Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆիի քայլը պայմանավորված չէ ներկուսակցական խնդիրներով

Սեպտեմբեր 10,2009 00:00

Երեկ պնդեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը

«Սեպտեմբերի 9-ի մամուլը թերթելուց հետո ես տեսա մի հետաքրքիր նույնականություն իշխանությանը սպասարկող թերթերի եւ ՀԱԿ պաշտոնաթերթերի միջեւ: Ընդհանրությունը շատ հստակ է եւ նույնն է՝ թիրախը Րաֆֆի Հովհաննիսյանը,- երեկ «Արցախ» ակումբում հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:- Ես կարծում եմ՝ մտահոգություններն էլ նույնն են, եւ հաջորդեցին իմ ու Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությանն այն մասին, որ առաջիկայում «Ժառանգությունը» լինելու է ավելի ինքնուրույն ու կենտրոնաձիգ կուսակցություն: Եվ հայտարարեցինք, թե առաջիկա՝ հերթական թե արտահերթ ընտրություններին մասնակցելու ենք սեփական թեկնածուով»:

Նա մասնավորապես անդրադարձավ թերթերից մեկի հրապարակմանը, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը ներկայացվում էր իբրեւ ներկուսակցական սկանդալի հետեւանք: «Ժառանգության» 2008-ի հուլիսի 11-ին տեղի ունեցած համագումարի ժամանակ, ըստ հրապարակման՝ Արմեն Մարտիրոսյանը կեղծել էր կուսակցության վարչության անդամների ընտրության արդյունքները՝ նպատակ ունենալով ձեւավորել իշխանությունների համար վերահսկելի վարչության կազմ, եւ «նորընտիր վարչության անդամ Արթուր Սարդարյանը զոհ է գնացել ամբողջ այս պատմությանը»: Նաեւ նշված էր, որ երբ այս պատմությունը բացահայտվել է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցական վերնախավին կոչ է արել հանգուցալուծել ստեղծված իրավիճակը, եւ երբ դա չի արվել՝ նա իր օրինակով փորձել է ցույց տալ, թե ինչպես է անհրաժեշտ վարվել: 

Ստյոպա Սաֆարյանի պատմածով՝ այդ համագումարում իրոք եղել է քվեաթերթիկներ լցնելու փորձ, բայց՝ «Հովսեփ Խուրշուդյանն ու Արմեն Մարտիրոսյանը հենց այն կուսակցականներն են եղել, որոնք կանխել են վարչության ընտրությունները կեղծելու փորձը, այդ թվում՝ առգրավելով այդ քվեաթերթիկները: Նրանք այն կուսակցականներն են եղել, որոնք մեզ հետ միասին պահանջել են անհապաղ հետաքննություն իրականացնել, եւ ձեւավորվել է հանձնախումբ»: Նա չբացահայտեց այն մարդկանց անունները, որոնք կեղծելու փորձ են արել եւ արժանացել կուսակցական պատժի: Սակայն նրանց մասին ասաց. «Մի երկու խառնակիչ ուղղակի ժամանակին խոստումներ էին ստացել ՀԱԿ ներկայացուցիչների կողմից պաշտոններ ստանալու վերաբերյալ: Տապալվելուց հետո շրջվեցին ու սկսեցին պաշտոններ ուզել մեզնից»: Ըստ նրա՝ կեղծարարության փորձն արվել էր հօգուտ Արթուր Սարդարյանի, նա էլ խոստովանել էր այդ արարքի դրդապատճառները եւ «անհապաղ ներկայացրել ինքնահրաժարականի մասին դիմում ու հրաժարվել վարչության անդամի կարգավիճակից: Նրա մյուս կամպանյոններն ազատվեցին ԸԸՀ-ներում իրենց պաշտոններից: Բայց ակնհայտորեն մեր պատիժը եղել է մեղմ ու ոչ համարժեք»:

Իր ներկայացրածին հակադիր վարկած հրապարակելու նպատակն, ըստ պրն Սաֆարյանի՝ եղել է «Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի արժեզրկումը, այն պայմանավորելը իբր թե ներկուսակցական խնդիրներով»: Եվ ընդհանրապես՝ ըստ նրա՝ «Ազգային ժողովը կարող է տեղ լինել իմ նման սկսնակ քաղաքական գործչի, բայց ոչ Րաֆֆի Հովհաննիսյանի նման առաջնորդի համար: Դա ճահիճ է, որտեղ անգամ ես երկար չէի ցանկանա մնալ»:

Հ. Գ. ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը Ստեփան Սաֆարյանի արած պնդումների կապակցությամբ երեկ NEWS.am-ին ափսոսանք է հայտնել, որ թերթի հրապարակումը վերագրվել է Հայ ազգային կոնգրեսին. «Կոնգրեսը չունի պաշտոնաթերթ եւ հարգում է բոլոր լրատվամիջոցների անկախությունն ու խոսքի ազատությունը: Կոչ ենք անում մեր գործընկերներին՝ ձեռնպահ մնալ հապշտապ եզրակացություններից: Մենք եղել եւ շարունակում ենք լինել «Ժառանգության» հետ համագործակցության կողմնակիցը, ուստի շահագրգռված ենք նրա համախմբվածությամբ եւ միասնականությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել