Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ

Մայիս 22,2009 00:00

\"\"Հաշմանդամ եւ ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաների՝ Գորիսում գործող ցերեկային խնամքի կենտրոնին միայն պետական աջակցությունն է պակասում:

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հաշմանդամ եւ ռիսկային իրավիճակներում գտնվող 1-18 տարեկան 100 երեխա արդեն 11 ամիս է՝ ինչ օգտվում է Գորիսում գտնվող ցերեկային խնամքի կենտրոնի ծառայությունից: 2008 թվականի հունիսին Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծվեց ցերեկային խնամքի կենտրոնը, որը միակն է Գորիսի տարածաշրջանում: Այն ժամանցի, շփման եւ հանգստի կազմակերպման հարմար վայր է ոչ միայն Գորիսի, այլ նաեւ մոտակա գյուղերի՝ Քարահունջի եւ Վերիշենի հաշմանդամ եւ ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաների համար: Եվս 100 երեխա ցանկություն է հայտնել օգտվել կենտրոնի ծառայություններից: Ըստ ցերեկային խնամքի կենտրոնի տնօրեն Սաիդա Ադունցի, այս երեխաները մասնակի են օգտվում կենտրոնի ծառայություններից, ինչը հիմնականում տարածքի սահմանափակ լինելու պատճառով է: Ցերեկային խնամքի կենտրոնը Գորիսի թիվ մեկ նախակրթարանից մի փոքր տարածք է վարձակալել, բայց արդեն շահառուների մեծ բանակ ունի: Տարածքի խնդիր ունենալուց բացի, սննդի կազմակերպման խնդիր էլ կա: «Օրական 60-70 երեխա է հաճախում կենտրոն, բայց օրը 6-7 ժամ մնալու եւ իրենց ժամանցն ու հանգիստը կազմակերպելու փոխարեն հազիվ 3-4 ժամ են մնում: Շատ հաճախ իրենք չեն ցանկանում տուն գնալ, բայց սննդի մեծ խնդիր ունենք»,- մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրենը:

Նախակրթական տարիքի երեխաները խնամքի կենտրոն են գալիս ժամը 11-ից, իսկ դպրոցահասակ երեխաները՝ դասերից հետո: Կենտրոնը գործում է շաբաթը 5-6 օր, երեխաների հետ աշխատում է ինը հոգանոց աշխատակազմը: Ինչպես նշում է տիկին Ադունցը, կենտրոնը ապահովված է անհրաժեշտ մասնագետներով՝ հոգեբան, մանկավարժ, բժիշկներ եւ այլ մասնագետներ, որ ամենօրյա հոգատար վերաբերմունքով փորձում են օգտակար լինել հաշմանդամ եւ ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաներին եւ նպաստել նրանց հնարավորինս արագ ինտեգրմանը հասարակությանը:

Երեխաները կենտրոնում կրթություն ստանալուց բացի, նաեւ անմիջական մասնակցություն են ունենում կազմակերպվող տարատեսակ միջոցառումներին: Մասնագետները հաճախ նաեւ այցելում են տներ:

Գորիսի ցերեկային խնամքի կենտրոնում զգացվում է նաեւ բարերարների շունչը: Համակարգիչ, հեռուստացույց, կահավորանք, նվագարկիչ եւ ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու այլ պարագաներ են նվիրաբերել տեղի բարերարները: Հասարակական կառույցներն ու կազմակերպություններն էլ իրենց հնարավորությունների եւ ուժերի սահմաններում աջակցել եւ օժանդակել են կենտրոնին: Բայց կենտրոնը ակնկալում է նաեւ գործարարների աջակցությունը:

Հաշմանդամ եւ ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաների առօրյան կազմակերպելու եւ նրանց համար հնարավորինս հարմար պայմաններ ապահովելու հարցում շատերն են օգտակար եղել: Ըստ տիկին Ադունցի, անցած մեկ տարում երկու անգամ Ֆրանսիայից բժիշկներ են այցելել եւ 80 հաշմանդամ երեխաների զննել

Տիկին Ադունցը տեղեկացրեց, որ կենտրոնն իր գործունեությունը կշարունակի մինչեւ 2010 թվականը, իսկ դրանից հետո հաշմանդամ եւ ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաներին օգտակար լինելու համար պետական աջակցության խիստ կարիք կունենա:

Գորիսի Գուսան Աշոտի 26 հասցեում գտնվող կենտրոնը շարունակում է օգնել խնդիրներ ունեցող երեխաներին: Իսկ որ դրական արդյունքն ակնհայտ է՝ վկայում են ծնողները: Այստեղ հաճախող երեխաները մինչ կենտրոն գալը կոմպլեքսավորված էին, տնից դուրս չէին գալիս, բայց այսօր իրենք են ծնողներին խնդրում իրենց դուրս տանել՝ այլ երեխաների հետ շփվելու համար: Ամենակարեւորն այն է, որ այս երեխաներն ամեն օր շփվում են առողջ բալիկների հետ:

Կենտրոնում կամավոր աշխատում են նաեւ ուսանողներ, ովքեր, լսելով կենտրոնի գոյության մասին, սեփական նախաձեռնությամբ եւ ցանկությամբ են միացել հաշմանդամ եւ ռիսկային իրավիճակներում գտնվող երեխաներին օգնելու գործին:

Ցերեկային խնամքի կենտրոնին ուրախացնում է այն իրողությունը, որ հասարակության մեջ կան կազմակերպություններ եւ անհատներ, որ անտարբեր չեն իրենց կողքին ապրող ու հատուկ կարիքներ ունեցող անձի նկատմամբ, պատրաստ են աշխատել մարդկային ջերմության կարիք ունեցող երեխաների հետ:

Սյունիքի մարզում մանկուց հաշմանդամ 530-ից ավելի երեխա կա: Սյունիքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը վստահ է, որ հարկ է նման կենտրոններ ստեղծել մարզի այլ շրջաններում եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031