Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի քաղաքացուն ոչինչ չեն հայտնել

Սեպտեմբեր 09,2008 00:00

Երեւանի ոստիկանության քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժանմունքում հարուցվել է քրգործ Վրեժ Եգորյանի

նկատմամբ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես

խոշոր չափերի խարդախություն:

Երեւանցի Վրեժ Եգորյանը, ըստ նախաքննության մարմնի ձեռք բերած ապացույցների, 2007թ. հոկտեմբերին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Սպահան քաղաքում ծանոթացել է իրանցի Ամին Ասկարի Ֆարահանիի հետ: Վրեժ Եգորյանը ներկայացել է որպես «Հավատք» հասարակական կազմակերպության տնօրեն: Իրանցին հավատացել է: Եգորյանն առաջարկել է համատեղ զբաղվել ձեռներեցությամբ: Ամինը, հավատալով Վրեժին, 2007թ. հոկտեմբերի 16-ին կնքել է պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի, ԻԻՀ Ջուլֆա քաղաքից Հայաստան պետք է ներմուծվեր 40.750 կգ սոխ (գործարքը հաստատվել է թիվ 866 հաշիվ-ապրանքագրով՝ ինվոյսով):

Արդեն Երեւանում, անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին, Վ. Եգորյանը 14.892 դոլարին համարժեք 40.750 կգ սոխ է ստանում Ամին Ֆարահանիից: Վերջինիս տալիս է իր ստորագրությամբ հաստատված մի ստացական: Վրեժը խոստացել էր վերոհիշյալ գումարը վերադարձնել 7 օրվա ընթացքում: «Տնօրենը» Ամինին տրամադրում է իր ստորագրությամբ հաստատված «Bank of America» բանկի թիվ 2053 բանկային կտրոնը: Եգորյանը «ցույց է տալիս», թե այդ բանկում իր անվամբ կա բացված հաշիվ, որի վրա «նստած» է իբր 13.131 դոլար: Միամիտ իրանցին «Հավատքի» «տնօրենին» հավատալով, վերցնում է այդ կտրոնն ու դիմում նշված բանկ՝ վաճառված սոխի դիմաց իր 13.131 դոլարը ստանալու նպատակով: Սակայն բանկում պարզվում է, որ Եգորյանի անվամբ հաշիվ երբեւիցե չի բացվել, չի եղել:

Անցյալ տարվա դեկտեմբերին, ըստ նախաքննության մարմնի, Վրեժը կրկին ժամանում է Իրան:

Այս անգամ Ամինից Վրեժը խնդրում է 20.000 դոլար՝ առաջարկելով նրա անունով ձեւակերպել իր «Շեւրոլետ SUBURBAN» մակնիշի 10 ԼՏ 722 պետհամարանիշի ավտոմեքենան: Ամինին Եգորյանը տրամադրում է ավտոմեքենայի ժամանակավոր գրանցման վկայականը: Սակայն այս տարվա փետրվարին, ըստ իրանցու ցուցմունքի, մայրաքաղաքի Անդրանիկի թաղամասում գտնվող «Վագաս» համալիրում Եգորյանը «բանգլադեշցի» Վրեժի, Ռաֆոյի, ոմն Արմանի ներկայությամբ Ամինից խլում է մեքենայի բանալին, փաստաթղթերը եւ հեռանում:

Վրեժը ԻԻՀ քաղաքացի Ամինից ընդհանուր առմամբ հափշտակել է 28.892 դոլար գումար: Ամինը, ըստ մեր աղբյուրի, դեռ չի ճանաչվել տուժող, իսկ Վրեժ Եգորյանի նկատմամբ ընտրված կալանքը փոխարինվել էր գրավով: Ըստ էության, չի վերականգնվել իրանցուն պատճառված նյութական վնասը:

Ամինին տուժող ճանաչելու հարցը, ըստ նախաքննությանը մոտ կանգնած աղբյուրի, ոստիկանության քննչական բաժանմունքի պատերից դուրս է եւ դրա պատասխանը ՀՀ դատախազության մուտքում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել