Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐՔԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ՉԻՔ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում նախաստորագրված արձանագրությունների շուրջ ընթացող քննարկումները հայաստանյան քաղաքական ուժերը անբավարար են համարում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ օգոստոսի 31-ի ուշ երեկոյան հրապարակված հայ-թուրքական երկրորդ համատեղ հայտարարության մեջ շեշտված է, թե՝ երկկողմ հարաբերությունները սահմանող երկու արձանագրությունների շուրջ ներքին քաղաքական քննարկումները պետք է ավարտվեն վեց շաբաթվա ընթացքում, որից հետո դրանք ստորագրվելու եւ ներկայացվելու են խորհրդարաններին՝ վավերացման համար: Ներքին քննարկումների համար սահմանված ժամկետից մեկ շաբաթն արդեն անցել է, բայց հայ-թուրքական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ ժամանակացույցով նշված գործողությունների շուրջ հանրային քննարկումներ, որպես այդպիսիք, չկան: Իհարկե, մամուլի ակումբներն իրենց նախաձեռնությամբ քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչների, փորձագետների հրավիրում են իրենց դիրքորոշումը խնդրո առարկայի շուրջ ներկայացնելու համար, ու այդ ասուլիսներին երբեմն եւ ընտրողաբար անդրադառնում են նաեւ հեռուստաընկերությունները, որոշ կուսակցություններ փաստաթղթի հրապարակումից հետո հայտարարություններ են արել, բայց ասել, թե հենց այդպիսին պիտի լիներ այս կարեւորագույն հարցի շուրջ հասարակական քննարկումը՝ ճիշտ չէր լինի: Դրանք չեն կարող բավարար եւ լիարժեք լինել, եթե գործող իշխանությունը, որը ստանձնել է երկրում քննարկումներ նախաձեռնելու գործը, մի կողմ է քաշված: Համենայնդեպս, քննարկումների այսօրվա մակարդակից գոհ են միայն իշխանությունները: Իսկ հասարակության, քաղաքական ուժերի ընդհանրական դիրքորոշումները ամփոփելու տեսանկյունից դրանք բավարար չեն համարում ո՛չ ՀՅԴ-ում, ո՛չ «Ժառանգությունում», ո՛չ էլ ՀԱԿ-ում:

ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի ժ. պ. Տիգրան Բալայանը «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց, թե կարելի է արձանագրել, որ քննարկումներն արդեն սկսված են, քանի որ այդ խնդրի առնչությամբ տարբեր կարծիքներ են հնչում:

Նա դժվարացավ ասել, թե արդյոք պետական մակարդակով քննարկումներ կկազմակերպվե՞ն, թե՞ այդ ծանրությունը կմնա ԶԼՄ-ների վրա: «Այս պահին քննարկում նախարարի մակարդակով կլինի կամ թե ինչ ձեւաչափով քննարկումներ կարող են նախատեսվել՝ չեմ կարող ասել: Բայց որ հավելյալ շփումներ կլինեն՝ հնարավոր է: Պարզապես դրանք պետք է հարմարեցվեն նաեւ նախարարի օրակարգի հետ»,- ասաց Տ. Բալայանը:

Բայց ենթադրենք, թե առաջիկա 5 շաբաթների ընթացքում շատ ակտիվ քննարկումների արդյունքում պարզվում է, որ մեր հասարակության կամ քաղաքական ուժերի մեծամասնությունը դեմ է այդ արձանագրությունների վավերացմանը: Կա՞ այդպիսի մտավախություն եւ ի՞նչ է հետեւելու դրան: «Այսօր ընթացող քննարկումներն արդեն ցույց են տալիս, որ զգալի մասը կողմ է: Ես մտավախությունների մասին չեմ խոսում, ուղղակի արձանագրում եմ փաստ՝ անցած 8 օրվա ընթացքում տեղի ունեցած քննարկումները ցույց են տալիս, որ հասարակության զգալի մասը կողմ է»,- վստահեցրեց ԱԳՆ մամուլի խոսնակը: Մինչդեռ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը երեկ իր ասուլիսում հայտարարեց. «Եթե մամուլի ակումբներում մենահամերգներն են քննարկումներ համարվում, ուրեմն՝ իշխանությունը լուրջ խնդիրներ ունի»: Նրա ասելով, առաջիկա շաբաթվա ընթացքում պարզ կդառնա, թե որքանով են ՀՀ խորհրդարանական մեծամասնությունն ու իշխանությունները շահագրգռված արձանագրությունների վերաբերյալ խորհրդակցությունների կազմակերպմամբ: Ստ. Սաֆարյանը նաեւ հիշեցրեց, որ սեպտեմբերի 4-ին ինքը խմբակցության անունից, որպես առաջին քայլ, նամակով դիմել է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովին՝ խորհրդարանական լսումներ անցկացնելու խնդրանքով: «Առավոտի» տեղեկություններով՝ այդ նախաձեռնությանը համաձայնել է հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Իսկ նա, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի ասելով՝ ընդամենը հանձնաժողովի նախագահն է, բայց մեծամասնություն չէ: Կ. Մանոյանի դիտարկմամբ, հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ այսօր առկա արձագանքն այն չէ, ինչ որ պիտի լիներ այս ընթացքում: «Դեռ վերջնականապես նույնիսկ պարզ չէ, թե այս հասարակական քննարկում ասածի եզրակացություն կլինի՞, թե՞ չի լինի: Որ նաեւ քաղաքական, հասարակական մակարդակի քննարկումներ պետք է անցկացվեն՝ դա փաստ է, բայց թե այդ բոլոր քննարկումների ժամանակ արտահայտված դիրքորոշումները, ի վերջո, ինչ-որ մի տեղ կհասնեն՝ այնքան էլ պարզ չէ»,- նկատեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը՝ հավելելով միայն, որ Դաշնակցությունը փորձելու է հասնել նրան, որ քննարկման առաջարկված արձանագրություններում որոշ փոփոխություններ արվեն, իսկ այս պահի դրությամբ քննարկումների մակարդակը Մանոյանին չի բավարարում:

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն էլ նկատեց, որ եթե գործող իշխանությունները պարտավորություն են ստանձնել, որ վեց շաբաթվա ընթացքում երկրի ներսում քաղաքական քննարկումներ են լինելու, ապա նրանք պարտավոր են ապահովել այդ քննարկումների համապատասխան դաշտը, որպեսզի հասարակական եւ քաղաքական բոլոր կազմակերպությունները հնարավորություն ունենան արտահայտելու իրենց տեսակետները: Հովհ. Հովհաննիսյանի ասելով, այդ խնդրին պետք է ծառայեն նաեւ իշխանության վերահսկողության տակ գտնվող էլեկտրոնային ԶԼՄ-ները, մամուլը: «Ի վերջո, այս հարցի քննարկումը միայն մամուլի ակումբների խնդիրը չի: Ես հետեւում էի հեռուստաընկերությունների հաղորդումներին, եւ այնտեղ, օրինակ, ընդդիմության կարծիքը բացարձակապես չի լսվում, ընդդիմադիր ոչ մի գործիչ որեւէ հեռուստաընկերությամբ այդ հարցի շուրջ ելույթ չի ունենում: Ինչպես միշտ, էս երկրում այս հարցում էլ հավասարակշռությունը չի ապահովվում: Խոսում են միայն մարդիկ, ովքեր հասկանալով կամ չհասկանալով՝ գովերգում են այդ փաստաթուղթը, որոնց համար քծնելն ու շողոքորթելը դարձել է փեշակ: Դա համարել երկրի ներսում ծավալված քննարկումներ՝ ծիծաղելի է»,- ասաց ԼԿ նախագահը: Երբ հարցրինք, թե ինքն այս հարցի շուրջ ի՞նչ ձեւաչափով քննարկումներ է ակնկալում, ՀԱԿ ներկայացուցիչն արձանագրեց, թե՝ արդեն շատ վաղուց Հայաստանին վերաբերող քաղաքական բոլոր տեղեկությունները հայաստանցիները ստանում են ադրբեջանական կամ թուրքական աղբյուրներից: «Էս երկրի իշխանությունները, այդ թվում՝ արտգործնախարարությունը, մեր հասարակության հետ բացարձակապես շփման մեջ չեն մտնում, իրականությանը համապատասխանող տեղեկատվություն չեն տրամադրում: Մեկը եզի տակ հորթ է ման գալիս, մյուսը առաջարկում է դա չանել: Այդպես չի լինում: Գործող իշխանությունները քաղաքական երկխոսության, քաղաքական բանավեճի համար այս հասարակությանը ոչ մի լիարժեք տեղեկատվություն չեն տալիս: Ասվում են միայն կցկտուր բաներ: Սրա շուրջ քննարկում անել կամ եղածը քննարկումներ համարել չի կարելի: Հայ-թուրքական հարաբերությունները մեր երկրի, հայ ժողովրդի համար կարեւորագույն, թերեւս, համար մեկ նշանակության հարցերից մեկն է, բայց մեր հասարակությունը դրան բացարձակ անհաղորդ է»,- հայտարարեց Հովհ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե նույնիսկ իսկապես լուրջ քննարկումներ էլ ծավալվեին, միեւնույն է՝ դրանք որեւէ դեր չէին կարող ունենալ փաստաթղթերի վավերացման- չվավերացման հարցում, որովհետեւ իրականում քննարկում ասվածը այս իշխանությունների համար ձեւական բնույթ է կրում: Ուստի՝ քննարկման այն մակարդակը, որն այսօր կա, իշխանությանը լիովին բավարարում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել