Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանուհու անհատականը

Սեպտեմբեր 09,2009 00:00

Սեպտեմբերի 7-ին «ՀայArt» մշակութային կենտրոնի 5-րդ ցուցասրահում բացվեց նկարչուհի Տիգրանուհի Մարտիրոսյանի՝ 44 գեղանկարչական աշխատանքներից կազմված երեւանյան առաջին անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ սեպտեմբերի 17-ը: 27-ամյա Տիգրանուհին Հայաստանի նկարիչների միության անդամ է 2003 թ.-ից: Մայրաքաղաքում ունեցել է մի քանի խմբակային, իսկ Հունգարիայում (2002, 2003, 2004) եւ Կիեւում (2004)՝ նաեւ անհատական ցուցահանդեսներ: Մեր հարցին՝ ինչո՞ւ է անհատական ցուցահանդեսներով նախ արտերկրում ներկայացել, հետո միայն՝ Հայաստանում, նկարչուհին ասաց. «Ցանկացա սկզբում արտերկրում ցուցադրվել, որովհետեւ դրսում ավելի շատ են գնահատում: Բայց ճանաչվելու հատուկ նպատակ չունեմ, որովհետեւ, եթե իրոք նկարիչ ես, Աստծուց տրված շնորհք ունես, առանց ջանք գործադրելու ճանաչման կհասնես»:

Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչական ֆակուլտետի շրջանավարտը նկարել սկսել է փոքր հասակից: Առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ նկարիչ Արիս Մարտիրոսյանը: Պարզեցինք, որ նկարչուհին յուրաքանչյուր նկարը նախ երազում է տեսնում, ապա փոխանցում թղթին: Տիգրանուհու՝ յուղաներկով արված ավանգարդ ոճի նկարներում մարդն է ու բնությունը: Գերիշխող կարմիր ու սեւ գույներով Տիգրանուհին սեր ու կիրք է արտահայտում, մարդկանց էլ՝ բարության ու սիրելու կոչ անում: Առանց վրձնի ու ներկերի կյանքը չպատկերացնող նկարչուհին անկեղծացավ. «Չեմ սիրում նկարներին վերնագիր դնել, ինչը ստիպված էի անել ցուցահանդեսի համար, սիրում եմ, երբ դիտողն ինքը նայում եւ մտքում նկարին անուն է տալիս»:

Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930