Լրահոս
Օրվա լրահոսը

Կամսարականի բողոքն ընդունվել է վարույթ

Սեպտեմբեր 27,2008 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովին է դիմել Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը:

Ըստ վերջինիս, օգոստոսի 16-ին Ռուսաստանի Դաշնության «ՌՏՌ Պլանետա» հեռուստաալիքը առավոտյան լուրերի վերջում տեղեկացրել է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 9:30, 17:30, 21:30 եւ 1:30-ին կցուցադրվի Հարավային Օսեթիայի դեպքերին վերաբերող փաստավավերագրական ֆիլմ:

Հայաստանում այն չհեռարձակվեց: Փոխարենը տրվեցին այլ ռուսական հաղորդումներ: Հաջորդ օրը ժամը 10.30-ին «PTP Պլանետա» եւ «Կուլտուրա» հեռուստաալիքները հեռարձակում էին այդ ֆիլմը: «Կարողացանք դիտել 10-15 րոպե, քանի որ ֆիլմն ընդհատվեց հայերեն գովազդի «ուշադրություն» գոռոցով: Տեղափոխվեցինք «Կուլտուրա» ալիք, դա էլ 5 րոպե հետո ընդհատեցին, փոխարինելով այլ հաղորդումով»,- հավելում է Ս. Կամսարականը:

Նախկին հանրապետականը հիշեցնում է, որ ՀՀ ամբողջ ժողովրդի իրավունքների նկատմամբ աննախադեպ լկտիության այս դրսեւորումը, ավելի ճիշտ՝ զանգվածային ազդեցության սույն հանցագործությունը նոր երեւույթ չէ մեր հանրապետությունում: «Դեռ տարեսկզբին կատարվում էր նույնը, կրելով՝ մարդկանց թյուրիմացության մեջ գցելու, բառիս բուն իմաստով ձեռ առնելու, տեղեկատվությունները թաքցնելու եւ ապատեղեկացնելու ձեռագիրը: Հեռարձակումը սկսելով Երեւանի ժամանակով ժամը 9-ին, ներկայացվում էր «PTP Պլանետա» հեռուստաալիքի ժամը 6-ի հաղորդումը, այն էլ միջազգային֊քաղաքական լուրերի բացակայությամբ (հարցական է մնացել՝ հանո՞ւմ էին այդ լուրերը, թե՞ այդ ժամին դրանք բացակայում էին): Այդ խեղաթյուրումը արվում էր այնքան փնթի, որ մոտ մեկ ամիս հեռուստաէկրանի անկյունում երեւում էր մոսկովյան ժամանակը»,- գրում է Ս. Կամսարականը: Ըստ տնօրենի, «ՀՀ-ում գործում է բարձր կազմակերպվածության ու մակարդակի լրատվական-դիվերսիոն խումբ, որը զբաղված է մեր երկրի ամբողջ բնակչության ուղեղների «լվացումով»:

Վերջինս ՀՀ նախագահից ակնկալում է անմիջական հսկողության տակ առնել «աննախադեպ այս հանցագործությունը կատարողներին», բացահայտել պատվիրողներին եւ պատասխանատվության ենթարկել ամբողջ գործընթացը: Ի դեպ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը որոշում է կայացրել՝ բողոքը քննարկման ընդունելու մասին: ՀՌԱՀ նախագահ Գ. Ամալյանը, ընդունելով դիմումը, մտադիր է սեպտեմբերի 29-ին քննության առնել ահազանգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել