2009թ. օգոստոսի 20-ին Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման արդյունքում 447 ընտրական տեղամասերից ստացված ավելի քան 200 հազար քվեաթերթիկ համարվել է անվավեր: Associated Press-ի մատուցմամբ, մինչ կհրապարակվեն երկրի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, քվեարկության արդյունքների կեղծման փաստերով հարուցվել է ավելի քան 650 գործ: Աֆղանստանում առայժմ հաշվվել է քվեաթերթիկների 74%-ը, որի արդյունքում առաջատարը գործող նախագահ Համիդ Քարզան է: Նրա օգտին քվեարկել է ընտրողների 48,6%-ը: Գործող նախագահի գլխավոր մրցակից Աբդուլլա Աբդուլլան առայժմ ստացել է քվեների 31,7%-ը: Քարզային առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել քվեների կեսից ավելին, հակառակ դեպքում՝ նախագահական ընտրություններում հաղթողը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլում: Հիշեցնենք, որ Աֆղանստանի գործող նախագահին դեռ ընտրարշավի ժամանակ էին մեղադրել վարչական ռեսուրսի օգտագործման եւ քվեարկության արդյունքների կեղծման ուղղությամբ նախապատրաստություններ տեսնելու համար: Ընտրություններից հետո Քարզայի մրցակից թեկնածու Աբդուլլան բազմիցս էր պնդել, թե իր կողմնակիցները չեն ճանաչում գործող նախագահի հաղթանակը առաջին փուլում եւ պատրաստ են հանդես գալ բողոքի ակցիաներով, ընդհուպ մինչեւ իշխանություններին զինված դիմադրություն ցույց տալը:


















































