Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքը պատասխանում է «պլատոնական սիրով»

Մայիս 19,2009 00:00

Հայրենիք-Սփյուռք մերձեցման մարտավարությունը Սկիզբը՝ նախորդ համարներում

Մարտավարութեան հիմքում կարելի է դնել հետեւեալ սկզբունքները:

Ա. Երկքաղաքացիութիւնը սփիւռքահային շնորհել համատարած եւ ինքնաբերաբար (աւտոմատիկ), ելնելով միայն հայ ծնուած լինելու հանգամանքից (ինչպէս որոշ երկրներում), նոյնիսկ խառն ամուսնութիւնների դէպքում, եթէ կայ կողմերի ցանկութիւնը:

Բ. Սփիւռքի մասնակցութեամբ հայրենիքում անցկացուող միջոցառումների (խորհրդաժողովներ, փառատօներ եւ այլն) հրաւէրքների դէպքում հաշուի չառնել հայրենիքի նկատմամբ երբեւէ ունեցած դրական կամ բացասական տրամադրուածութիւնը, կրօնական ու քաղաքական հայեացքները, քանզի հայրենիքը բոլորինն է- խտրականութիւնը, պէտք է բացառել:

Գ. Հայրենիքի պետական կամ մասնաւոր կառոյցներում ու օղակներում Սփիւռքի հետ առնչուած խնդիրների քննարկումներում (տնտեսական ներդրումներ, գիտական, կրթական, մշակութային, բարեգործական, համահայկական միջոցառումներ եւ այլն) ընդգրկել Սփիւռքի ներկայացուցիչներին, պահպանելով ձայների հաւասարութեան սկզբունքը:

Դ. Սփիւռքին չառնչուած, բայց բախտորոշ կարեւորութիւն ուեցող ազգային, ներպետական հարցերի (բնապահպանական եզակի ու մշակութային հարստութիւններ, համազգային անվտանգութեան հարցեր, գաղթօջախը հիւրընկալող երկրի հետ շփումներ եւ այլն) քննարկումներում խորհրդատուական նպատակներով ներգրաւել նաեւ Սփիւռքի իրաւասու ներկայացուցիչների:

Մերձեցման մարտավարութիւնը իրականացնելիս կարեւոր է նկատի ունենալ հետեւեալ իրողութիւնները:

– Սփիւռքահայը օժտուած է ազգասիրութեամբ, հայրենակարօտ հայրենասիրութեամբ, նուիրուածութեամբ:

– Սփիւռքը բոլոր ժամանակներում հայրենիքին մշտապէս ցուցաբերել է նիւթական օգնութիւն՝ անկախ վարչակազմի բնոյթից, գիտակցելով հզօր հայրենիքի կարեւորութիւնը՝ որպէս երաշխիք ու յենարան՝ Սփիւռքի գոյատեւման:

– Սփիւռքը հայրենիքից ակնկալում է միջազգային ասպարէզում իր շահերի պետական հովանաւորութիւն, աջակցութիւն՝ հայապահպանութեան իր ջանքերին, նաեւ հարազատ զաւակի կարգավիճակ՝ սփիւռքահային:

Նկատի առնելով, որ Սփիւռքի գործակցութեան նիւթական կողմը միշտ եղել է՝ սկսած Առաջին Հանրապետութեան նեղ օրերին գաղթականութեանը օգնելուց եւ խորհրդային ժամանակներում հին բնօրրանների անուններով նոր բնակավայրերի կառուցումից մինչեւ աղէտի գօտուն օգնելը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամով ներդրումներն ու անհատ բարեգործութիւնները, հետեւաբար մերձեցման այս բաղադրիչի իրականացումը կասկած չի յարուցում եւ պէտք է միայն համակարգել: Յանուն արդարութեան նշենք միայն, որ այս բոլորին հայրենիքը պատասխանել է «պլատոնական» սիրով, իսկ սփիւռքահայը մնացել էր խորթ զաւակի կարգավիճակում: Բայց այսօր ձգտենք հնարաւորինս կեանքի կոչել Հայրենիք-Սփիւռք մերձեցման համբուրելի նախաձեռնութիւնը:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել