Լրահոս
Օրվա լրահոսը

80-ԱՄՅԱ «ԾԻԾԵՌՆԱԿ»

Սեպտեմբեր 10,2009 00:00

«Ծիծեռնակ» հանդեսը 80 տարեկան է: Երեւանի կամերային երաժշտության տանը երեկ մտավորականների համախմբումն այդ առիթով էր: Հանդեսի գլխավոր խմբագիր Անուշ Վադանյանի խոսքով, ամսագիրը մշտապես գեղարվեստական նոր խոսքով երեխաներին կրթելու առաքելությունն է շարունակում: «80-ամյա հոբելյանի առիթով լույս տեսած ամսագրի այս համարը տարբերվում է նրանով, որ 1000 օրինակ տպագրել ենք դասական ուղղագրությամբ եւ առաջիկայում ծրագրել ենք մեկնել Սիրիա, Լիբանան ու հայկական համայնքներում տարածել»,- ասաց Ա. Վարդանյանը: Նրա խոսքով, այդ ծրագրի շրջանակում «Ծիծեռնակը» հասանելի կլինի նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հայ համայնքներում: Տիկին Վարդանյանն ասաց, որ երեխաներին հետաքրքրելու համար մշտապես նոր թեմաներ են մշակում. «Էկոլոգիային նվիրված նյութեր ունենք, Հայաստանի բույսերի մասին՝ շարք, անդրադառնալու ենք դասականների մտքերին, նաեւ սեռական դաստիարակությանը»: «Ծիծեռնակի» 80- ամյա հոբելյանին ներկա էր նաեւ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նրա համոզմամբ, «Ծիծեռնակը» 80-ամյա մանուկ է՝ մշտապես մնալով իր լսարանի նման զարմանալի. «Այս հանդեսը միշտ մնացել է իր կոչմանը հավատարիմ՝ գեղեցիկի, բարու, ճշմարտության ավետաբերը: Հենց այս ամսագրի էջերում են մեր գրողները մանկանում, մանուկները՝ իմաստնանում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել