Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆՏ»-Ն ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

Սեպտեմբեր 10,2008 00:00

ԲՀԿ խմբակցության անդամ Էռնեստ Սողոմոնյանը երեկ ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց, թե «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը» գտնվել են խղճուկ պայմաններում. «Թող բարի լինեին մարդիկ, որոնց ծառայում էին «ՆՏ»-ն ու «Ա1+»-ը՝ այն հսկայական գումարներից, որոնք ծախսում են մեր հասարակությունը պառակտելու համար, թող ծախսեին այդ լրագրողների աշխատանքային պայմանները, կենցաղը ապահովելու համար: Թող լավ տեխնիկա առնեին, որ այդ ԶԼՄ-ները կարողանան պատշաճ ներկայանալ մրցույթներին»: Նույն միտքը արտահայտեց նաեւ նախարար Ներսես Երիցյանը՝ պնդելով, թե ընդդիմությունը պետք է լուծի այդ հեռուստաընկերությունների տեխնիկական հագեցման խնդիրները. «Առնվազն բանկային հաշիվներով կամ թափանցիկ հրապարակած հաշվետվություններով չենք տեսնում, թե ինչ փողեր ունեն էդ մարդիկ՝ ներդրումներ իրականացնելու համար: Թերեւս էս հարցերը առաջինը որ լուծեն՝ շատ ավելի լուրջ կլիներ ընդդիմության արգումենտը»: «ՆՏ»-ն ի պատասխան այս ելույթների՝ երեկ հայտարարել է, որ իր գոյության 17 տարիների ընթացքում երբեւէ չի սպասարկել որեւէ քաղաքական ուժի. «Ինչ վերաբերում է հեռուստաընկերության տեխնիկական զինվածության հարցին, ապա մրցույթների ժամանակաշրջանում «ՆՏ»-ի տեխնիկական զինվածությունը չէր զիջում այն ժամանակ նույն մրցույթներում լիցենզիա ստացած այլ հեռուստաընկերությունների տեխնիկական զինվածությանը: Հարգարժան պարոն նախարարը, ըստ երեւույթին, տեղյակ չէ վերոհիշյալի մասին: Իսկ հեռուստաընկերությունների տեխնիկական ֆինանսավորումը այս կամ այն քաղաքական ուժերի խնդիրը համարելով (հարգարժան պրն նախարարը, ըստ երեւույթին, տեղյակ չէ նաեւ, որ դա արգելվում է ՀՀ օրենքով) եւ բաժանելով հեռուստաընկերությունները «յուրայինների» եւ «ընդդիմադիրների», փաստորեն խոստովանում է, որ հեռուստաընկերություններին լիցենզիա տրամադրելու հարցը լուծվել է ոչ թե արդար մրցույթի պայմաններում, այլ իշխանությունների քաղաքական որոշման արդյունքում»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել