Լրահոս
Օրվա լրահոսը

«Gallery 1»-Ը ՄԵԿ ՏԱՐԵԿԱՆ Է

Սեպտեմբեր 08,2009 00:00

\"\"Օրերս «Gallery 1» ցուցասրահն իր հարկի տակ էր հավաքել նկարիչների, քանդակագործների եւ ժամանակակից արվեստի սիրահարների. առիթը ցուցասրահի մեկամյակն էր:

«Մենք արդեն մեկ տարեկան ենք, բայց միջոցառումների ցանկը այնքան շատ է, որ հանրության մեջ տպավորություն է ստեղծված, թե գործում ենք երկար տարիներ: Դա խոսում է մեր ակտիվության մասին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ցուցասրահի տնօրեն Արմինե Անտիկյանը:

Մեկ տարվա ընթացքում ցուցասրահը ունեցել է Մինաս Ավետիսյանին նվիրված ցուցադրություն-սեմինար-քննարկումներ, բազմաթիվ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ. «Բացվել ենք Արշիլ Գորկու սկզբունքի հիման վրա՝ ստեղծել չեզոք գոտի, որտեղ արվեստագետները ազատ մտքեր կփոխանակեն, կշփվեն, կստեղծագործեն եւ որտեղ տեղ չկա թշնամանքին ու քաղաքականությանը»: Իսկ թե ինչով է տարբերվում «Gallery 1»-ը մյուսներից, Ա. Անտիկյանը նշեց. «Նրանով, որ ներկայացնում ենք միայն մեր կողքին ապրող արվեստագետներին՝ ժամանակակիցներին, բացի այդ, մեր ուղղվածությունն այլ է՝ ժամանակ առ ժամանակ մեր տարածքից դուրս ենք գալիս, կազմակերպում համերգներ, բացօթյա ցուցահանդեսներ: Վերածվել ենք մշակութային կենտրոնի…»: Մեր զրուցակցի խոսքերով, ցուցասրահը սերտ կապ ունի նաեւ քաղաքական օղակի հետ. «Վերջերս արեցինք Արթո Թունչբոյաջյանի համերգը Ազգային ժողովի բակում, դրանից առաջ՝ մանկական գեղագիտության ազգային կենտրոնի ցուցահանդեսը եւ այլն: Այսինքն՝ երբեմն մեր տարածքից դուրս գալով՝ հյուր ենք գնում իշխանական օղակներին: Մշակույթ եւ քաղաքականություն համագործակցությունը շատ հետաքրքիր պտուղներ է տալիս՝ արվեստագետները կարողանում են ազատ շփվել իշխանական օղակների հետ, ինչը շատ կարեւոր է եւ երկուստեք բացահայտումներ են տեղի ունենում: Բացի այդ, իշխանական դաշտում նստած մարդիկ շատ քիչ են հաճախում ցուցասրահներ՝ ժամանակի սղության պատճառով, իսկ այս համագործակցության շնորհիվ կապը վերականգնվում է եւ առիթները ցուցահանդես գնալու՝ շատանում են»:

Դժվարությունների եւ մրցակցության մասին էլ Ա. Անտիկյանն ասաց. «Դժվարությունն այն է, որ գործ ես ունենում ստեղծագործ մարդու հետ: Մի տարածքում միանգամից 30 արվեստագետ. սա արդեն լուրջ խնդիր է, որովհետեւ 30 տարբեր հոգեբանություն ու փիլիսոփայություն է քո առաջ»: Գործող ցուցասրահների միջեւ առկա մրցակցության մասին էլ նշեց. «Այնքան քիչ են ցուցասրահները, որ մրցակցության մասին խոսք լինել չի կարող: Իսկ եթե կա էլ, ապա՝ աննշան: Ցավով եմ նշում, բայց իրականությունն այն է, որ ռեալ գործող ցուցասրահներ չկան: Լսում ես՝ ամեն օր մի տեղ մի ցուցասրահ բացվեց, հաջորդ օրն իսկ փակվեց, չես հասկանում՝ ինչ նպատակով, ում համար եւ ինչի համար… Երեւի խնդիրները չեն կարողանում հաղթահարել, չեն կարողանում արվեստագետների համար հարմար պայմաններ ստեղծել: Լավ կլիներ, որ իշխանական կառույցները մտածեին քաղաքում շատ մշակութային կենտրոններ՝ ցուցասրահներ, արվեստանոցներ հիմնելու մասին, այսինքն՝ ստեղծեն համապատասխան պայմաններ եւ արվեստագետին արտահայտվելու, ստեղծագործելու հնարավորություն տան: Տարրական հարցեր կան, որ այսօր արվեստագետի համար կարող են խնդիր լինել. ներկ ձեռք բերելուց մինչեւ աշխատանքային պայմաններ ունենալը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930