Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ԽԱԽՏՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Սեպտեմբեր 09,2008 00:00 Share

\"\"Մանրամասներ ԱԺ երեկվա նիստից

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որը կառավարությունը համարել էր անհետաձգելի՝ չի քննարկվի այս քառօրյայում: Հիշեցնենք, որ այս նախաձեռնության համաձայն՝ մինչեւ 2010-ի հուլիսի 20-ը չեն հայտարարվելու հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը, որը գլխադասային է նշանակվել այս օրինագծի համար՝ որեւէ եզրակացություն չի ներկայացրել այս նախաձեռնության վերաբերյալ, քանի որ չնայած այն կառավարությունը քննարկել էր օգոստոսի 28-ին, բայց ԱԺ է ուղարկել բավական ուշացումով՝ սեպտեմբերի 3-ին, եւ հանձնաժողովը բավարար ժամանակ չի ունեցել այն քննարկելու համար: Այս պատճառաբանությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը: Իսկ երեկ հանձնաժողովի նախագահ ընտրված Արմեն Աշոտյանը հայտարարեց, թե նախագծի հիմնավորումներն իր համար համոզիչ չեն:

Փոխարենը ԱԺ քառօրյայի օրակարգում է մեկ այլ նախագիծ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը փոփոխելու վերաբերյալ, ըստ որի՝ հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու ժամանակ եւ ընթացքում ՀՀ նախագահին, վարչապետին եւ նրանց լիազորած անձանց տրամադրել անսահմանափակ եթերաժամանակ: Նկատենք, որ մարտին հայտարարված արտակարգ դրության պայմաններում հեռուստառադիոընկերություններն առանց նման դրույթի էլ գործում էին հենց այդպես:

Եվ այս քառօրյայի օրակարգում են նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ոչ միայն 2007-ի, այլ նաեւ 2006-ի գործունեության վերաբերյալ հաղորդումները: ԱԺ-ն փաստորեն միայն 2 տարի անց ժամանակ գտավ այս արդեն ժամանակավրեպ քննարկման համար:

ԱԺ-ն երեկ 30 օրով հետաձգեց «Երեւանում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենքի քննարկումը, ըստ որի՝ Երեւանի քաղաքապետը պիտի ընտրվի Երեւանի ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, թե արդեն իսկ խախտել են հիմնական օրենքը. «2007-ի նոյեմբերին մենք արդեն պիտի ընդունած լինեինք օրենք Երեւան քաղաքի մասին, իսկ այժմ նորից հետաձգում ենք: Մենք ինչքա՞ն պիտի նպաստենք, որ անընդհատ խախտվի Սահմանադրությունը»: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ի պատասխան ասաց. «Այո՛, համաձայն եմ, որ սահմանված էր 2 տարի ժամկետ այս օրենքն ընդունելու համար: Իհարկե, լավ կլիներ՝ այդ ժամկետը պահպանվեր: Դրանից բացի՝ կա եւս 2 տարվա ժամկետ, ըստ այդ օրենքի ընտրություններ անցկացնելու եւ Երեւանի կառավարումը կազմակերպելու համար: Հուսանք, որ հաջորդ 2 տարին եւ գումարային 4 տարին՝ որպես ժամկետ, չեն խախտվի: Բայց այստեղ մենք այս պահին որեւէ անելիք չունենք, քանի որ նախագծի հեղինակը՝ կառավարությունը եւ գլխադասային հանձնաժողովը համաձայնության են եկել, որ նախագիծը պատրաստ չէ ԱԺ-ին 2-րդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելու համար»:

Երեկվա նիստի ընթացքում համալրվեց «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի կազմը, եւ Լյովա Խաչատրյանի փոխարեն, որը հրաժարական էր տվել՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվեց դարձյալ որեւէ խմբակցությունում չընդգրկված Սամվել Բալասանյանը: Ու թեեւ այս փոփոխությունը պիտի արվեր անկախ պատգամավորների առաջարկով՝ Բալասանյանի թեկնածությունն առաջադրեց հենց հանձնաժողովի նախագահ՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը:

Ի դեպ, այս բոլոր քվեարկությունները երեկ էլ ԱԺ-ում իրականացվեցին կեղծիքներով: «Ժառանգությունն» արձանագրեց, որ թեեւ դահլիճում ներկա էին 71 պատգամավորներ՝ սեղմվում էին 86-ի կոճակները: Լարիսա Ալավերդյանը կոճակ սեղմողներին անվանեց «դաշնակահարներ» եւ հայտարարեց. «Մեր շարքերում են պրոֆեսիոնալ խաբեբաներ»:

Օրենքների այսքան դրույթներ խախտած ԱԺ-ն սակայն խիստ օրինապաշտ է, երբ խնդիրն իշխանություններին ոչ հաճո նախաձեռնություններին է առնչվում: «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանն օգոստոսին ԱԺ 8 որոշումների նախագծեր էին դրել շրջանառության մեջ, որոնք վերաբերում են անձեռնմխելիությունից զրկված պատգամավորներին: Ըստ Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնության՝ նրանց իբրեւ մեղադրյալ ներգրավելու եւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության մասին որոշումները պիտի ճանաչվեն ուժը կորցրած: Իսկ ըստ Ստեփան Սաֆարյանի նախաձեռնության՝ այդ որոշումներում պիտի արվի փոփոխություն եւ հանվեն «եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու» բառերը: Ահա այս նախաձեռնությունները չներառվեցին ԱԺ օրակարգում, քանի որ դեռ չի լրացել կանոնակարգով սահմանված ժամկետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել