Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱՏԱՊ ԳՈՐԾԸ ԱՇՆԱՆՆ ԵՆ ԳՑԵԼ

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

\"\"Սահմանամերձ Բերդը մնալու է միայն մեկ ասֆալտապատ ճանապարհի հույսի՞ն

Երկու տարի առաջ Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղում սողանքից փլուզվեց Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ճանապարհի մի հատված: Հանրապետական նշանակության այդ ճանապարհը ձգվում է դեպի Բերդ քաղաք եւ Բերդի տարածաշրջանի 15 գյուղեր: Այս տարվա հունիսի 11-ին սողանքը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի այդ հատվածը ամբողջությամբ քանդել է: Հիմա Բերդի տարածաշրջան մեկնող եւ այնտեղից վերադարձող մեքենաները ստիպված են հաղթահարել ավելի քան 3 կմ շրջանցիկ, անտառմիջյան ճանապարհ: Այն բարդ ռելիեֆ ունեցող տեղանքով է անցնում եւ վարորդների համար «չարչարանքի ուղի» է: Շրջանցիկ ճանապարհի մի հատվածը կավի շերտով է պատված եւ անձրեւներից դժվարանցանելի է դառնում: Ընդամենը 50 մ փլուզված հատվածը շրջանցելու համար մարդիկ բավական վառելիք, ժամանակ եւ նյարդեր են ծախսում: Օգոստոսի 7-ին Տավուշի մարզխորհրդի նիստում մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց, որ Իջեւանի գինու գործարանը այս տարի սահմանափակ քանակի խաղող է մթերելու, որ Իջեւանի տարածքի սահմանամերձ, Բերդ տարածաշրջանին մոտ գտնվող գյուղերի խաղողագործներն իրենց բերքը կհանձնեն Բերդում գտնվող Երեւանի կոնյակի գործարանի ընդունման կետ: Մարզպետը վստահություն հայտնեց, որ մինչ այդ՝ քանդված հատվածը կվերականգնվի:

Կառավարության որոշմամբ տրանսպորտի նախարարությանը 210 միլիոն դրամ հատկացվեց, որով կնորոգվի վերոհիշյալ՝ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի սողանքային հատվածը, կկարգավորվի Ոսկեպար համայնքի շրջանցող ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը, Սյունիքի եւ Տավուշի մարզպետարաններին տրվող հատկացումների շնորհիվ պետք է լուծվեն սողանքային հատվածների ճանապարհամերձ գոտում գտնվող բնակելի տների եւ կառույցների իրացման հետ կապված խնդիրներ եւ այլ հարցեր:

Կասկածելի է, որ այդ գումարը բավարարի այս բոլոր խնդիրների լուծման համար, քանի որ, բացի նշված խնդիրներից, վերջերս Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհի 6-րդ կիլոմետրում նոր սողանքային օջախ է առաջացել, որը շարունակում է ընդլայնվել: Սեպտեմբերին այստեղ սովորաբար անձրեւներ են տեղում, որոնք սողանքային, կավային գոտում կբարդացնեն աշխատանքները: Շուտով կսկսվի խաղողաքաղը, իսկ ճանապարհը դեռ պատրաստ չէ: Վազաշենի, Այգեհովտի, Ազատամուտի, Աչաջրի եւ Իջեւանի տարածաշրջանի այլ գյուղերի խաղողագործները ինչպե՞ս են բերքը Բերդ քաղաք հասցնելու:

Հ. Գ. Սեպտեմբերի 5-ին Վազաշենում է եղել ՀՀ տրասպորտի եւ կապի նախարարն ու հայտարարել, որ նշված 210 միլիոնով ճանապարհը կկառուցվի, սակայն չի ասֆալտապատվի: Ասֆալտապատումը՝ 2010-ին: Իսկ թե ինչ վիճակ կստեղծվի անասֆալտ ճանապարհին ձմռանը՝ բոլորին է հայտնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել