Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՄԵՐԿ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՃԻՇՏ ՄԱՏՈՒՑԵԼ»

Սեպտեմբեր 09,2009 00:00 Share

\"\"Ասում է Վիգեն Մնոյանն ու հավաստիացնում, որ կավատությամբ չի զբաղվում

Արդեն մեկ ամիս է, ինչ հեռուստատեսությամբ ցուցադրվում է լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հաղորդումը՝ «Մեծերի համար»: Այդ հաղորդման ժամանակ հայ կանայք ու աղջիկները մերկ վիճակում սեքսուալ դիրքերով լուսանկարվում են ու ցուցադրում իրենց մարմնի բարեմասնությունները: Հաշվի առնելով, որ նկարահանվող աղջիկները հանդես են գալիս ոչ թե կեղծանուններով, այլ կոնկրետ իրենց անուն-ազգանուններով, նշում են իրենց մասնագիտությունն ու լրիվ մերկանում տեսախցիկի առջեւ, հայ իրականության մեջ դա մի քիչ խորթ ու անսովոր նախագիծ կարելի է համարել:

Հետաքրքրվեցինք, թե ինչպես է հաջողվում Վիգենին համոզել աղջիկներին այդպիսի դիրքերով ու առանց հագուստի նկարվել, պարզվում է՝ աղջիկներն իրենք են կոտրում լուսանկարչի դռները՝ հաղորդմանը մասնակցելու համար: «Իսկապես, շատ-շատ են աղջիկները, ովքեր ուզում են նկարահանվել: Հենց առաջին հաղորդումից հետո բազմաթիվ զանգեր եղան: Ինձ համար էլ էր անսպասելի, որ Հայաստանում այդքան աղջիկներ կհամաձայնեին մերկ նկարահանվել: Կարծում եմ՝ այստեղ մի գաղտնիք կա՝ ամեն ինչ չափի մեջ է եւ վուլգար չէ: Հարցազրույցներն էլ կանանց հետ շատ նորմալ թեմաներով են, մենք սեքսից չենք խոսում, պարզապես զրուցում ենք կին-տղամարդ հարաբերությունների մասին: Ունենք ֆոտոսեսիա արած լրիվ մերկ նկարներ, որտեղ աղջիկների կուրծքը պարզ երեւում է, բայց դա արված է էսթետիկայի մեջ, որովհետեւ կերպար ենք ստացել: Ինձ պրոֆեսիոնալ մարդիկ ասում են, որ քո արածն այնքան սեքս չի, որքան գեղեցիկ ու աչք շոյող, չնայած հենց դա է իմ կարծիքով ամենասեքսուալը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Վիգեն Մնոյանը: Ըստ նրա, կարելի է նույն հագուստով նկարել կնոջը սեքսուալ, բայց վուլգար եւ կարելի է մերկացնել նրան, բայց այդ ամենը լույսերի միջոցով շատ ճաշակով մատուցել. «Մենք նախօրոք տեսնում ենք աղջկան ու պատկերացնում, թե նրանից, կոպիտ ասած, ինչ կարելի է ստանալ: Ստիպողաբար ոչինչ չի արվում»: Քանի որ աղջիկները նշում են իրենց անունները եւ հեռուստաէկրանի վրա հեռախոսահամար է թողնվում, մեր հարցին՝ չե՞ք վախենում, որ կընկալվեք որպես կավատ՝ Վիգեն Մնոյանը պատասխանեց. «Ես ոչ մի մարմնավաճառուհու չեմ հրավիրել ինձ մոտ՝ հաղորդմանը մասնակցելու ու չեմ էլ հրավիրելու առաջիկայում: Ես այդ խնդիրը չունեմ, ես նկարում եմ, ցույց եմ տալիս գեղեցկությունը: Կան աղջիկներ, որոնք ամուսնացած են ու շատ երջանիկ են, նրանց ամուսինները դեմ չեն լինում հեռուստատեսությամբ այդպես տեսնել իրենց կնոջը, նրանք ոչ մի վատ բան դրա մեջ չեն տեսնում: Բոլորս էլ գիտենք, որ պոռնկությունն ավելի շատ լինում է թաքնված, այնպես որ, եթե ես սուտինյոր եմ, ուրեմն սուտինյորներ են նաեւ այն ռեժիսորները, ովքեր իրենց ֆիլմերում մերկ դերասանների են նկարում»:

Վիգենը համաձայն է հաղորդման համար նկարել նույնիսկ այնպիսի աղջիկների, որոնք շատ տգեղ կառուցվածք ունեն եւ իր ճաշակով չեն. «Պարտադիր չէ, որ կինը 90-60-90 ստանդարտներին համապատասխանի, բայց հերոս ընտրելիս պետք է ինչ-որ արդյունք պատկերացնես: Կան մարդիկ, որոնց ուղղակի ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է մատուցել, ուստի նրանց կմերժեմ: Եթե լինի շատ գեր կին, բայց սեքսուալ՝ միանշանակ կնկարեմ, որովհետեւ կարելի է ճիշտ տեղերը բացելով-փակելով՝ ճիշտ ռակուրսներով ու լույսերով ստանալ շատ լավ պատկեր: Ոչ ոք Հայաստանում իդեալական չէ: Մեր կանայք խնամքի հետ կապված խնդիրներ ունեն, նույնիսկ երիտասարդները չեն խնամում իրենց, դրա համար ստիպված ենք լուսանկարչական ողջ հմտություններն օգտագործել, որ կարողանանք նորմալ արդյունք ստանալ՝ հեռուստատեսության համար: Նկարահանվող կանանցից ոչ մեկն իդեալական չէ: Ես զարմանում եմ, երբ տեսնում եմ ընդամենը 15 տարեկան աղջիկներ՝ ցելյուլիտով: Նրանք իրենց չեն խնամում, եւ դա տղամարդկանցից է գալիս, տղամարդը պետք է իր կողքի կնոջից պահանջի խնամք: Կինն էլ պետք է ամեն ինչ անի, որ միշտ գրավիչ երեւա»:

Կանանց սեքսուալ դիրքերով լուսանկարահանման ընթացքում Վ. Մնոյանը նաեւ երբեմն շոշափում է նրանց մերկ մարմինը, հորդորում փորը ներս քաշել, կուրծքն առաջ տանել եւ այլն: Մեր հարցին՝ նկարահանվող մերկ կնոջ նկատմամբ սեքսուալ ցանկություններ չե՞ն առաջանում՝ նա պատասխանեց. «Ես նկարահանման ժամանակ միայն աշխատանքով եմ զբաղվում, բայց յուրաքանչյուր նկարահանվող օբյեկտ պիտի նախ ինձ դուր գա, որ հետաքրքիր բան գտնեմ մեջն ու կարողանամ լավ նկարել: Իսկ այլ ցանկություններն իմ մեջ ստուդիայից դուրս են արտահայտվում, ես աշխատանքի մեջ ինձ էթիկապես թույլ չեմ տալիս նման բաներ. թե՛ ես, թե՛ մեր ստիլիստը, թե՛ նկարահանող խումբը այդ մի քանի ժամվա ընթացքում անջատում ենք մեզ… Հակառակ դեպքում՝ ես կկորցնեմ իմ ողջ կլիենտուրան»:

Առաջիկայում «Մեծերի համար» հաղորդման համար նկարվելու են հայ տղամարդ աստղեր՝ մերկ կանանց հետ: Իսկ ընդհանրապես, եթե տղամարդիկ դիմեն՝ այդ հաղորդմանը մերկ մասնակցելու համար, Վիգենը նրանց կմերժի. «Ես չեմ ուզենա դա նկարել, որովհետեւ չեմ կարծում, թե ինձ մոտ կստացվի, բացի այդ, դա գեղեցիկ չի լինի. ես չեմ կարողանա մերկ տղամարդուն ճիշտ մատուցել…»:

Վ. Մնոյանը դեռ ամուսնացած չէ, ուստի դժվարացավ պատասխանել՝ կթողնե՞ր իր կնոջը նման հաղորդման մեջ մերկ նկարահանվել. «Եթե նա ընտրած լինի մոդելի կամ դերասանի մասնագիտությունը, պիտի պատրաստ լինեմ նաեւ դրան, օդի մեջ չեմ կարող խոսել, բայց մի բան փաստ է՝ ես նորմալ եմ վերաբերվում բոլոր այն տղամարդկանց, որոնց կանայք նկարվել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել