտ առավոտ էր: Հենց այդ ժամանակ էլ պայքարը սկսեցին նիզականետորդները, որոնց մեջ էր նաեւ գյումրեցի Մելիք Ջանոյանը: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մասնակիցները որակավորման փուլում չէին կարողանում բարձր արդյունքներ ցույց տալ, ինչը, եզրափակիչ անցնելու համար, թերեւս, ձեռնտու էր մեր մարզիկին: Սակայն նա իրեն ընձեռված երեք հնարավորություններից երկուսում խախտեց թույլատրելի սահմանը եւ զրո ստացավ: Միայն վերջին ու միակ փորձը հաջող ստացվեց: Սակայն Մելիքի նետած նիզակը վայրէջք կատարեց 64,47 մետր նշագծի վրա, ինչը չբավականացրեց եզրափակիչ փուլ անցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել