Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է ԽՈՅԻ ՆՇԱՆԻ ՏԱԿ

Սեպտեմբեր 09,2008 00:00 Share

ԱԺ նախագահը հրաժարականի դիմում չի գրել եւ երեկ ասաց, որ իր համբերությունը մեծ է, լրագրողներին էլ հորդորեց սպասել մինչեւ սեպտեմբերի 16-ը:

\"\"Ինչպես հայտնի է, ՀՀԿ գործադիր մարմինը շաբաթ օրը հետեւյալ որոշումն է կայացրել. «Առաջնորդվելով ՀՀԿ կանոնադրության 11.2 կետի 5-րդ մասով, քննարկելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, որոշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարումը համարել աննպատակահարմար»: Այնուհետեւ ՀՀԿ գործադիր մարմինը, առաջնորդվելով նույն ՀՀԿ կանոնադրությամբ, «որոշեց հավանություն տալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար»: Ըստ էության, բոլորը այս որոշումից եզրակացրել են, որ Տիգրան Թորոսյանը դե ֆակտո այլեւս Ազգային ժողովի նախագահ չէ: Բոլորը, բացի մեկ մարդուց, եւ այդ մեկը Տիգրան Թորոսյանն է: Խորհրդարանը երեկ ողջ օրվա ընթացում սպասում էր, որ ԱԺ նախագահը ուր որ է կներկայացնի իր զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու դիմում: Սակայն օրվա վերջում պարոն Թորոսյանը ոտքի վրա ճեպազրույց տվեց եւ հայտարարեց, որ հարկավոր է սպասել մինչեւ սեպտեմբերի 16-ը՝ ՀՀԿ խորհրդի նիստը: Կարճ ներկայացնեմ ճեպազրույցի ժամանակ «Առավոտի» հարցերին Տիգրան Թորոսյանի պատասխանները:

– Ձեր կուսակցության գործադիր մարմինը աննպատակահարմար է գտնում ձեր հետագա պաշտոնավարումը այս պաշտոնում, ինչպե՞ս կմեկնաբանեք այս որոշումը:

– Կարծում եմ, ձեզ համար պարզ է՝ ինչպիսին է եղել իմ դիրքորոշումը նիստի ժամանակ: Գործադիր մարմնի որոշումը ես չեմ ուզում մեկնաբանել, որովհետեւ նման որոշումները պետք է հաստատվեն կուսակցության խորհրդում, սա է ասում կանոնադրությունը, այդ մասին խոսվել է գործադիր մարմնի նիստում եւ առաջարկվել է խորհրդի նիստ հրավիրել սեպտեմբերի 16-ին, այնպես որ, սա է ընթացակարգը, ես կարծում եմ՝ իմաստ չունի մինչ այդ որեւէ բան մեկնաբանել:

– Ձեր գործընկերները երկու թիմի են բաժանվել, մի մասը կարծում է, թե դուք հրաժարականի դիմում կգրեք, մյուս մասը վստահ է, որ նման դիմում դուք չեք գրի, հիմա ասեք՝ մինչեւ սեպտեմբերի 16-ը դուք հրաժարականի դիմում ներկայացնելո՞ւ եք, թե՝ ոչ:

– Ես ասացի՝ որեւէ մեկնաբանություն անելու ցանկություն չունեմ՝ մինչեւ խորհրդի նիստը:

– Իսկ եթե խորհուրդը նույնպես որոշի, որ նպատակահարմար չի գտնում՝ հրաժարական կտա՞ք:

– Ես ասացի՝ կուսակցության աշխատանքը ունի իր ընթացակարգը, կավարտվի այդ ընթացակարգը, եւ ես կասեմ իմ կարծիքը, կմեկնաբանեմ:

-Այդ ընթացքում հնարավո՞ր է, որ հանրապետականը պառակտվի երկու թեւի:

– Բայց ես ասացի՝ ոչ մի մեկնաբանություն չեմ ուզում անել:

– Փաստորեն, մեկ անձ, մեկ Տիգրան Թորոսյան այսօր դեմ է դուրս գալիս մի ողջ կուսակցությա՞ն, ընդդիմանո՞ւմ եք ձեր կուսակցության որոշմանը:

– Բայց ես նման բան ասացի՞, նախ՝ կարող է խոսք լինել մարդկանց կարծիքների մասին, ես իմ տեսակետն ասել եմ, ես գործադիր մարմնի նիստում իմ մոտեցումները շարադրել եմ: (Լրագրողներն այստեղ հարցերը ընդհատեցին, Տիգրան Թորոսյանը քմծիծաղեց եւ ասաց. «Ես քիչ առաջ ասացի, որ համբերության մեծ պաշար ունեմ, ես չգիտեմ ձեւը, բայց պատրաստ եմ այդ համբերությունից ձեզ եւս փոխանցել»):

– Իսկ նախապես պայմանավորվածություն չի՞ եղել երկրի նախագահի հետ, որ դուք մեկ տարվա ընթացքում պետք է թողնեք այս պաշտոնը:

– Նախ, եթե այդպես լիներ՝ ես հիմա այստեղ չէի լինի, բայց բոլոր հարցերին, ասացի, կպատասխանեմ խորհրդի նիստից հետո:

«Առավոտը» այս համառ չպատասխաններից հետո պարզեց, որ Տիգրան Թորոսյանը կենդանակերպի նշանով Խոյ է:

Երկրի երկրորդ պաշտոնի շուրջ այս ամբողջ աղմուկի հանդեպ կոալիցիան բավականին հանդարտ է տրամադրված, քաղաքական ուժերը ձեռքերը «լվացել» են: Կոալիցիան ասելիք չունի, բոլորը միաձայն պնդում են, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը հանրապետականինն է, եւ այս կուսակցությունը ում կուզի՝ նրան էլ կտա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իրենք դեռ պաշտոնապես հրավիրված չեն կոալիցիայի նիստի, եւ այդ մասին որոշումը դեռ իրենց փոխանցված չէ: Հանրապետականների այս որոշման մասին դաշնակցականները իմացել են լրատվամիջոցներից. «ԱԺ նախագահի պաշտոնը ՀՀԿ-ի ներկայացուցիչը զբաղեցրել է համաձայն կոալիցիոն պայմանագրի, որը այս տեղը նախատեսել է Հանրապետականի համար, եւ փոփոխությունն էլ Հանրապետական կուսակցության գործն է»,- ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարը: «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. «Օրինաց երկիրը» դրական է վերաբերվում հանրապետականների որոշմանը. «Քաղաքական ուժն ինքն է որոշում իր քաղաքական նպատակահարմարությունները»: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ-ն հարգում է ՀՀԿ-ի քաղաքական որոշումը;

Գալուստ Սահականին հարցրինք՝ եթե, այնուամենայնիվ, Տիգրան Թորոսյանը հրաժարական չներկայացնի, Հանրապետականը կսկսի՞ պաշտոնանկության գործընթաց, պարոն Սահակյանը այսպես պատասխանեց. «Եթե»-ները այս պահին անհրաժեշտություն չեն, եւ կուսակցությունը կարող է իր որոշման տերը լինել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել