Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Հունիս 03,2009 00:00

Տեղեկատվական պատերազմներն ու դրանց զոհերը

Խուսափել տեղեկատվական պատերազմի ոլորտում տիրող իրավիճակի մասին գրելուց՝ սխալ կլիներ: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, ուր դասավանդում էի «Հակամարտություններն ու ժուռնալիստիկան» առարկան, 2006 թ. իմ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը» թեմայով գիտաժողով, որտեղ մի շարք ուսումնասիրողներ հետաքրքիր զեկուցումներ կարդացին: Հրավիրել էինք հանրապետության՝ առաջին հայացքից երկրի անվտանգության խնդրի նկատմամբ շահագրգիռ բոլոր պետական ու հասարակական գերատեսչություններին եւ կազմակերպություններին: Սակայն պետական համապատասխան մարմիններից ոչ մի ներկայացուցիչ չմասնակցեց գիտաժողովի աշխատանքներին, ինչը շատ զարմացրեց կազմակերպիչներին: Այժմ արդեն ավելի հասկանալի են այս ոլորտում հայկական կողմի պարտությունները: Այն հետեւանք է ոլորտի նկատմամբ անուշադրության, մասնագետների նկատմամբ արհամարհանքի: Սակայն դա էլ իր հերթին հող է պատրաստում դիվանագիտական պարտությունների համար:

Հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը սկիզբ էր առել դեռեւս խորհրդային տարիներին: Ադրբեջանական կողմը ավելի շուտ յուրացրեց տեղեկատվական պատերազմի տարրերը, քանի որ հարեւան ժողովրդի տարածքների յուրացումն ու ամրապնդումը ստիպում էր գիտական կեղծ պնդումներն ու հորինովի տեսությունները ուղեկցել ապատեղեկատվությամբ: Փորձ էր արվում յուրացնել հայոց պատմությունը, մշակույթը, որի համար ստեղծեցին հսկայական տեղեկատվական համակարգ: Իսկ դրա համար խորհրդային կայսրությունը շատ էր հարմար: Կրեմլի վերնախավի համար ձեռնտու էր իր կազմում ընդգրկված հանրապետությունների միջեւ նման սուր պայքարը, որը հասարակության ուշադրությունը շեղում էր կարեւորագույն խնդիրներից: Հայկական կողմը հանդես էր գալիս պասիվ, պատահական էնտուզիաստների պատասխաններով: Ու միշտ ադրբեջանական կողմը հարձակվողի դերում էր, հայկականը՝ պաշտպանվողի:

Լրատվական պատերազմը ինքնին բարդ երեւույթ է՝ բաժանված բազմաթիվ ոլորտների ու բնագավառների, որոնք, սակայն, սերտորեն կապակցված են իրար: Հատկապես լարված բնույթ ունի արտաքին հասարակական կարծիքի համար պայքարը: Հարյուրավոր թուրք եւ ադրբեջանցի էմիսարներ միջազգային ատյաններում, կազմակերպություններում զգալի աշխատանք են կատարում ապակողմնորոշելու միջազգային հանրության կարծիքը, վարկաբեկելու հայերին: Սադրիչ գործողություններրը ուղեկցվում են լրատվական բացարձակ ահաբեկչությամբ, մոլորեցման ամենաստոր միջոցներով: Դրա վառ օրինակներից է Խոջալուի շուրջը ստեղծված աղմուկը: Հայկական կողմը համարյա ոչինչ չարեց բացահայտելու ճշմարտությունը: Իսկ քիչ ականատեսներ չկան, որոնց աչքի առաջ տեղի էր ունեցել ողբերգությունը: Իրականում Խոջալուից դեպի Աղդամ միջանցքով Նախիջեւանիկի ուղղությամբ, արդեն ադրբեջանական հատվածում կեսգիշերին նրանք ընկնում են ադրբեջանական երկու կրակակետերի խաչաձեւ կրակի տակ: Ըստ երեւույթին, ադրբեջանցի զինվորականներին թվացել էր, թե հայկական կողմից գրոհ է սկսվել: Հաջորդ օրը ադրբեջանցիները, տեսնելով մթության մեջ կատարված սխալը, տեղափոխում են կոտորվածների մարմինները մեկ այլ վայր, կտտանքների ենթարկում, ապա եւ օտարերկրյա լրագրողների հրավիրում՝ նկարահանելու, այդ ամենը բարդելով հայկական կողմի վրա: Ադրբեջանցիները իրենց ձեռքով կերտած ողբերգությունը իրենց համար որպես տեղեկատվական հաղթանակի վերափոխեցին ու այն հակադրեցին 1915թ. ողբերգությանը: Հայության դեմ տեղեկատվական պատերազմում Բաքուն ու Անկարան գործում են համատեղ, ուժերի եւ միջոցների հսկայական ներդրումով: Հայկական եղեռնի հերքման, պատմական ճշմարտությունները կեղծելու գործում Բաքուն ոչ մի բանով ետ չի մնում Անկարայից: Բաքվում «Թուրան» տեղեկատվական գործակալությունը ռուսերեն 100 000 տպաքանակով լույս է ընծայել ֆրանսիացի Ժորժ դե Մալեվիլի «Հայկական եղեռն, 1915թ.» գիրքը, որը լեցուն է կեղծիքով, պատմական փաստերի խեղաթյուրումով: Թուրքական քարոզչական մեքենան այստեղ օգտագործում է ֆրանսիացու անունն ու Բաքվի ազդեցության ոլորտները հետխորհրդային տարածքում: Ադրբեջանական հատուկ ծառայությունները, պատանդ վերցնելով Բաքվից Թուրքմենիա տեղափոխված հայազգի լրագրող Առաքելովի ընտանիքը, նրան ստիպում են գնալ Լեռնային Ղարաբաղ եւ իրենց պատվերով գիրք գրել արցախյան շարժման մասին: Հակահայկական գիրքը տարածվում է խորհրդային հանրապետություններում, միջազգային ատյաններում: Այս կերպ Բաքուն հրատարակում է հարյուրավոր գրքեր: Ադրբեջանական «Day.az» գործակալությունն այժմ ամենահեղինակավորն է ողջ Հարավային Կովկասում: Իսկ հայկական կողմը ի՞նչ է հակադրում թուրք-ադրբեջանական քարոզչությանը: Մեր կողմի գործողություններն այնքան թույլ են, որ արդեն քաղում ենք պասիվության պտուղները: Առանց որեւէ խոչընդոտի մեր հակառակորդին հաջողվում է ամեն ինչ: ԼՂՀ-ին դուրս մղեցին բանակցային գործընթացից, հարցը տեղափոխեցին «Մինսկի խումբ», Հայաստանի Հանրապետությանը ճանաչելով որպես հակամարտող կողմ, նրա վրա բարդվեց «ագրեսորի» պիտակը, որն էլ Ադրբեջանի դիվանագետներին հիմք է տալիս ՀՀ-ից պահանջելու Արցախ-Ադրբեջան պատերազմում ազատագրած տարածքները, վերականգնել Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Հայտարարել, թե սո՞ւտ են խոսում Բաքվի եւ Անկարայի քարոզիչները: Դա շատ քիչ է ու ոչ համոզիչ: Հարյուր անգամ ասված սուտը, կեղծիքը հարյուրմեկերորդ անգամ որպես ճշմարտություն է ընդունվում: Որոշ անհատներ փորձում են ինչ-որ բան հակադրել թուրք-ադրբեջանական ագրեսիվ տեղեկատվական պատերազմին: Ինքս Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պատվերով 1996 թվականին գրել եմ «Ղարաբաղի խնդրի արմատները» 36 մամուլ ծավալով աշխատությունը: Գիրքը գրված է հիմնականում խնդրի օտար ուսումնասիրողների համար: Այն թարգմանվել է անգլերեն: Սակայն մինչ օրս չի հաջողվել տպագրել այն: Ոչ ոք չի օգնում, չնայած դիմել եմ բոլոր հնարավոր ներդրողների թե՛ ՀՀ-ում, թե՛ ԼՂՀ-ում եւ թե՛ Սփյուռքում: Միայն քիչ թե շատ ինձ սփոփում է այն տեղեկությունը, որ ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Իսպահանին իմ աշխատության միջոցով Թեհրանում դոկտորական թեզ է պաշտպանել:

Սա միայն մի դրվագ է «լրատվական պատերազմի» ոլորտում հայկական կողմի անհասկանալի եւ անընդունելի անտարբերությունը ցույց տալու համար: Անշուշտ, խնդիրը կապվում է նաեւ համապատասխան կադրերի, նրանց ճիշտ ընտրության, ճիշտ տեղում նշանակելու, համապատասխան միջոցներ տրամադրելու, ներդրումներ անելու հետ: Մի փոքր պրոտեկցիոնիզմ, բարեկամին, հարազատին այս ասպարեզը խոթելու, վճռական պաշտոնում նշանակելու հանգամանք, եւ այս ոլորտում հետեւում են դառը պարտությունները: Այնինչ «լրատվական պատերազմում» պարտությունները պակաս սարսափելի չեն, քան ռազմաճակատային անհաջողությունները: Լրատվական ոլորտում հնարավոր է կորցնել ռազմական ոլորտի բոլոր հաղթանակները: Իսկ դա կհանգեցնի քաղաքացիական պատերազմի ու կարող ենք հայտնվել «կոտրած տաշտի առաջ»:

շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել