Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՀԱՄԱՐ

Հոկտեմբեր 04,2008 00:00

\"\"Իրանական եւ հյուսիսկորեական սպառնալիքների կողքին հայտնվել է եւս մեկը՝ չինականը

Դատելով ԱՄՆ Պետդեպարտամենտի վերջերս պատրաստած մի զեկույցից, որի հիմնական դրույթները հայտնվել են Washimgton Times-ի էջերում, Միացյալ Նահանգները մտահոգված է ոչ միայն Ռուսաստանի աճող միլիտարիստական ամբիցիաներով ու իրանական եւ հյուսիսկորեական միջուկային ծրագրերով, այլեւ Չինաստանի սպառազինման ծավալներով: «Միացյալ Նահանգները պետք է հակահրթիռային պաշտպանության գերժամանակակից համակարգեր ստեղծի՝ զսպելու եւ հակակշռելու համար Չինաստանի կողմից միջուկային եւ սովորական զենքերի կուտակման հետեւողական գործընթացը»,- նշված է Պետդեպի պատրաստած փաստաթղթում:

Նկատենք, որ ԱՄՆ-ի պաշտպանական դոկտրինն արձանագրում է միայն Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հեռահար հրթիռներից պաշտպանվելու անհրաժեշտությունը: Փաստորեն, վերջին տարիների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ երկրի իրավասու կառուցը պաշտոնապես առաջարկում է կանխիչ միջոցառումներ իրականացնել նաեւ Չինաստանի հանդեպ:

Զեկույցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Չինաստանի սպառազինման ծավալները վաղուց արդեն գերազանցել են այն մակարդակը, որն անհրաժեշտ է վիճելի Թայվան կղզին ետ նվաճելու համար: Ըստ այդմ, Վաշինգտոնում արդեն սկսել են լրջորեն անհանգստանալ Պեկինի «վերռեգիոնալ» հավակնություններից: Մի քանի էական մանրամասն եւս: Փաստաթուղթը հետեւյալ կերպ է մեկնաբանում Չինաստանում առկա տնտեսական աշխուժությունը. «Ոչ պակաս, քան 10%-ի հասնող տնտեսական աճի տեմպերի հետագա պահպանումը կենսականորեն անհրաժեշտ է այդ երկրին, որ նա կարողանա շարունակել մրցակցել ԱՄՆ-ի հետ, իսկ երկրում պահպանել ներկայիս ռեժիմը: Ներկայումս Չինաստանն իրականացնում է արդյունաբերական եւ ռազմական լայնածավալ շպիոնաժ՝ ուղղված ժամանակակից տեխնոլոգիաները տիրապետելուն: Նշված բոլոր ուղղություններով Չինաստանի սրընթաց եւ համընդգրկուն առաջընթացը լուրջ սպառնալիքներ է առաջացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար, մինչդեռ Վաշինգտոնում դեռեւս չկա այդ իրողության համարժեք գիտակցումը»:

Ապա, իբրեւ անհրաժեշտ հակամիջոց, Պետդեպի վերլուծաբանները հիշյալ փաստաթղթում առաջարկում են ինչպես հակահրթիռային պաշտպանության, այնպես էլ տիեզերական ոլորտը (որտեղ ԱՄՆ-ն ունի անվիճելի առավելություն) ընդգրկող նորագույն ռազմավարական համակարգերի ստեղծման միջոցով խանգարել Չինաստանին իր հեռուն գնացող նպատակների իրականացման մեջ: Իսկ որ Չինաստանն ունի այդպիսի նպատակներ, այդ մասին մասնավորեցվում է հետեւյալ ձեւակերպման մեջ. «Չինաստանի աչքում Թայվանն ընդամենը այն բանալին է, որի միջոցով նա փորձում է տարածաշրջանային գերտերության իր կարգավիճակից անցում կատարել համաշխարհային գերտերության կարգավիճակի: Նվաճելով Թայվանը, Չինաստանն արդեն կկարողանա վերահսկողության տակ վերցնել եզերող ջրային տարածքներն ու իր ազդեցությունն ավելի հեռուն տարածել դեպի Արեւելք»:

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության պաշտոնական ներկայացուցիչն արդեն արձագանքել է ամերիկյան մամուլի էջերում հայտնված այս զեկույցին, մասնավորապես՝ նշելով, որ իր երկրում իրականացվող շուրջ երեսնամյա բարեփոխումների արդյունքում Չինաստանը «միանգամայն բնական ճանապարհով դարձել է ավելի հզոր ու, հետեւաբար, աճել է նաեւ նրա ազդեցությունը գլոբալ քաղաքականության վրա»: Այդուհանդերձ, ըստ չին դիվանագետի, Չինաստանն առաջվա պես հավատարիմ է խաղաղ զարգացման գաղափարին: «Չինաստանը երբեք որեւէ երկրի չի վնասի եւ որեւէ մեկի համար սպառնալիք չի դառնա: Այսպես կոչված՝ չինական սպառնալիքի մասին ցանկացած պնդում այսուհետեւ էլ կհերքվի համապատասխան փաստերով»,- հայտարարել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության հատուկ ներկայացուցիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել