Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչն՝ ընդդեմ ոստիկանների

Սեպտեմբեր 10,2008 00:00

Ճանապարհային ոստիկանության կազմած վարչական ակտերն իրարից տարբերվում էին

ՀՀ վարչական դատարանում, Տիգրան Մուկուչյանի նախագահությամբ, նախորդ ուրբաթ սկսվեց ՀՀ ճանապարհային ոստիկանության դեմ բերված՝ նախկին դատավոր, ներկայումս ՀՀ կառավարության պետեկամուտների կոմիտեի ավագ քննիչ Գագիկ Խաչատրյանի հայցի քննությունը: Նա ներկայացնում էր իր որդու՝ Արթուրի շահերը: Հունիսի 13-ին ճանապարհային ոստիկանների կողմից Ալավերդի քաղաքի գերեզմանոցի մոտ «տեսուչի օրինական պահանջներին չենթարկվելու համար»՝ նրա որդին տուգանվել է 200 հազար դրամով:

Ըստ ճանապարհային ոստիկանների, իրենք, նկատելով, որ Ա. Խաչատրյանը ամրագոտի չունի, կանգնեցրել են նրա մեքենան, իսկ Խաչատրյանը չի կանգնել: Վերջինս պնդում է, որ չի նկատել: Թումանյան քաղաքում ոստիկանները կարողացել են հասնել եւ կտրել վարորդի ճանապարհը: Սակայն, ըստ հայցվորի, ոստիկաններն իրենք են մի շարք խախտումներ կատարել:

Գ. Խաչատրյանը դատարանին ցույց տվեց ոստիկանների կողմից վարորդի խախտումների մասին այն որոշումը, որտեղ նշված էր, թե իր որդին «չի ենթարկվել կանգառ ազդանշանին»: Վարչական մեկ այլ ակտում՝ վարչական իրավախախտման վերաբերյալ ոստիկանների կազմած արձանագրության մեջ գրված էր. «Նպատակաուղղված ծառայության ժամանակ վարորդը չի ենթարկվել տեսուչի «կանգառ» ազդանշանին»: Ըստ հայցվորի՝ թե արձանագրության, թե ակտի, թե որոշման բովանդակությունը պետք է մեկը լիներ, քանի որ յուրաքանչյուր իրավախախտում ենթադրում է տարբեր պատիժներ: Մասնավորապես, տեսուչի օրինական պահանջին չենթարկվելն այլ տուգանք կամ պատիժ է ենթադրում, «կանգառ» ազդանշանին չենթարկվելը՝ այլ, ամրագոտի չունենալը՝ այլ:

Կար նաեւ մեկ այլ նրբություն: Ըստ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» գործող օրենքի 17 հոդվածի, ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանության ծառայողը կարող է տրանսպորտային միջոցը կանգնեցնել ՀՀ ոստիկանության պետի կամ նրան փոխարինող անձի կողմից հատուկ միջոցառումներ անցկացնելիս: Նշենք, որ ճանապարհային ոստիկանների կողմից հանդես եկող փաստաբանը՝ վարորդների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախկին իրավաբան Ժիրայր Կարապետյանը, ներկայացրեց ոչ թե ոստիկանապետի կամ նրան համազոր անձի հրամանը, այլ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին եւ 2-րդ դասակների երթուղիների տեղաբաշխման գրաֆիկը: Ավելին, նա ակնարկեց, թե Խաչատրյանների դեմ ճանապարհային ոստիկանության կողմից 9 հայց կա: Այս կապակցությամբ Գ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ ակնարկված 2 հայցն իրենց օգտին է լուծվել, 6-ն էլ՝ 250000 դրամի պահանջի մասին, դեռ դատարանում է:

Ըստ դատարան եկած տեսուչ Աշոտ Շեկոյանի, ինքը կանգնեցրել է մեծ արագությամբ, առանց ամրագոտու սլացող մեքենան, բարձրացրել է ցուցափայտը, սուլիչով զգուշացրել, սակայն վարորդը չի ենթարկվել: Դատավորի հարցին, թե արագությունը որքա՞ն էր, նա պատասխանեց՝ աչքաչափով են որոշել:

Ի դեպ, պապենական եղանակով՝ «հո» ասելով է ճշտվել վարորդի խմածության աստիճանը: Պապենականով՝ վարորդը խմած չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել