Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՍ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՆԱ ՎՍՏԱՀ Է

Սեպտեմբեր 24,2008 00:00

\"\"ՀՅԴ Բյուրոյի անդամ, խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ ղարաբաղցիների հավաքական տեսակետը չի փոխվի:

«Համոզված եմ, որ գոնե մոտ ժամանակներս, ինչ էլ լինի, ցանկացած հանրաքվե միայն մի արդյունք կունենա՝ ղարաբաղցիները չեն ցանկանա լինել Ադրբեջանի կազմում»,- ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շաբաթավերջին մի խումբ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցներն անմիջապես տարածեցին նշված հանդիպման ժամանակ BBC գործակալության ադրբեջանական ծառայության թղթակցի հարցերին պատասխանից մի հատված, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Սերժ Սարգսյանն իբր ասել է. «Առաջարկել եմ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիեւին, որպեսզի նա փորձի այս ժամանակաշրջանում ներդրումներ կատարել Ղարաբաղում, ցույց տալ ղարաբաղցիներին, որ ադրբեջանցիները խիստ շահագրգռված են Ղարաբաղի բարեկեցիկ եւ անվտանգ կյանքով, ապագայով, որից հետո միգուցե հանրաքվեի ժամանակ ղարաբաղցիները կցանկանան ապրել Ադրբեջանի կազմում»: Հետո եղավ հերքում, թե խոսքը ներկայացվել է կոնտեքստից դուրս: «Ամեն դեպքում, թեկուզ ենթատեքստում, նման բան ասվել է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով»,- այս հարցով դիմեցինք ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին:

– Տեսեք, վրացիները երբեք չեն խուսափել բանակցել իրենց անջատված ռեգիոնների ղեկավարության հետ: Բանակցել եւ ունեցել են ուղղակի շփումներ ե՛ւ Սուխումի, ե՛ւ Ցխենվալիի հետ: Որովհետեւ, եթե պնդում ես, թե դա քո տարածքն է եւ քո քաղաքացիներն են, ուրեմն, պետք է նրանց հետ ուղիղ շփումից չխուսափես: Ադրբեջանը դա երբեք չի արել, եւ ես միջազգային կազմակերպություններում կամ արտասահմանյան ներկայացուցիչների հետ հանդիպելիս հաճախ ներկայացնում էի վրացիների այս վարվելակերպը՝ որպես օրինակ Ադրբեջանին, հուսով, որ նրա անհանդուրժողական դիրքը Ղարաբաղի նկատմամբ կփոխվի: Կարծում եմ, որ ՀՀ նախագահն այլ կերպ է փորձել արտահայտել այս միտքը: Վստահ եմ, որ ոչ մի պարագայում, անգամ՝ ամենաճոխ ներդրումների պարագայում ղարաբաղցիների հավաքական տեսակետն իրենց անկախության վերաբերյալ չի փոխվի, վստահ եմ նաեւ, որ սրանում վստահ է մեր նախագահը: Ընդհանուր զարգացումների մասին կուզեի խոսել: Այսօր Թուրքիան ամեն կերպ փորձում է միջնորդի եւ հաշտարարի դեր ստանձնել տարածաշրջանում՝ համաձայնեցնելով իր դիրքը Ռուսաստանի հետ: Որքան էլ մեր պաշտոնյաներն ասեն, թե միջնորդ լինելն օգնելուց տարբեր բան է, իրականում այնքան էլ տարբեր չէ, եւ մենք մտահոգություն ունենք: Ինքնին կայունության եւ անվտանգության պլատֆորմին կարելի է դրական վերաբերվել՝ անկախ դրա հեղինակներից, մի պարագայում, եթե հաշվի առնվի, որ մեր տարածաշրջանում կա ոչ թե 3 երկիր, այլ՝ 6 պետական կազմավորում: Ես համարում եմ, որ եթե նման ձեւաչափ պետք է ստեղծվի, ապա պետք է լինի 3+3, այսինքն՝ երեք ինքնահռչակված պետությունները՝ Ղարաբաղը, Աբխազիան եւ Օսեթիան, անկախ նրանից, թե որին ով է ճանաչել, եւ 3 ՄԱԿ-ի անդամ պետությունները՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Միայն այս պարագայում հնարավոր կդառնա նման կայունության պլատֆորմի իրական ստեղծումը: Եթե պիտի դրսից մեր հարեւանները եւս մասնակցեն այս պլատֆորմին, ապա դա կարող են լինել ՌԴ-ն, Իրանը, նաեւ՝ Թուրքիան, եթե ցանկանում է անաչառ եւ անկողմնակալ դառնալ, բայց մի պարագայում՝ եթե այն երեք փոքրերն էլ մասնակցեն:

– Համաձայնեք, որ արտաքին քաղաքականության որոշ հարցերում, թեկուզ՝ քարոզչության, մենք տանուլ ենք տալիս: Թուրքական եւ ադրբեջանական կողմից հնչող ինչ-ինչ տեղեկություններ մերոնք կարծես «ալարում» են հերքել:

– Աշխարհը ղեկավարում է PR-ը, այն գործիքը, որը մեզ մոտ, ցավոք սրտի, կամ չկա, կամ շատ թույլ է:

– Հնարավո՞ր է, որ առաջիկայում կոալիցիոն ուժերը հանդես գան հայտարարությամբ, որում հստակ եւ կոնկրետ կներկայացվի ԼՂ հարցի կարգավորման ընթացքն այս փուլում:

– Անկեղծ ասած, ես նոր եմ տեղեկացել այս հայտարարությանը, կարծում եմ, այո, սա քննարկման առիթ է, բայց՝ ոչ խուճապի:

Հ. Գ. «ՀՀ նախագահի հարցազրույցի՝ ձեր ուշադրությանն արժանացած դրվագը ակնհայտորեն դիվանագիտական եւ, ըստ իս, քաղաքական սարկազմի դրսեւորում է, որի իմաստը հետեւյալն է՝ Ադրբեջանի ղեկավարություն, եթե դուք իրապես գտնում էիք, որ ԼՂ-ն ձեր տարածքն է, իսկ բնակիչները ձեր քաղաքացիներն են, ապա հետաքրքրվեիք Ղարաբաղի ժողովրդով։ Մինչդեռ Ադրբեջանը ոչ միայն չի նպաստել, այլեւ ակնհայտորեն խոչընդոտել է ԼՂ տնտեսության զարգացմանը՝ օրինակ, խոչընդոտելով արտերկրի կազմակերպությունների գործունեությանը, որոնք բիզնես հետաքրքրություններ ունեին Ղարաբաղում։ Պետք չէ քաղաքական սարկազմը դարձնել քաղաքական շահարկման թեմա: Նախագահը քանիցս շատ հստակ նշել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորման միակ եւ ընդունելի տարբերակը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի անխախտելիությունն է»,- երեկ ԲՀԿ տեսակետը «Առավոտ»-ին փոխանցեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել