Ֆրանսիան հաստատել է իր՝ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հասցեին ավելի վաղ ուղղած մեղադրանքներն առ այն, որ ՄԱԳԱՏԷ-ն թաքցնում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կարեւորագույն փաստեր: Այդ կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Բարադեին (նարեկ) հանդես է եկել մեղադրանքների կտրուկ հերքմամբ: Այս մասին փոխանցում է BBC-ին: Բարադեին Վիեննայում կայացած հերթական հանձնաժողովի բացման ժամանակ հայտարարել է, թե ապշած է «քաղաքական մոտիվացիայով եւ բացարձակապես անհիմն մեղադրանքների» առնչությամբ: Այդուհանդերձ, Ֆրանսիայի արտգործնախարարությունը պնդում է, որ Փարիզը տիրապետում է փաստերի, որոնք ապացուցում են ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների կողմից կարեւորագույն տեղեկությունների կոծկելու հանգամանքը:
Ֆրանսիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչների ասելով, Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված իրավիճակի մասին առանցքային շատ փաստեր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների կողմից ներկայացվել են միայն վերջին, այսպես կոչված, տեխնիկական բրիֆինգի ժամանակ, որոնք, սակայն, արտացոլված չեն եղել Գործակալության վերջին զեկույցում:
BBC-ի մատուցմամբ, այսպիսի աղմկահարույց եւ հրապարակային խառնաշփոթը փակ ռեժիմով աշխատող ՄԱԳԱՏԷ-ի համար ծայր աստիճան անսովոր երեւույթ է: Մոհամմեդ Բարադեին բավական կոշտ ձեւով նախատել է Գործակալության որոշ անդամների՝ օբյեկտիվ չլինելու համար, բայց թե կոնկրետ ում է ուղղված եղել այդ նախատինքը՝ հայտնի չէ:


















































