Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԵՐ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՍԻՄՊԱՏԻԱՅՈՎ

Օգոստոս 15,2009 00:00

Հարմարավետ համարներ՝ հարմարավետ գներով

«Ջրահարսեր», «Հրեշտակների աշխարհ», «Բելի լեբեդ», «Փիրուզյա», «Լազուր», «Հանդիպում», «Դրախտ», «Հակոբի մոտ», «Սուրոյի մոտ»… Ճաշարաններ հիշեցնող անվանումների այս շարքը կարելի է անդադար թվել: Նմանօրինակ անվանումներով լողափերի «գովազդային» պաստառները «ողջունում» են մեզ Սեւանի մայրուղու ամեն քայլափոխին:

Եթե փորձենք հաշվել, թե նմանատիպ քանի լողափ կա Սեւանում, թերեւս կորցնենք հաշիվը:

«Սեւանում հանգիստը նախընտրողների համար ընտրության պակաս չկա, գուցե միայն գումարի պակաս լինի…»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց 29-ամյա սեւանցի Աղասը:

Ի՞նչ ծառայություններ են մատուցում Սեւանի բազմանուն լողափերը, ի՞նչ գնային համակարգով: Սեւանում հանգստանալիս ո՞ր լողափը պետք է ընտրել եւ որքա՞ն գումար նախատեսել: Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Առավոտը» շրջեց Սեւանի մի քանի լողափերով:

«Սեւանում մի քանի օր հանգստանալու համար մինիմում 100.000 դրամ գումար է անհրաժեշտ ունենալ գրպանումդ»,- ասում է «Իշխան» լողափում հանգստացող աբովյանաբնակ 35-ամյա Սաթինեն:

Ըստ «Իշխան» լողափի պատասխանատու Գուրգենի, իրենց լողափը մյուսների համեմատութամբ բավական էժան է. «Մեզ մոտ հանգստանալու համար շատ գումար հարկավոր չէ, միայն տնակի վարձ եւ վերջ: Տնակների գները տատանվում են 25 000-50 000 դրամի սահմաններում: Մյուս ափերի համեմատությամբ սա բավական էժան գին է: Եթե մյուս ափերում բաղնիք-զուգարանը ընդհանուր է բոլորի համար, ապա մեզ մոտ ամեն տնակում այդ ամենը առանձին տեղակայված է՝ իր բոլոր հարմարություններով»: Գուրգենի խոսքով, ամեն տարի իրենց մոտ հազարավոր հանգստացողներ են գալիս. «Այստեղ ունենք պարահրապարակ, սրճարան, լաստանավ, ջրային հեծանիվներ: Մի խոսքով՝ լողափում հանգստացողների համար փորձել ենք ամեն հարմարություն ստեղծել»:

Եթե «Իշխան» լողափում երեք տեղանոց տնակի մեկ օրվա արժեքը կազմում է 25.000 դրամ, ապա «Մայամի» լողափում երկու օրն արժե այդքան, այսինքն, պարզվում է, որ լողափի պատասխանատու Գուրգենը կամ տեղյակ չէր ընդհանուր գներից, ինչը քիչ հավանական է, կամ էլ ստեց, ասելով, թե իրենց մոտ հանգստանալը մյուս լողափերից էժան է:

«Ես մտնում եմ ժողովրդի կացության մեջ եւ բարձր գներ չեմ կրակում մյուսների պես: Ճիշտ է, մյուս հարուստ ափերի հարմարությունները չունեմ, բայց սովորական քաղաքացին հաստատ կկարողանա ինձ մոտ հանգստանալ»,- նշեց «Մայամի» ափի պատասխանատու Վազգենը: Սակայն, նրա խոսքով, հարուստ մարդիկ Սեւանում չեն հանգստանում. «Սխալ կարծիք կա, թե Սեւանում հանգստանալու համար գրպաններդ լիքը պետք է լինեն, հարուստ պետք է լինես: Հարուստները Սեւան չեն գալիս, գնում են իրական Մայամի, հակառակ դեպքում էլ կնախընտրեն «Հարսնաքարը»: Այնպես որ, Սեւանը չարժե համարել հարուստների հանգստյան գոտի: Տեսնեք՝ ամեն օր ինչ ընտանիքներ են գալիս, բոլորն էլ սովորական, իրենց համար հանգիստ կյանքով ապրող մարդիկ են: Իմաստ չունի գլուխ ջարդեմ եւ գները բարձրացնեմ, այդպես հաճախորդ կկորցնեմ»:

«Մալիբու» լողափի գներն էլ սկսվում են 30 000 դրամից: Ըստ լողափի աշխատակցուհու, որը չցանկացավ ներկայանալ, թանկ գները պայմանավորված են մատուցած ծառայություններով. «Մեզ մոտ գներն այդքան էլ թանկ չեն: Ամեն ինչ ըստ պայմանի է: Հարմարավետ համարների համար պահանջում ենք հարմարավետ գներ: Այս ափը բավական հայտնի է իր լավ պայմաններով: Իսկ թե ում համար գներն ինչպիսին են՝ դա արդեն իրենց խնդիրն է: Իսկ ընդհանրապես Հայաստանում հանգստանալը շատ թանկ է։ Գուցե շատերն ասեն Քոբուլեթիում կամ Փոթիում հանգիստն ավելի էժան է, գուցե Հայաստանի մեծ մասը մեկնի Անթալիա, Դուբայ՝ ավելի հարմար գներով հանգիստ վայելելու… Ամեն դեպքում՝ դժվար է հայերին բացատրել, որ չարժե փնովել մեր հայկականը: Մենք ընդամենը մի Սեւան ունենք ու դրանով էլ պետք է բավարարվենք, իսկ համապատասխան մակարդակի համար բնականաբար համապատասխան «լայն գրպաններ» են պետք»:

Լողափերի մատուցած ծառայությունների ու դրանց գների մասին զրուցեցինք նաեւ տարբեր ափերում հանգստացողների հետ:

«Իշխան» լողափում հանգստացող երեւանաբնակ Մելինեն դժգոհեց. «Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ այստեղ իդեալական է, բայց վտանգավոր ափ է: Օրինակ՝ այսօր առավոտյան մի աղջիկ խեղդվում էր, ափը բավական վտանգավոր է՝ ջուրն անմիջապես է խորանում, ինչի մասին ոչ բոլորն են տեղեկացված: Նախքան այս հանգստյան գոտին գտնելը շրջեցի մի քանի ափերով: Ափում հանգստանալու գները պայմանավորված են ըստ անձի սիմպատիայի եւ, բնականաբար, լեզվի ճկունության: Օրինակ, «Մայամի» լողափում սկզբից տնակների գները սկսվեց 30 000 դրամից: Հետո, երբ իմացան ընկերուհիներով ենք՝ 30 000-ը դարձավ 20.000 դրամ: Բոլորն էլ սկզբից գին են կրակում…»:

Նույն ափում հանգստացող Լուսինեն էլ նշեց. «Սեւանում շատ ափեր կան՝ լավ ծառայություններով, որտեղ հանգստանալու համար կլորիկ գումարներ են պետք: Չես կարող գալ մեկ օրով, որովհետեւ դա հանգիստ չի համարվի: Իսկ մի քանի օրվա համար գրպանումդ առնվազն 120 000 դրամ պետք է ունենաս, որ կարողանաս հանգիստդ լիարժեք վայելել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել