Երեկ Երեւանի քաղաքապետարանում Երեւանի ավագանին ընտրել է մշտական հանձնաժողովների նախագահներին եւ փոխնախագահներին՝ բացառությամբ 1 հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից: Այդ պաշտոնները թափուր են մնացել օրենքով սահմանված կարգով՝ պայմանավորված ՀԱԿ-ի՝ ավագանու նիստերին չմասնակցելով, ավագանու մանդատը ստանձնած եւ իր լիազորությունները չիրականացնող քաղաքական միավորի բացակայությամբ: Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նաիրա Նահապետյանը՝ ՀՀԿ-ից, իսկ փոխնախագահ՝ Պողոս Փլավչյանը՝ ԲՀԿ-ից: Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ենոք Ազարյանը՝ ՀՀԿ-ից, նա կհամատեղի նաեւ փոխնախագահի պաշտոնը, որը թափուր է:
Առողջապահության, սոցիալական, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Վարդանյանը՝ ԲՀԿ-ից, իսկ փոխնախագահ՝ Աննա Ասատրյանը՝ ՀՀԿ-ից: Քաղաքաշինության, հողօգտագործման եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Հրաչ Պողոսյանը՝ ՀՀԿ-ից, վերջինս կհամատեղի նաեւ նախագահի պաշտոնը, որը եւս թափուր է:
Նշենք, որ երեկ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շրջել է Երիտասարդության զբոսայգում՝ ստուգելու, թե ինչպես են կատարում այդ տարածքը բարեկարգելու՝ իր հանձնարարականը: Նշենք, որ այս պահին շինաշխատանքներ են ընթանում մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքում: Ըստ Գ. Բեգլարյանի՝ այգին ամբողջությամբ բարեկարգված կլինի մինչեւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարության նախօրյակը: Քաղաքապետը նշել է, որ մարդկանց զբոսանքն ու հանգիստը խանգարող օբյեկտները այգուց կապամոնտաժվեն:


















































