Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-Ն ԲԱՑ Է ԱՇԽԱՏՈՒՄ»

Սեպտեմբեր 10,2008 00:00

Երեկ «Հայացք» ակումբին հյուրընկալված ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանից լրագրողներն ուզում էին ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված ԱԺ նախագահի փոփոխության մտադրությունը՝ ինչո՞վ է վատ Տիգրան Թորոսյանը եւ ինչո՞վ է լավ Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ փոխնախագահը կոնկրետ պատասխաններ չտվեց: Միայն կրկնեց՝ կուսակցության գործադիր մարմինը որոշել է, եւ որոշումը պետք է կատարվի, քանզի դա են պահանջում կուսակցական կարգապահությունը եւ կանոնադրությունը: Պարոն Զոհրաբյանին խնդրեցինք ներկայացնել այն հիմնական հատկանիշները, որոնց հիման վրա գործադիր մարմինը նպատակահարմար է համարել Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնում տեսնելը: Ի պատասխան՝ ասաց. «Եթե ես սկսեմ թվարկել Հովիկ Աբրահամյանի արժանիքները, պիտի ասեք, որ հակադրում եմ Տիգրան Թորոսյանի արժանիքներին: Ասում եմ, որ մեր կուսակիցները՝ ե՛ւ Տիգրան Թորոսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ունեն արժանիքներ եւ արժանի են այդ պաշտոնին, պարզապես մեր կուսակցության կադրային քաղաքականության տակտիկան է դա»: «Առավոտը» փորձեց ճշտել «անդրկուլիսներում» հնչած որոշ կասկածներ՝ հնարավո՞ր է, որ Տիգրան Թորոսյանն այսօր դիտվում է որպես Ռ. Քոչարյանից մնացած ժառանգություն, այդ պատճառով նրանից փորձում են ազատվել, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ նման բան չկա, բոլոր հարցերի պատասխանները կտրվեն սեպտեմբերի 16-ին՝ ՀՀԿ խորհրդի նիստից հետո: Պատասխանելով հարցին՝ Տ. Թորոսյանին այլ պաշտոն տրվելո՞ւ է, Ռ. Զոհրաբյանն ասաց. «Տիգրան Թորոսյանն ունի մեծ փորձ՝ իրավաբանական, քաղաքական, ունի վաստակ, եւ մենք իր կարողությունները, իր ընդունակությունները մի տեղ պետք է օգտագործենք, կարծում եմ՝ այդպես էլ կլինի, բայց ինչ պաշտոն կառաջարկեն՝ հիմա չեմ կարող ասել»: Նաեւ հայտարարեց. «Կուսակցությունն իր կադրային քաղաքականությունն իրականացնում է ներքին խոհանոցում եւ պարտավոր չէ բոլոր մանրամասները տեղյակ պահել հանրությանը»: Անգամ ֆուտբոլից օրինակ բերեց. երբ թիմը հաղթում է՝ մարզիչը կարող է խաղացողին փոխել, եւ դա չի նշանակում, թե նա վատ էր խաղում. «Ա՛յ, նպատակահարմարությունը հենց դա է»,- եզրափակեց «հին» ՀՀԿ-ականը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել