Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 10,2008 00:00

Կիսաեզրափակիչ չմտավ

Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում ընթացող շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում որոշվեցին կիսաեզրափակիչի մասնակիցները: Ավաղ, Լիլիթ Մկրտչյանին չհաջողվեց մտնել չորս լավագույնների մեջ: Հայ շախմատիստուհին 1/4 եզրափակիչի երկու պարտիաներում 0,5:1,5 հաշվով պարտվեց չինացի Հու Յիֆանին ու դադարեցրեց պայքարը: Այդուհանդերձ, հայ շախմատիստուհու մրցելույթը Նալչիկում միանգամայն գոհացնող է:

Երկրորդ պարտությունը Կարլսենից

Բիլբաոյում շարունակվում է շախմատի 22-րդ կարգի «Final Chess Masters» անվանումը կրող գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերները: Լեւոն Արոնյանը առաջին շրջանն ավարտեց 3-րդ տեղով (6,0 միավոր): Մեկնարկային պարտիայում տանուլ տալով Մագնուս Կարլսենին՝ Լեւոնն այնուհետեւ ոչ-ոքի արեց Վեսելին Տոպալովի, Վիշվանաթան Անանդի, Թեյմուր Ռաջաբովի հետ եւ առավելության հասավ իր ավանդական անհարմար մրցակից Վասիլի Իվանչուկի նկատմամբ:

Մեկօրյա հանգստից հետո գրոսմայստերները վերսկսել են պայքարը: Ու կրկին հայ շախմատիստն անհաջող հանդես եկավ Կարլսենի հետ խաղում՝ նույն մրցաշարում երկու անգամ զիջելով նրան: Բայց կարեւոր միավորի կորստից հետո էլ նա մրցաշարային աղյուսակում պահպանեց իր տեղը:

Երեկ 7-րդ տուրի օրն էր: Արոնյանը խաղում էր Տոպալովի, Կարլսենը՝ Իվանչուկի, իսկ Ռաջաբովը՝ Անանդի հետ:

Երկուսն էլ մեկնեցին

\"\"Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, համապատասխանաբար, մեկնեցին Իսպանիա եւ Թուրքիա:

Ազգային հավաքականը Յան Պոուլսենի գլխավորությամբ սեպտեմբերի 10-ին Ալբասետե քաղաքի «Կառլոս Բելմոնտե» ստադիոնում աշխարհի գավաթի ընտրական փուլում ուժերն է չափելու Իսպանիայի ընտրանու հետ, իսկ Վարուժան Սուքիասյանի սաներն այսօր Ստամբուլի «Ալի Սամի Յեն» ստադիոնում «Եվրո-2009»-ի ընտրական փուլի պատասխան հանդիպումն են անցկացնելու Թուրքիայի իրենց հասակակիցների հետ, որոնց մի քանի օր առաջ սեփական հարկի տակ կամային պայքարում հաղթել էին 2:1 հաշվով:

«Մենք պարտավոր ենք հաղթել Հայաստանի պես թիմերին»

Անդրադառնալով Իսպանիա-Հայաստան հանդիպմանը՝ այսպես է արտահայտվել իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:

«Մենք Եվրոպայի չեմպիոնն ենք եւ մեր մրցակիցները դրան համապատասխան են տրամադրվում կայանալիք խաղին, սակայն ես վստահում եմ իմ թիմին,- լրատվամիջոցներին հայտարարել է նա:- Կարեւոր է, որպեսզի խաղանք նույնքան կենտրոնացած ու նպատակադրված, որքան Բոսնիայի հետ: Իսպանիան ունի այնքան բարձրակարգ ֆուտբոլիստներ, որպեսզի այսպիսի հանդիպումներում հաղթի»:

Աբրահամը պատրաստ է գոտու պաշտպանությանը

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն օրերս Բեռլինում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, թե պատրաստ է հոկտեմբերի 4-ին նշանակված իր գոտու պաշտպանության մենամարտին: Այդ օրը ռինգում նրա մրցակիցը լինելու է 37-ամյա մեքսիկացի Ռաուլ Մարկեսը, որը պարտադիր հավակնորդ լինելու իրավունքը նվաճել է հունիսի 21-ին, նույն օրն ու նույն վայրում, որտեղ Արթուրը չորրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց կոլումբիացի Էդիսոն Միրանդային:

«Մարկեսը շատ փորձառու եւ վտանգավոր բռնցքամարտիկ է: Ես տրամադրվում եմ 12 ռաունդանոց ծանր մարտի, բայց եթե հնարավորություն ընձեռվի՝ կաշխատեմ հաղթել նոկաուտով,- հայտարարել է 28-ամյա չեմպիոնը:- Ես չկարողացա անձամբ նայել նրա վերջին մենամարտը, քանի որ պատրաստվում էի իմ ռինգ մտնելուն: Բայց դիտել եմ տեսագրությունը եւ մարզչիս հետ վերլուծել: Ես գիտեմ Մարկեսի ուժեղ կողմերը եւ պատրաստ եմ մարտին»: Իսկ Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները նշել է, որ չնայած տարիքին, Մարկեսին թերագնահատել չի կարելի: «Արթուրը միշտ պետք է զգոն լինի: Նախապատրաստությունը շատ լավ է ընթանում: Հաղթանակները ռինգում Արթուրին օգնել են հասունանալ: Նրա վերաբերմունքը մարզումային գործընթացին՝ կատարյալ է»,- եզրափակել է մարզիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել