Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է վերագտնել համերաշխությունը

Սեպտեմբեր 19,2008 00:00

\"\"Արթուր Բաղդասարյանը փառաբանեց Սերժ Սարգսյանին եւ լուտանքներ տեղաց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին:

«Ձեւավորված է կուռ քաղաքական թիմ, որն ի վիճակի է երկրում իրականացնել համարձակ, հավակնոտ բարեփոխումներ՝ պետական-հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Ի դեմս Ս. Սարգսյանի՝ մենք ունենք փորձաշատ եւ հավասարակշռված երկրի ղեկավար, թիմային աշխատանքի հակված առաջնորդ եւ մարդկային հարաբերություններում շատ լավ ընկեր: Շուտով տեսանելի կլինի համակարգային բարեփոխումների իրականացումը ոչ թե կիսատ-պռատ՝ ում խելքին ինչ փչի սկզբունքների հաշվառմամբ, այլ հստակ հայեցակարգային մոտեցումներով»,- երեկ ՀՀ նախագահականում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով դեռեւս փետրվարի 19-ի ընտրություններից առաջ քննադատում էր Ս. Սարգսյանի քաղաքական կուրսը: Ավելի ուշ ԱԱԽ քարտուղարը հավելեց. «Կոալիցիայում արձանագրված դրույթները դառնում են իրականություն: 4 տարի հետո կձերբազատվենք աղետի գոտի հասկացությունից, քանի որ կա նախագահի հստակ հանձնարարականը, եւ մենք ուշիուշով հետեւելու ենք այդ գործընթացներին, որպեսզի, իրո՛ք, այս կարեւորագույն խնդիրը ստանա իր լուծումը: Մյուս կարեւոր քաղաքական առաջնահերթությունը, որ տեսանելի է դառնում երկրում, լինելու է կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ համակարգված պայքարը…: Ես կարծում եմ, որ պետք է կարողանանք երկրում վերագտնել համերաշխության, հանդուրժողականության ոգին եւ մեր երկիրը տանել առաջընթացի ու զարգացումների ճանապարհով: ՀՀ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին անվտանգության ոլորտում նույնպես իրականացվում են լուրջ քայլեր, ծրագրեր եւ առաջիկայում ականատես կլինենք դատական, իրավապահ համակարգերի, ինչպես նաեւ արտաքին անվտանգության ոլորտի բարեփոխումներին»:

Լրագրողներից մեկի հարցը վերաբերում էր մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին եւ ոստիկանների գործողություններին, որին ԱԱԽ քարտուղարը պատասխանեց. «Մարտի 1»-ի վերաբերյալ ես իմ հրապարակային դիրքորոշումը հայտնել եմ: Կարող եմ մեկ անգամ էլ կրկնել: Կուտակված չարության, ատելության պոռթկումը չէր կարող ընթանալ բարի հունով: Դա բերելու էր անցանկալի զարգացումների: Այդ մասին հայտարարել եմ նաեւ մարտի 1-ից առաջ: Ինչ վերաբերում է «Մարտի 1»-ի քրեական գործի ընթացքին, ի պաշտոնե քաջատեղյակ եմ եւ ուզում եմ ասել, որ եղել է գլխավոր դատախազի մամուլի ասուլիսը: Նա հստակ ներկայացրել է, որ քրեական գործի նախաքննությունն ավարտված է բոլոր դրվագներով: Թե ինչպիսի՞ հանգամանքներում են մարդիկ զոհվել, այսօր այդ խնդիրներով զբաղվում են ե՛ւ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, ե՛ւ իրավապահ մարմինները: Եվ վստահ եմ, որ այդ ուղղությամբ առաջիկայում եւս որոշակի պարզաբանումներ համապատասխան մարմինների կողմից կլինեն: Ավելին՝ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար պարոն Համմարբերգերի առաջարկությամբ ստեղծման գործընթացում է գտնվում փաստահավաք առաքելության խումբը, որը կլինի անկախ մանդատով օժտված կառույց, եւ հնարավորություն կունենա լրացուցիչ անգամ, հանրային վերահսկողության պայմաններում մոնիտորինգ իրականացնել եւ փաստեր հավաքել: Ես գտնում եմ, որ ատելությունը քաղաքական ճանապարհի ուղեկիցը չէ: Այսօր էլ տեսնում ենք զազրախոսություն, բացահայտ սուտ, կեղծիք՝ որոշ լրատվամիջոցների կողմից: Ես դա կհամարեի թուլության նշան: Պետք չէ չարությամբ խնդիրներ լուծել, չարությունը միշտ տանում է պարտության»: Ա. Բաղդասարյանին լրագրողները հիշեցրին նաեւ ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ իշխանության լծակների վերաբաժանման գործընթացի արդյունքում իշխանական բուրգը ճաքեր է տալիս: «Լեւոն Տեր-Պետրոսյանի ինչպես այդ պնդումը, այնպես նաեւ բազմաթիվ այլ պնդումներ իրականության հետ որեւէ առնչություն չունեն: Լեւոն Տեր-Պետրոսյանն ունի առաջ գնալու մի կարգախոս՝ դա չարությունն է, մարդկանց անվանարկելը: ՀՀ-ում այսօր իշխանության համակարգն առավել կուռ է եւ միասնական, նույն Տեր-Պետրոսյանի կազմակերպած վերջին 3 հանրահավաքների դինամիկան, այդ թվում՝ արտոնված հանրահավաքները, ցույց են տալիս, որ դրանց մասնակցող մարդկանց թիվը ամեն անգամ կրճատվում է, որը փաստ է: Դրա հետ այդ մարդիկ պետք է հաշվի նստեն: Այդ հրապարակներում հնչեցված կոչերի բովանդակության ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ մարդիկ ոչ մի նոր բան չեն ասում, որը կարելի է հրամցնել հանրությանը: Նրա տված գնահատականները համարում եմ անհիմն: Եթե Լ. Տեր-Պետրոսյանը ծրագրով, գաղափարով է դուրս եկել հրապարակային քաղաքական դաշտ, նա պետք է հետամուտ լինի, որ այդ ծրագրերը դառնան իրականություն»,- պատասխանեց Ա. Բաղդասարյանը:

Վերջինս հայտնեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի երկու հրամանագրերով հաստատվել են ԱԱԽ-ի եւ նրա աշխատակազմի կանոնադրությունները, լիազորությունները: Ըստ որի՝ ԱԱԽ-ն իրականացնելու է ՀՀ ազգային անվտանգության եւ ազգային շահերի պաշտպանությանն առնչվող ներքին, արտաքին, քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական եւ այլ բնագավառներում առկա հիմնախնդիրների վերհանումը, նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպումը եւ համապատասխան որոշումների ընդունումը: Նկատենք, որ Ա. Բաղդասարյանը որեւէ կերպ չանդրադարձավ, թե երկրի անվտանգության հայեցակարգերն իրականացնելու ճանապարհին ինչպես են բավարարելու ընդդիմության օրվա պահանջները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել