Լրահոս
Օրվա լրահոսը

Չարածի համար ներողություն չեն խնդրում

Փետրվար 05,2009 00:00

Արմեն Կաքավյանի մի նախաձեռնության մասին

Իմ կարծիքով, ոչ այնքան տրամաբանական նախաձեռնությամբ են հանդես եկել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Macquarie համալսարանի դասախոս, հայ-թուրքական երկխոսության խմբի համանախագահ Արմեն Կաքավյանը եւ նրա ընկերները: Տեղեկությունը վերցրել եմ տարբեր կայքերից:

Ի պատասխան Օսմանյան կայսրության կազմակերպած հայերի ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու թուրք մտավորականների ակցիայի, մի խումբ սփյուռքահայեր որոշել են ներողություն խնդրել թուրքերից: Արմեն Կաքավյանը եւ նրա համախոհները առաջարկում են ստորագրել «Ներողություն եմ խնդրում հայկական ջոկատների իրականացրած սպանությունների եւ ԱՍԱԼԱ-ի գործողությունների համար, վշտակցում այդ ցավերը տեսած անմեղ օսմանցիներին եւ թուրքերին» տեքստի տակ: Ստորագրահավաքը կսկսվի փետրվարի 9-10-ից, դրա համար կբացվի հատուկ կայք:

Ես կհասկանայի սփյուռքահայ մտավորականներին, եթե նրանք իրենց թուրք գործընկերներին շնորհակալություն հայտնեին, երախտագիտության խոսքեր ասեին, հայտարարեին, որ շոյված են, զգացված են: Բայց ես չեմ հասկանում, թե ինչու պետք է ես ներողություն խնդրեմ մի բանի համար, որ չեմ արել: Թուրքիան երբեք չի թաքցրել եւ դեռ հպարտացել է, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդն է: Եվրոպա ձգտող Թուրքիայի պետական օրհներգում երգվում է, որ Եվրոպան, մեղմ ասած, ոչ բարեկամ մի բան է: Թուրքիան բազմաշերտ պետություն է, եւ այդ շերտերի մեծ մասը իրենց բնույթով եւ էությամբ Օսմանյան կայսրության բաղկացուցիչներ են: Այս ամենը ինձանից լավ ու ինձանից առաջ գիտեին թուրք մտավորականները ու այս ամենը նկատի ունենալով էլ նրանք ներողություն են խնդրում իրենց պապերի մեղքերի համար: Հայերի ցեղասպանությունը կազմակերպել է Օսմանյան կայսրություն պետությունը, եւ նրա իրավահաջորդ Թուրքիա պետությունը պետք է պատասխան տա:

Մեր պարագայում նման բան չկա: Իհարկե, եղել են թուրք զինվորականների, թուրք դիվանագետների սպանություններ իրականացրած հայկական ջոկատներ: Իհարկե, եղել է Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակ՝ ԱՍԱԼԱ: Եղել է Սողոմոն Թեհլերյան: Բայց ոչ Խորհրդային Հայաստանը, ոչ այսօրվա Հայաստանը պետական մակարդակով եւ ազգային թշնամանքից կուրացած չեն կազմակերպել Թուրքիայի որեւէ քաղաքացու սպանություն: Սա է հայերի զանգվածային սպանությունների՝ ցեղասպանության եւ թուրք առանձին գործիչների սպանությունների միակ, բայց աներեւակայելի կարեւոր ու էական տարբերությունը:

Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե մեկին ակամա ցավ եմ պատճառել, անկախ այդ մեկի ազգությունից: Այս Հայաստանը իմ պետությունն է, եւ եթե իմ պետությունը Երեւանի կենտրոնում «մարտի 1» է կազմակերպում եւ տասը մարդ է սպանվում, ապա ես ամեն զոհի ընտանիքից հազար անգամ ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողացել ավելի լավ պետություն ունենալ: Բայց ոչ ոք չպետք է թուրք առանձին գործիչների սպանությունների համար ներողություն խնդրի: Մե՛նք չենք սկսել սպանությունները:

Սողոմոն Թեհլերյանը հազարավոր մարդկանց կյանք խլած մեկին է սպանել: Ես չեմ կարող ներողություն խնդրել չարածի համար: Մենք չպետք է ներողություն խնդրենք: Մենք պետք է ներենք եւ վերջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել