Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Սեպտեմբեր 03,2008 00:00

Համեմատությունը Իսրայելի նախագահի օգտին չէ

Անցած շաբաթ Իսրայելի իշխանությունները որոշում կայացրին համաներում շնորհել բանտերում իրենց պատիժը կրող պաղեստինյան զինված խմբավորումների մոտ 200 անդամների: Մեծ մասամբ՝ ահաբեկիչներին, որոնք չէին ընդունում անգամ Իսրայել պետության գոյությունը, որոնց ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել էին տասնյակ եւ հարյուրավոր անմեղ քաղաքացիներ: Նույնպիսի համաներում էր շնորհվել 240 պաղեստինցիների՝ անցյալ տարվա հուլիսին: Բանտերից ազատ արձակված անձանց շարքում պաղեստինյան ազատագրական շարժման հայտնի դեմքեր են, Իսրայել պետության ոխերիմ թշնամիներ: Օրինակ, Նահիֆ Խավատման, որի հրոսակայինները ժամանակին սպանել էին 22 դպրոցականի, կամ Զաքարիա Զուբեյդին՝ պաղեստինյան ուսումնամարտական ճամբարների համակարգողը:

Համաներումը միանշանակ չի ընդունվում հրեական պետության հասարակության կողմից, նույնիսկ կառավարության անդամներից ոմանք դեմ են արտահայտվել այդ քայլին, սակայն Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը հայտարարեց, որ սա բարի կամքի դրսեւորում է եւ քայլերից մեկն է, որոնք պետք է խաղաղություն հաստատեն Ավետյաց երկրում: Իշխանությունները նաեւ պնդում են, որ բոլոր ազատ արձակվածները հավաստիացրել են, որ դադարեցնելու են ցանկացած բռնի գործողություններ եւ պայքարը շարունակելու են միայն խաղաղ միջոցներով: Սակայն, միեւնույն է, իսրայելական մի շարք լրատվամիջոցներում Պերեսին բնութագրեցին որպես «քաղաքական կամքից զուրկ», «ահաբեկիչների ջրաղացին ջուր լցնող» նախագահ:

Հիմա ես փորձում եմ համեմատել, ասենք, Հայաստանի քաղաքացի Դավիթ Մաթեւոսյանին եւ Պաղեստինի ինքնավարության (եւ ուրեմն ֆորմալ տեսակետից՝ Իսրայելի) քաղաքացի Մուհամադ աբու Ալիին: Աբու Ալին ցմահ բանտարկության էր դատապարտվել Հեվրոնում Իսրայելի բանակի շարքային զինվորի սպանության համար եւ բանտից արձակման պահին վստահեցրել էր լրագրողներին, որ չի դադարեցնելու պայքարը հանուն իր ժողովրդի ազատության եւ իր երկրի անկախության: Այնուամենայնիվ, այսօր նա վայելում է ազատությունը ընտանիքի անդամների եւ համախոհների հետ միասին: Մաթեւոսյան Դավիթը որեւէ մեկի կյանքը չի խլել եւ չի խլելու, որեւէ զինված խմբավորման անդամ չի եղել եւ չէ: Նա 1990-ների սկզբին եղել է Մեղրիի ինքնապաշտպանական գործողությունների ղեկավարներից մեկը, հետո Սյունիքի փոխմարզպետ, խորհրդարանի պատգամավոր: Նա համեստ ու շիտակ հայ քաղաքացի է եւ մտավորական: Նա դատապարտված է 3 տարի ազատազրկման, չնայած ներկայացված մեղադրանքներից որեւէ մեկը դատարանում չի հիմնավորվել: Եվ Դավիթի երեք երեխաները ամեն գիշեր հորը երազում են տեսնում:

Հիմա ես փորձում եմ համեմատել Հովհաննես Հարությունյանին եւ, ասենք, Սահիդ Աթաբային: Վերջինս մի քանի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ է եղել, 15 տարի պիտի զնդաններում անցկացներ, բայց հիմա նույնպես վայելում է թշնամի պետության կողմից շնորհված ազատությունը ընտանիքի անդամների եւ համախոհների հետ միասին: Իսկ Հովի՞կը: Նա, այո, զենք կրել է, բայց Արցախում պաշտպանելով իր, մեր, Հայաստանի այսօրվա նախագահի հայրենիքը՝ վիրավորվել է, հաշմանդամ դարձել: Նա նույնպես դատապարտված է: Երեք տարի պետք է անցկացնի հայրենի (ոչ ադրբեջանական) զնդաններում՝ որսորդական հրացանի մի քանի «անօրինական» փամփուշտ տանը պահելու համար: Հովիկի անչափահաս երեխաները հնարավորություն ունեն ամիսը մեկ անգամ այցելել հայրիկին…

Հիմա ես փորձում եմ համեմատել Հայաստանի 76 քաղբանտարկյալներից յուրաքանչյուրին այն 200 զինյալ հրոսակայինների հետ՝ եւ համեմատության եզրեր չեմ գտնում: Չի ստացվում համեմատել: Ահաբեկիչ Մուհամադ աբու Ալիին ներում է շնորհում թշնամի պետության թշնամի նախագահը: Ստացվում է, ներում են շնորհում զոհերի հարազատները, հայրերը, որդիները, ընկերները: Սասուն Միքայելյանին, Ալեքսանդր Արզումանյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Հուսիկ Բաղդասարյանին, Աշոտ Զաքարյանին, մյուսներին անազատության մեջ է պահում հարազատ (ոչ թշնամի) պետության նախագահը: Ստացվում է, անազատության մեջ ենք պահում մենք բոլորս՝ պատգամավորներն ու մտավորականները, դատավորներն ու կուսակցական գործիչները, աստվածավախ վարչապետն ու անաստված դատախազները: Հաղթած պետության երջանիկ հպատակներս:

Հիմա ես փորձում եմ համեմատել Շիմոն Պերեսին եւ Սերժ Սարգսյանին: Իսրայելի նախագահին համաներման մասին խնդրանքը (պահանջը, առաջարկը՝ ինչպես կցանկանաք) ներկայացրել էր Պաղեստինյան ինքնավարության ժողովուրդը՝ ի դեմս տասնյակ կուսակցությունների եւ կազմակերպությունների, ի դեմս ինքնավարության ղեկավարի, որը, ի դեպ, հրեական պետության դեմ տասնյակ տարիներ զինված պայքարի մեջ էր: Հայաստանի նախագահին այդ խնդրանքը (պահանջը, առաջարկը՝ ինչպես կցանկանաք) ներկայացնում են երկրի հարյուր- հազարավոր օրինապաշտ քաղաքացիներ, պարտաճանաչ հարկատուներ: Միգուցե սխալվում եմ, նրանք ոչ այդքան օրինապաշտ են կամ պարտաճանաչ, բայց հաստատ զենքը ձեռքին սեփական պետության դեմ չեն պայքարել, Հայաստանը «աշխարհի քարտեզից ջնջել» չեն խոստացել: Ազատ արձակել քաղբանտարկյալներին՝ պահանջում են տասնյակ կուսակցություններ եւ կազմակերպություններ, եվրոպական կառույցների ղեկավարներ, Հայաստանի առաջին նախագահը, որը Մահմուդ Աբասը չէ, այլ Արցախը ազատագրելու տարիներին մեր բանակի Գերագույն գլխավոր հրամանատարը: Իսրայելում այդ պահանջը ընդունում եւ կատարում է պահանջողի թշնամին: Հայաստանում այդ պահանջը մերժում է պահանջողների երբեմնի զինակիցը, ստորադասը, պահանջողների եւ զնդաններ նետված տղաների սխրանքների շնորհիվ «հաջողության կատարին» բազմած գործիչը: Տեսնո՞ւմ եք, ինչ քաղաքական կամքի տեր է Հայաստանի ներկա նախագահը՝ կամազուրկ Պերեսի համեմատությամբ:

Միայն մի հարց է մնում, որի պատասխանը չեմ կարողանում գտնել: Շ. Պերեսը եւ Իսրայելի իշխանությունները հրեական պետության թշնամիների համաներումը պայմանավորում են երկու ժողովուրդների ապագա խաղաղ համակեցության տեսլականով: Ինչո՞վ է քաղաքական կամք դրսեւորած Ս. Սարգսյանը պայմանավորում Հայկական պետության արժանապատիվ քաղաքացիներին անազատության մեջ պահելը: Վախենամ, որ այդ հարցին չեն կարող պատասխանել նույնիսկ խորհրդարանի «մարտիմեկյան հանձնաժողովի» հարգարժան եւ բանիմաց անդամները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել