Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՍԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 27,2009 00:00

Մեր օրերում, ինչպես նաեւ մեզանից առաջ՝ կար եւ կա մի տարօրինակ տեսակետ կամ աշխարհըմբռնում, թե՝ Աստծո հետ եղիր մտերիմ, իսկ հրեշտակների հերն էլ անիծած: Այնինչ, պարզվում է, որ դա խորը մոլորություն է՝ մարդու հերթական սխալը, քանի որ մարդ արարածը զարմանալիորեն շարունակ մոռանում է, որ իր խոսքն ու գործը, իր կերպն ու ստվերն անգամ ենթակա են քննության եւ Աստծո ուշադրությանն են հասու դառնում հրեշտակների միջոցով… Տարիներ առաջ, երբ ես դեռ պատանի էի, եւ երբ շրջկենտրոնի հետ կապող ճանապարհները ծածկվում էին ձյունով ու փակվում էին, եւ չկար բացելու հնարավորություն, մեր հարեւան Տրկնա գյուղի դպրոցի տնօրենի աղջիկը եւ կոլտնտեսության նախագահի տղան, ինչը սովորաբար ընդունված էր ղեկավարների ընտանիքներում, եւ ինչպես նաեւ հիմա է ընդունված, չգիտեմ սիրեցին, թե չսիրեցին իրար, բայց ամուսնացան: Իսկ այդ տարիներին ձմեռները բքաշունչ էին, եւ դեպի շրջկենտրոն տանող ճանապարհները՝ փակ, չմոռանամ նաեւ ասել, որ հեռախոս չկար: Եվ մի օր, սակայն, եղավ այնպես, որ նորապսակները ինչ-որ ջահելական վեճի առիթով նեղացան իրարից, եւ աղջիկը գնաց հոր տուն: Սկսվեց համագյուղական մի տարօրինակ շարժում՝ գյուղի մի մասը աղջկա կողմն էր, մյուս մասը՝ տղայի: Եվ տեղի ունեցավ սովորական թվացող անսովոր մի բան. կոլտնտեսության նախագահը հրավիրեց վարչության նիստ եւ դպրոցի տնօրենին, այսինքն թե՝ իր նորահարսի հորը, ազատեց աշխատանքից: Ընդդիմադիր թիմի անդամները կատաղեցին եւ խորհուրդ տվեցին դպրոցի տնօրենին համապատասխան քայլ անել, ու դպրոցի տնօրենը հրավիրեց մանկավարժական խորհրդի նիստ եւ իր նիստով աշխատանքից ազատեց կոլտնտեսության նախագահին. հասկանալի է՝ երկուսն էլ այդ իրավունքը չունեին:

Եվ որովհետեւ գյուղ էր, ճանապարհները փակ էին ու ճգնաժամ էր, ընդդեմ եւ հանուն խմբերը հաղթանակ էին տոնում, մինչեւ որ գարունը եկավ ու ճանապարհները բացվեցին: Եվ շրջկենտրոնից եկավ Աստծո հրեշտակ-պաշտոնյան եւ, համագյուղական ժողով հրավիրելով, ընդդիմության եւ չընդդիմության ղեկավարներին ազատեց աշխատանքից: Եվ բոլորը հանկարծ հրեշտակի ձայնի մեջ լսեցին Աստծո ձայնի արձագանքը, որն էր, թե՝ գյուղն ավելին է, քան ձեր կռիվը ունայն, քանի որ նորապսակ տղան ու աղջիկը դարձյալ միասին էին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել