Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՓՈՂ ԴՆԵԼ-ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼԸ ՉԷ»

Մարտ 03,2009 00:00

Դաշնակցական պատգամավորը՝ մշակութային քաղաքականության մասին

\"\"
Ա. Շահբազյանը հիացած չէ մշակութային քաղաքականությամբ:

ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Արտաշես (Արտյուշա) Շահբազյանի ձեւակերպմամբ, եթե ռաբիսն ու կեղծ մշակույթը պահանջարկ չունենան, չեն կարողանա ասպարեզը վերցնել: Նա նաեւ փաստում է. «Այլեւս այնպիսի մակարդակի վրա ենք, որ մի քիչ զգուշությամբ պիտի ասենք, թե ժառանգներն ենք Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի… Շատ ենք հեռացել այդ արժեքներից»: Հայաստանում իրականացվող մշակութային քաղաքականության մասին ԱԺ պատգամավորը հետեւյալ կարծիքի է. «Տարիներ շարունակ մշակութային քաղաքականություն չի եղել, վերջինս ընդամենը բաղկացուցիչն է եղել օրվա քաղաքական կոնյունկտուրայի, որի խնդիրն էր ժողովրդին հանգստացնելը, տպավորություն ստեղծելը, թե ամեն ինչ շատ լավ է: Դրա համար գերակշռել է շոուն, այնպիսի երեւույթներ, որոնք իրական կյանքի հետ շատ կապ չունեն: Մյուս կողմից էլ, վերջին տարիներին, այնուամենայնիվ, լավ բաներ ծիլ են տվել, գոնե ազդագրերից դրանք երեւում են՝ փառատոներ, ցուցահանդեսներ, անվանի արվեստագետների այցելություններ եւ այլն: Այո, «ներքեւից» ինչ-որ բան ծնվում է, որ կարող է հիմք դառնալ լավ մշակույթի համար, որակ տալ, բայց պետք է լինի նաեւ պետական քաղաքականություն, որ Հայաստանը կեղծ աստղերով չզարդարվի: Պետական քաղաքականության շնորհիվ իրական մշակույթը պիտի խթանվի՝ նյութական ու տեխնիկական իմաստով»: Պատգամավորը հիշեցնում է, որ Ռուսաստանը եւս 90-ականներին մշակութային ճգնաժամի մեջ էր հայտնվել, որից կարողացել է ձերբազատվել. «Ռուսները, օրինակ, գումար են տալիս ու պետականորեն ստիպում, որ տարեկան 2000 ժամ ռուսական սերիալ նկարվի: Թեկուզ վատ, բայց իրենցը լինի: Կամ պետպատվերով տարեկան 100 գեղարվեստական ֆիլմ են նկարում, որոնցում արդեն առկա է նոր մտածողությունը, իսկ մեր մտավորականները դեռ վիճում են՝ Նաիրի Զարյանին ու Հրաչյա Քոչարին արդարացնե՞նք, չնայած Չարենցի ու նրա նմանների գլուխները կերել են, թե՞ ոչ… Մերոնք դեռ այս վեճերի մեջ են, դեռ Լենին են ասում, սովետական իրականությունը գովում՝ փուչ արժեքներով: Ու քանի դեռ հասարակական միտքը շատ առաջ չի գնացել, մշակույթն էլ չի գնա»:

Մեր զրուցակիցը զուգահեռներ տարավ ռուսական «Կուլտուրա» եւ հայկական «Արարատ» մշակութային ալիքների միջեւ. «Կուլտուրա» ալիքը կրթում է մարդուն, ինչ վերաբերում է մեր «Արարատին», սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել՝ լեռը մուկ ծնեց: Ինչեւէ, համարենք՝ առաջին քայլերն են, խարխափումների մեջ ենք, մանավանդ, որպեսզի իրական մշակույթ ստեղծվի, պիտի պետությունը կարողանա ֆինանսավորել: Օրինակ, «Կուլտուրայով» որպեսզի ասեն՝ ռուս դասականը Կապրի կղզում այս տան մեջ է ապրել, լրագրողին ուղարկում են Կապրի, նա այնտեղ նկարահանումներ է կատարում, ձեռքով ցույց է տալիս, թե որ տունն է: Եվ դա մեծ նյութի մեջ տեւում է ընդամենը մեկ, մեկուկես րոպե: Հասկանալի է, որ «Արարատն» իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ չի կարող, բայց առնվազն այդ քաղաքականությունը պիտի լինի: Նայում եմ՝ մեր մշակութային ալիքում արվեստագետները փոխանակ խոսեն մշակույթի մասին, խոսում են՝ թե ով ինչքան քաջ է եղել ինչ-որ ժամանակ, ինչպես է տվյալ ինտրիգը լուծվել եւ այլն… «Արարատ» մշակութային ալիք ստեղծելը շատ լավ նախաձեռնություն է, ափսոս՝ այն իր նախանշած գործը առայժմ չի կարողանում ճիշտ կատարել»:

Ա. Շահբազյանը կարծում է, որ պետությունը մշակութային քաղաքականություն իրականացնելիս երբեմն պիտի վեր կանգնի «փող դնելու» ու «փող աշխատելու» սկզբունքից. «Օրինակ, անցյալ տարվա վերջին պետությունը մի կարեւոր բան էլ արեց՝ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերային, որը ծանր նյութ էր եւ դժվար բեմադրելի, ֆինանսներ տրամադրեց, որպեսզի կյանքի կոչվի: Գուցե նման ձեռնարկների ժամանակ դահլիճները լեփ-լեցուն չլինեն, ծախսված փողը հետ չգա, բայց հոգեւոր շահույթն ավելի մեծ լինի»:

Ա. Շահբազյանը մի ցանկություն էլ ունի. «Շատ կուզեի, որ մշակութային քաղաքականություն իրականացնողների խորհրդատուներն ավելի լավը լինեին, ավելի կիրթ ու գրագետ, որ շոուն ու ցածրակարգ արվեստը իրական արժեքների տեղ չանցկացնեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել