Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԸ՝ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտ 26,2009 00:00

Երեկ «Ազդակ» ակումբում ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործչի համար Երեւանի քաղաքապետ լինելն ինձ համար զարմանալի է: Ես կարծում եմ, որ Երեւանի քաղաքապետը քաղաքական գործիչ չէ. բոլորովին այլ բան է քաղաքական գործիչ լինելը, այլ բան՝ գործադիր մարմնում աշխատելը։ Քաղաքապետը պարբերաբար պետք է շփվի իշխանության ներկայացուցիչների հետ։ Չեմ կարող պատկերացնել, որ լինելով ընդդիմադիր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործիչն ինչպե՞ս պետք է աշխատի Երեւանի քաղաքապետ՝ իր լիազորությունների սահմաններում»: Եվ բացատրել է, թե Տեր-Պետրոսյանի կարողությունների վրա ինքը չի կասկածում՝ «այստեղ քաղաքական խնդիրներն են»:

«7 օր» կայքէջի հարցին, թե ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանի հաղթելու հավանականությունը որքա՞ն է՝ Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանել է. «Քուշկյանը մեծ քաղաքական գործիչ չի եւ չի եղել։ Նախարար լինելը եւ քաղաքական գործիչ լինելը տարբեր բաներ են»։

Նա չի բացառել, որ որեւէ մեկը կարող է հրաժարվել համամասնական ցուցակի առաջին համարից եւ քաղաքապետ կդառնա երկրորդ համարը: Սակայն ըստ Լեռնիկ Ալեքսանյանի՝ ՀՀԿ-ն նման հնարքի չի դիմի։

Արծվիկ Մինասյանին առաջադրելով Երեւանի ավագանու ընտրություններում՝ ՀՅԴ ներկայացուցիչները փաստարկել էին, թե բացի այն, որ նա կայացած քաղաքական գործիչ է՝ նաեւ շատ համակրելի է։ «7 օր»-ի թղթակիցը Լեռնիկ Ալեքսանյանից հետաքրքրվել է, թե նույն չափանիշներով օժտվա՞ծ է արդյոք իրենց թեկնածուն՝ Գագիկ Բեգլարյանը։ «Կարծում եմ, որ դա հաճելի է, բայց ամենակարեւորագույնը չէ,- պատասխանել է ՀՀԿ խորհրդի անդամը:- Մականունավոր լինելուն ես վերապահումով եմ վերաբերվում. եթե մարդու մաշկը սեւ է, ու դրա պատճառով նրան մականուն են կպցրել, ես դա մականուն չեմ համարում։ Չէի ասի, որ Բեգլարյան Գագիկի մականունն իրեն վարկաբեկող է, դա բնական մականուն է։ Ժողովուրդը մականուններ դնելիս չի սխալվում: Օրինակ՝ մեկին ասում են «չուգուն» այսինչ, որ շատ խորանում ես՝ տեսնում ես, որ նրան այլ բան հնարավոր էլ չէ ասել։ Դրանք ուղղակի բնութագրում են մարդու բնավորության գծերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել