Լրահոս
Օրվա լրահոսը

Ես դեմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը

Սեպտեմբեր 09,2009 00:00

\"\"Քանի մեր իշխանությունը անտարբերության է մատնում հայ-վրացական սահմանում կատարվող իրադարձությունները:

Դեռեւս օգոստոսի 26-ին է «Առավոտը» տեղեկացրել, որ հայ-վրացական սահմանի՝ Շիրակի մարզի Բավրա գյուղի հատվածում վրացիները սահմանի մի քանի կմ երկարությամբ մոտ 500 մետր խորացել են Հայաստանի տարածք՝ զավթել մեր հողերը, բայց մերոնք ձայն չեն հանում: Վրացական կողմը հերքեց մեր տեղեկությունը, հայկական կողմը՝ ՀՀ կառավարությունը եւ արտգործնախարարությունը, հաստատեց, բայց գործնական որեւէ բան չի արվել: Այ, հենց սրա համար էլ ես դեմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը:

Վրացիներն էլ են մեզ հարեւան, թուրքերն էլ, ազերիներն էլ՝ որոնց մի մասը իրեն թուրք է համարում: Վրացիները քրիստոնյա են, մնացածները՝ ոչ: Վրաստանի ու մեր հարաբերությունները միշտ էլ բարդ են եղել, բայց վրացիները ցեղասպանություն չեն իրականացրել, օսմանյան թուրքերը՝ իրականացրել են, մյուս թուրքերը փորձել են իրականացնել: Ոչ անցյալում, ոչ հիմա՝ վրացիները, թուրքերն ու մյուս թուրքերը չեն թաքցնում մեր նկատմամբ անբարեհաճ վերաբերմունքը: Մեր պատմական հայրենիքից ինչ-որ բան մնացել է եւ Թուրքիայում, եւ Վրաստանում, եւ Ադրբեջանում: Եվ այցյալում, եւ հիմա մենք ավելի շատ խոսում ենք, քան փորձում առկա կնճռոտ հարցերը կարգավորել:

Հիմա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է կարգավորել հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ Ղարաբաղի խնդիրը: Հայ-վրացականը այդչափ չի կարեւորվում: Սերժ Սարգսյանի կուսակցական ընկերներն էլ՝ մեկ անգամ չէ, որ նկատել են, թե Ղարաբաղի հարցում վերջնական կարգավորման բաղկացուցիչ կարող է եւ հնարավոր է, որ լինի ազատագրված տարածքների կամ առնվազն դրանց մի մասի վերադարձը Ադրբեջանի տիրապետության տակ:

Դե, այսքանից հետո արի ու համաձայնիր հայ-թուրքական սահմանի բացմանը: Եթե Հայաստանի իշխանությունը պատրաստ է Ադրբեջանին հող տալ հրապարակավ, եթե պատրաստ է Վրաստանին հող տալ՝ լռությամբ եւ անտարբերությամբ, ապա ո՞րն է երաշխիքը, որ նույն իշխանությունը Թուրքիային էլ հող չի զիջի: Ու բնավ կարեւոր չէ՝ հրապարակավ, թե լուռ եւ անտարբեր: Շիրակի մարզի բնակիչներին զավթիչների դեմ մեն-մենակ թողած իշխանությունը ինչու պետք է շատ ավելի հոգատար լինի Արմավիրի կամ Սյունիքի մարզի բնակիչների նկատմամբ: Վաղուց է հայտնի՝ ձու գողացողը՝ ձի էլ կգողանա: Ասել է թե՝ զավթիչների ախորժակը երբեք չի փակվելու: Ու նաեւ հակառակը. ձու զիջողը՝ ձի էլ կզիջի: Ասել է թե, Բավրայի հողերը զիջողը կարող է զիջել նաեւ Երեւանի Հյուսիսային եւ Բաղրամյան պողոտաները, «Մեղեդի» սրճարանն ու բոլոր գազալցակայանները:

Քանի դեռ սահմանը փակ է՝ Թուրքիային հողային զիջումների հավանականությունն էլ փոքր է: Քանի դեռ ՀՀ իշխանությունները Բավրայի «օկուպացված» տարածքները հետ չեն բերել՝ ես դեմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը:

Հ. Գ. Եթե որեւէ պաշտոնյա կփորձի պնդել, թե Բավրայում վրացական ներխուժում չի եղել, հետեւաբար հայ-թուրքական սահմանը բացել կարելի է, առաջարկում ենք միասին գնալ Բավրա՝ տեղում ամեն ինչ տեսնելու, նկարահանելու եւ գրելու համար: «Առավոտը» պատրաստ է հոգալ ճանապարհածախսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել