Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՆԹԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱ՞Լ ՉԷ

Սեպտեմբեր 09,2008 00:00

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 2-ից հացադուլ է անում՝ պահանջով, որ սովետական ժամանակաշրջանի քաղբանտարկյալներն իրեն ճանաչեն քաղբանտարկյալ. «Հայտարարությունս ուղղում եմ անվանական՝ առաջին հերթին Պարույր Հայրիկյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանին, ովքեր առիթ են ունեցել խոսելու մարտի 1-ի դեպքերի մասին, եւ միայն հետո՝ մյուսներին: Ժամանակին սովետական բանտերում դուք դիմել եք հացադուլի, որպեսզի ճանաչվեք քաղբանտարկյալ: Տականք բոլշեվիկներն ու չեկիստները չեն ճանաչել ձեր պահանջը: Հիմա ես ուզում եմ տեսնել, թե այդ հարցում դուք որքանո՞վ եք տարբերվում նրանցից»: Պարույր Հայրիկյանն արդեն իսկ հայտարարել է. «Ինձ համար կասկածից վեր է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է»: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, որը 1974-1984-ին ազատազրկված էր հակասովետական ագիտացիայի եւ պրոպագանդայի համար, «Առավոտի» հարցին՝ ընդունո՞ւմ է, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է՝ պատասխանեց. «Ես նախկինում էլ եմ ասել, թե մենք Հայաստանում չունենք քաղկալանավորներ, որ նրանք բոլորը կոնկրետ մեղադրանքներով են քննության տակ: Քննությունից հետո կպարզվի՝ կա՞ քաղկալանավոր, թե՞ չէ: Քաղկալանավոր ճանաչելն ինձնով չէ՝ պետությունը պետք է ճանաչի»: Մեր դիտարկմանը, թե ինքը վարվում է ճիշտ այնպես, ինչպես իրենց նկատմամբ՝ խորհրդային պետությունը, որը նույնպես չէր ընդունում, թե ունի քաղբանտարկյալներ՝ Ռազմիկ Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Խորհրդային Միության տարիներին մեզ նույնպես չեն ճանաչել քաղկալանավոր, քանի որ ԽՍՀՄ-ն այդպիսի օրենք էլ չուներ: Միջազգային կազմակերպություններն էին, որ ասում էին՝ այս մարդը դատապարտված է քաղաքական դրդապատճառներով: Իրականում դա այդպես էլ եղել է՝ ես պայքարել եմ Հայաստանի անկախության համար, եւ բնականաբար՝ դա քաղաքական գործընթաց, պայքար էր, եւ ես քաղկալանավոր էի՝ ինքնըստինքյան: Բայց Շանթ Հարությունյանն, ի՞նչ է, պայքարել է Հայաստանի անկախությա՞ն համար, թե՞ Հայաստանի դեմ: Այն գործողությունները, որոնց ինքը մասնակցել է՝ ես համարում եմ հակապետական: Ինչպե՞ս կարող եմ ես նրան ճանաչել քաղկալանավոր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել