Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԶԲԱՂՎԵԼ Է ԳՈՒՄԱՐ ԿՈՐԶԵԼՈՎ

Հոկտեմբեր 18,2008 00:00

Շինկազմակերպությունը ոչ միայն աշխատողներին աշխատավարձ չի վճարել, այլեւ յուրացրել է շինարարական նյութերը:

Շահելով շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարվող այս կամ այն մրցույթը կամ պարզապես պայմանագիր կնքելով տվյալ կազմակերպության հետ, որոշ ընկերություններ միայն հնարավորինս մեծ շահույթ ստանալու նպատակ են հետապնդում, իսկ այն, որ իրենց կատարած անորակ շինարարության պատճառով հազարավոր մարդկանց կյանքին կարող է վտանգ սպառնալ՝ նրանց այնքան էլ չի հետաքրքրում:

2005-ից մինչեւ նախորդ տարի, «ՀայՌուսգազարդի» եւ Կարեն Եղիազարյանին պատկանող «Շենգավիթ 1» եւ «Կարեն Եղիազարյան» ընկերությունների միջեւ կնքված պայմանագրով՝ վերջիններս պարտավորվել են մայրաքաղաքում եւ մարզերում իրականացնել գազատարների անցկացման աշխատանքներ: Կ. Եղիազարյանն, օգտագործելով ընձեռված հնարավորությունը, փորձել է բոլոր, այդ թվում՝ ապօրինի, մեթոդներով լրացուցիչ գումարներ աշխատել: Օրինակ, շինկազմակերպության բանվոր-բրիգադավար Գրիշա Թամազյանի հավաստմամբ, երբ իրենք կառուցելիս են եղել Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի գազատարը, Կ. Եղիազարյանը վաճառել է իրենց տրամադրված գազատարի նոր խողովակները եւ ստիպել, որ բանվորները դրանց փոխարեն ներկեն եւ տեղադրեն հին եւ մաշված խողովակներ: Գ. Թամազյանի ներկայացմամբ՝ նախքան հին խողովակների տեղադրումը, Աշտարակի գազի գրասենյակի պատասխանատուն եկել-տեսել է եւ արգելել դրանց օգտագործումը, սակայն Կ. Եղիազարյանը բանվորներին հրահանգել է, բացի իրենից, ոչ մեկի խոսքերը «բանի տեղ չդնել» ու դեռ սպառնացել է. «Ձեզ աշխատավարձ վճարողը ե՞ս եմ, թե՞ գազի մարդը: Եթե ուզում եք գործից չզրկվեք, արագ-արագ ներկեք դրանք եւ տեղադրեք»: Շուրջ 2 տարվա աշխատանքի ընթացքում Կ. Եղիազարյանը գումարներ է աշխատել ոչ միայն շինարարական նյութերի առուծախի, այլեւ աշխատողների աշխատավարձերը չվճարելու եւ 25-ից ավելի բանվորների չհաշվառելու եւ հարկայինից թաքցնելու միջոցով:

Բրիգադավար Գ. Թամազյանի ներկայացմամբ՝ Կ. Եղիազարյանը 2005-ի վերջին իր եւ եւս 3 աշխատակցի աշխատավարձերը, ընդհանուր առմամբ 1 միլիոն 78 հազար դրամ, չի վճարել, պատճառաբանելով, որ «ՀայՌուսգազարդը» շինարարության փողերը չի փակվել»: Խնդրի լուծման համար Գ. Թամազյանը դիմել է Մարդու իրավունքների գրասենյակ եւ Շենգավիթ համայնքի դատախազություն: Գ. Թամազյանի ներկայացմամբ, դատախազի ավագ օգնական Մեսրոպ Մանրիկյանը սկսել է զբաղվել իր դիմումով, բայց գործի կեսից հրաժարվել է, ասելով՝ թե այդ գործը պետք է լսվի քաղաքացիական վարույթում: Սակայն նշենք, որ բացի աշխատավարձի հարցից, հայցադիմումում նշված է եղել նաեւ, որ Կ. Եղիազարյանը 25 չգրանցված աշխատող ունի, ինչը ենթադրում է, որ նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի: Ի պատասխան Գ. Թամազյանի բողոքների՝ Կ. Եղիազարյանը սկսել է ահաբեկել նրան: Զանգել է Ալավերդիում բնակվող Գ. Թամազյանի կնոջն ու ասել, որ եթե ամուսնուն չհամոզի ինքնակամ գալ Ալավերդի, նրան այնտեղ դագաղով կուղարկեն: Այս դեպքից հետո Գ. Թամազյանը դիմել է 6-րդ վարչություն, որտեղ Կ. Եղիազարյանին բերման են ենթարկել: Երբ վերջինս խոստովանել է, որ ինքն իրոք աշխատավարձը չի վճարել, պարտավորվել է Գ. Թամազյանի հետ պայմանագիր կնքել եւ 1 միլիոն 78 հազար դրամ պարտքը վճարել բոլոր աշխատանքները վերջացնելուց հետո՝ 2 ամսվա ընթացքում: Սակայն աշխատանքների ավարտից անգամ 2 տարի հետո Գ. Թամազյանն այդ գումարը չի ստացել: Որոշ ժամանակ անց Կ. Եղիազարյանը նրան նորից խնդրել է մի անգամ էլ իրեն հավատալ եւ կառուցել Ապարանի Արագած գյուղից մինչեւ Նորաշեն գյուղն ընկած գազատարը եւ խոստացել է հին ու նոր պարտքերը միանգամից վճարել: Գ. Թամազյանը համաձայնել է, բայց Կ. Եղիազարյանը մաս-մաս վճարել է միայն այդ շինարարության գումարները, իսկ նախկին պարտքն այդպես էլ մնացել է: Դրանից հետո Գ. Թամազյանը եւ բանվորները դադարեցրել են շինաշխատանքները: Նշենք նաեւ, որ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը պետք է գնար Երնջատափ գյուղի գազատարի բացմանը, բայց քանի որ շինաշխատանքները դադարեցվել էին, Ս. Սարգսյանի այցը հետաձգվել է, իսկ Կ. Եղիազարյանի անփութության համար նրա հետ կնքած պայմանագիրը չեղյալ է համարվել, եւ շինարարությունը հանձնարարվել է մեկ այլ ընկերության: Արդյունքում՝ Գ. Թամազյանը եւ մյուս աշխատակիցներն այդպես էլ չեն ստացել ընդհանուր առմամբ 2 միլիոն 388 հազար դրամ աշխատավարձը:

Գ. Թամազյանը դիմել է նաեւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան: Կ. Եղիազարյանը դատարանում հրաժարվել է իր իսկ ձեռքով գրած պարտավորագրից եւ ասել, որ ինքը պարտք չունի եւ դա իր ձեռագիրը չէ: Երբ Գ. Թամազյանը փորձաքննություն է պահանջել, դատարանն այն մերժել է: Գ. Թամազյանի հայցը մերժել է ոչ միայն Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի, այլեւ վերաքննիչ դատարանը: Գ. Թամազյանի ներկայացմամբ. «Հիմա էլ փաստաբանները 150 հազար դրամ են պահանջում, որ գործերս կազմեն՝ Վճռաբեկ դատարան հանձնելու համար, բայց ես այդ գումարը չունեմ: Այս տարվա սեպտեմբերի 20-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել էր Ախթալա, ես նրան այդ ամենի մասին նամակ հանձնեցի, բայց մինչ օրս ոչ մի արձագանք չկա»:

Քանի որ նման շինաշխատանքների մրցույթների հայտարարման եւ անցկացման պատասխանատուն գյուղնախարարության ենթակայությամբ գործող Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության եւ կառավարման գրասենյակն է, «Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ նրանցից: Գրասենյակի շինարարության վերահսկողության ավագ մասնագետ, ճարտարագետ Արտավազդ Հակոբյանն ասաց, որ վերոնշյալ ընկերություններից ոչ մեկի հետ իրենք երբեւիցե առնչություն չեն ունեցել, իսկ «ՀայՌուսգազարդն» իրենց միջոցով երբեւիցե գազատարների շինարարության մրցույթ չի հայտարարել: «ՀայՌուսգազարդից» տեղեկացանք, որ նրանք «Շենգավիթ 1» եւ «Կարեն Եղիազարյան» ընկերություններին պարտք չունեն: Այս առնչությամբ չհաջողվեց Կ. Եղիազարյանից պարզաբանում ստանալ, քանի որ նա բացակայում էր հանրապետությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել