Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱՆՈՒՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Սեպտեմբեր 09,2009 00:00

2008-ին «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը հիմնեց «Ոսկե ծիրանի» բարձրագույն կինոդպրոցը: Օգոստոսի 1-ից տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի ընդունելությունը, որի արդյունքում ստացվել է 85 հայտ. 70-ը՝ Հայաստանից, 15-ը՝ արտերկրից: Նախնական ընտրության եւ հարցազրույցների արդյունքում 8 ուսանող ընդունվել է կինոդպրոց՝ 1 տարի ժամկետով: Առաջին դասընթացը, որը կլինի սեպտեմբերի 8-15-ը, կվարի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին, որը երեկ լրագրողների հյուրն էր, ներկա էին Լեհաստանի դեսպանի պաշտոնակատար Ստանիսլավ Գրաբովսկին, «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը ու մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը: Մշակույթի նախարարությունը, Լեհաստանի դեսպանատունը համաձայնության են եկել 2010-ին «Ոսկե ծիրանի» շրջանակներում ներկայացնել Ֆ. Շոպենի 200-ամյակին նվիրված ֆիլմերը: Դավիթ Մուրադյանը նշեց. «Զանուսին մեզ համար շատ թանկ անուն է այն իմաստով, որ վաղուց կապված է Հայաստանի եւ հայ մշակույթի հետ: Տարիներ առաջ, երբ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը փակման վտանգի տակ էր, Քշիշտոֆ Զանուսին այն ռեժիսորներից մեկն էր, որ համագործակցելով Փարաջանովի արվեստի համախոհների հետ, ֆիլմի համար ճանապարհ բացելու ելքեր էր որոնում: Նրա միջոցով «Նռան գույնը» դուրս եկավ եվրոպական ասպարեզ, որն այն տարիներին բավականին համարձակ քայլ էր»:

Քշիշտոֆ Զանուսին նկարահանել է բազմաթիվ վավերագրական, խաղարկային կինոֆիլմեր եւ հեռուստաֆիլմեր թե՛ Լեհաստանում, թե՛ արտասահմանում, ֆիլմերի սցենարները ինքն է գրում կամ դրանց համահեղինակն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել