Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձուկը գլխից է հոտած»

Փետրվար 27,2009 00:00

\"\"Ալավերդի քաղաքում աշխատող անհատ ձեռներեցները դժգոհ են հարկայինից, իսկ հարկայինը հարցերին չի պատասխանում:

\"\"
Մանիկ Մինասյանը մեկն է այն
անհատ ձեռներեցներից, ով դադարեցրել է գործունեությունը:

Ալավերդու hարկային տեսչության պետի պաշտոնակատար Նորայր Այվազյանը Ալավերդու մանր ու միջին ձեռնարկությունների հարկային հիմնախնդիրների, այդ թվում նաեւ՝ ՀԴՄ-ների տեղադրմանը վերաբերող մեր հարցերին չհամաձայնեց պատասխանել, սկզբում պատճառաբանելով, թե դրա համար պետք է ստանա վերադասի համաձայնությունը, իսկ մի քանի օր անց հեռախոսով տեղեկացրեց, որ մեր հարցերին կպատասխանի միայն Պետեկամուտների կոմիտեի հասարակայության եւ լրատվության կապերի ծառայությունից՝ մեր կողմից թույլտվություն ստանալու դեպքում: Նկատենք, որ պաշտոնյայի հետ հարցազրույց ունենալու համար թերթը պետական որեւէ կառույցի թույլտվության կարիքը չունի:

Հարկային մարմնի հետ իր հարաբերությունների մասին Ալավերդու Հայպետշին թաղամասի շուկայի անհատ ձեռներեց Արմեն Պարանյանը մեզ տեղեկացրեց. «Հարկայինը մեզ նեղում է այն առումով, որ իրենք շատ լավ գիտեն, որ մեր բոլոր ապրանքները ձեռք են բերվում երեւանյան շուկաների տոնավաճառներից, եւ մեզանից պահանջում են ֆակտուրաներ, ՀԴՄ-ի կտրոններ, որոնք երեւանյան այդ մեծ շուկաներում, ասենք՝ «Հրազդան» կամ «Մալաթիա», գոյություն չունեն: Իրենք էլ դա լավ գիտեն, բայց ուզում են: Մենք էլ ուրիշ աղբյուր չունենք ապրանքի ձեռքբերման, էլի էնտեղից ենք գնում, եւ մեզ համար արդեն պրոբլեմներ են առաջանում: Ենթադրենք մուծում եմ 15 հազար դրամ հարկ, 7-8 հազարը մուծում եմ որպես եկամտահարկ, մնացածը մուծում եմ այլ տեղերից ձեռք բերած ապրանքների համար: Իմ եկամտի 20%-ի չափով հարկ եմ վճարում: Հարկայինի նոր պահանջները ինձ ձեռք չեն տալիս: Այսինքն՝ մենք աշխատում ենք ոչ մեզ, այլ իրենց համար: Ձուկը գլխից է հոտած, թող էնտեղից սկսեին, ոչ թե մեզանից: Հարկերn ավելանալու դեպքում թանկանալու է ապրանքը, իսկ այս ամենի արդյունքում տուժելու է ոչ միայն ձեռներեցը, նաեւ գործազուրկ ժողովուրդը»:

Ալավերդի քաղաքի բնակիչ Մանիկ Մինասյանը շուրջ երեք տարի զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: Ինչպես ներկայացրեց Մանիկը, այդ տարիներին հարկերը միշտ էլ ժամանակին է տվել: «Պարզապես՝ 2008թ. ապրիլին դեռ ՀԴՄ չէի վերցրել, արդեն սկսել էին պարտադրել, ես էլ ի վիճակի չէի: Եկան միանգամից 150 հազար դրամ տուգանեցին`աշխատանքներս դադարեցրած վիճակում: Ներկայումս խանութը դատարկել եմ, որովհետեւ չեմ կարող տուգանքը մուծել, 50 հազարը մուծել եմ ու էլ չգիտեմ ինչ անեմ: Ապրելու այլ տարբերակ դեռ չեմ գտել, չգիտեմ ինչ եմ անելու: Մարդիկ չեն մտածում, որ Ալավերդին Երեւանը կամ Մոսկվան չի, 15 հազար դրամ տարածքի վարձ եմ վճարում, 15 հազար սոցվճարը հետը հարկ եմ վճարում, 150 հազար տուգանք եմ վճարելու, բա ի՞նչ ենք ուտելու»,- ասաց Մանիկ Մինասյանը:

Ալավերդի քաղաքի բնակչուհի Արմենուհի Թամազյանը երկար տարիներ քաղաքի Սարահարթ թաղամասում գտնվող արվեստի դպրոցում երաժշտության ուսուցիչ է աշխատել: 1995 թվականին կրճատվել է՝ դարձել գործազուրկ: Արդեն 13 տարի Արմենուհի Թամազյանը զբաղվում է անհատ ձեռներեցությամբ, քաղաքի Հայպետշին թաղամասի շուկայում գտնվող մի փոքրիկ տնակում պտուղբանջարեղենի առեւտուր է անում: Վերջին օրերին վտանգվել է Արմենուհի Թամազյանի եկամտի միակ աղբյուրը: «13 տարի էստեղ առեւտուր եմ արել, հիմա տնակի ետեւի տնտեսական խանութի տերը՝ Ռազմիկ Կիրակոսյանը բողոքում ա, որ մեր առեւտրի տնակը իրեն խանգարում ա, դատի ա տվել»,- մեզ բացատրեց Արմենուհի Թամազյանը: Որպեսզի կարողանա առեւ-տուրը շարունակել, Արմենուհի Թամազյանը իր տնակը մեկ մետրաչափ ձախ է քաշել: «Հիմի էլ քաղաքապետն է ասում, թե խանգարում ա, քաղաքի տեսքը գցում ա: Մնացած 50 տնակները քաղաքի տեսքը չեն գցում, մենակ իմ տնակն ա խանգարում, քաղաքապետն ինձ ասում ա, տար՝ որտեղ ուզում ես դիր, տնակդ էստեղից հանիր, նոր տեղ էլ չի առաջարկում: Պարզվում ա, հիմա էլ իմ տնակի ետեւում մեկն աշխատում ա, Շախկյան Կարենը, 10 տեղ խանութ ունի, հիմի էլ նրանց ենք խանգարում»,- դժգոհում էր Արմենուհի Թամազյանը:

Թե ինչո՞ւ Ալավերդու քաղաքապետը, որ մինչ օրս համաձայն է եղել տնակի դիրքին, այսօր այլեւս համաձայն չէ հարցին՝ Արմենուհին պատասխանեց. «Ես չգիտեմ պատճառն ինչ ա, փոխանակ ասեն` ճգնաժամ ա, մենք աշխատանք չենք տալիս, գոնե ով կարում ա՝ գլուխը թող պահի, իմ գործազուրկ ընտանիքին կտրում են մի կտոր հացից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել