Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԽՈՀԱՐԱՐ ԵՆ ՈՒ ԳԻՆԵԿՈԼՈԳ

Սեպտեմբեր 10,2009 00:00

Քանի որ առաջնորդվում են հետաքրքրասիրությամբ

Չնայած խոհարարությամբ հիմնականում զբաղվում են կանայք, սակայն այն համարվում է ամենատղամարդկային մասնագիտություններից մեկը: Դա, շատերի կարծիքով, գիտականորեն ապացուցված փաստ է, քանի որ տղամարդիկ սննդի պատրաստմանը մոտենում են ավելի ստեղծագործաբար: Հենց այդ պատճառով նրանց պատրաստած ուտեստներն ավելի համեղ են ու հետաքրքիր: Սա պարզվել է akumb.am կայքէջում անցկացված քննարկման արդյունքներով… Քննարկման մասնակիցներից մեկի խոսքերով, տղամարդկանց պատրաստած կերակրատեսակները չեն կարող պարզապես «միջակ» ստացվել, քանի որ դրանք կամ գլուխգործոց են, կամ միանգամից ուղարկվում են աղբանոց: Ուստի միանգամայն ճիշտ է ասել, որ լավագույն խոհարարները տղամարդիկ են:

Կայքի քննարկման մասնակիցները մյուս ամենատղամարդկային մասնագիտությունը համարել են բժիշկ-գինեկոլոգինը: Artgeo անունով ներկայացած մասնակցի կարծիքով, բնության հանելուկ է այն, որ տղամարդիկ ավելի լավ են հասկանում կանանց ֆիզիոլոգիան, քան հենց կանայք. «Պատճառը նույնիսկ կնոջ նկատմամբ սերը չէ, քանի որ պրոֆեսիոնալ գինեկոլոգը դա նույնիսկ թույլ չի տա, եւ ոչ էլ ձեռքերի հմտության հարցը, այլ… հետաքրքրասիրությունը՝ «ի՞նչ է նրա ներսում»: Իսկ թե ինչպե՞ս են կարողանում այդքան կանանցից հետո գինեկոլոգ տղամարդիկ զբաղվել սեռական հարաբերություններով, պատմությունը լռում է»:

Ըստ քննարկմանը մասնակից ivy-ի, ինչքան էլ հավասարություն-հավասարություն հայտարարվի, միեւնույն է, պահպանվում են «տղամարդկանց» եւ «կանանց» մասնագիտություն հասկացությունները. «Բացի այդ, բոլոր հասարակություններում կան որոշակի պատկերացումներ, թե որ մասնագիտությունն ում է ավելի «սազական»: Բայց ասեմ, որ ես ինքս մի քիչ վախենում եմ տղամարդ գինեկոլոգներից. ուղեղումս չի տեղավորվում՝ ինչը կարող է տղամարդուն ստիպել դառնալ գինեկոլոգ, ինձ անընդհատ թվում է՝ նրանց հոգեկանում մի բան էնպես չի»: Ի պատասխան ivy-ի, Dekada-ն ասել է, որ տղամարդիկ գինեկոլոգ են դառնում հետաքրքրությունից դրդված եւ այն մղումով, որ «որտեղ նստեն, ասեն՝ քաղաքի կանանց 80%-ն անցել է իրենց «ձեռքի տակով»: «Ուլուանա»-ի խոսքերով էլ, տղամարդ գինեկոլոգների հանդեպ վախը, ամաչկոտությունը եւ ընդհանրապես տարօրինակ զգացողությունը բնական է. «Բայց, հավատացեք, երբ առողջական խնդիր ես ունենում եւ ուշք ու միտքդ դրանից հնարավորինս շուտ ազատվելն է, քեզ համար բացարձակապես միեւնույն է լինում՝ քեզ զննող գինեկոլոգը տղամարդ է, կին, թե ընդհանրապես չեզոք սեռի ներկայացուցիչ: Կարծում եմ՝ տղամարդու գինեկոլոգ դառնալը՝ խոհարար դառնալուց ավելի տարօրինակ չէ։ Ու երեւի այդ երկուսի բացատրություններն ընդհանուր հիմք ունեն»։

Անդրադառնալով խոհարարի մասնագիտությանը՝ ivy-ն akumb.am-ում գրել է. «Կանայք իրենց ժամանակի մեծ մասը խոհանոցում անցկացնելով՝ այնքան էլ չեն ձգտում դա մասնագիտություն դարձնել։ Իսկ ո՞ր տղամարդիկ են զբաղվում խոհարարությամբ։ Հավանաբար նրանք, ովքեր իսկապես տարվում են դրանով՝ դարձնելով հետաքրքիր հոբբի, հետո էլ՝ մասնագիտություն։ Տղամարդու համար խոհարարությունը ավելի շատ արվեստ է, կնոջ համար՝ պարտականություն, գուցե հաճելի, բայց, միեւնույն է, պարտականություն։ Դրա համար կանայք չեն ձգտում շեֆ-խոհարարի կարիերայի, իսկ տղամարդիկ, ովքեր տարված են խոհարարությամբ, զարգացնում են իրենց «արվեստը»՝ հասնելով բարձունքների։ Այդ պատճառով աշխարհի գրեթե բոլոր հանրաճանաչ խոհարարները տղամարդիկ են»։

«Ձայնալար»-ի կարծիքով էլ, բոլոր մասնագիտություններն էլ տղամարդկային են. «Դե, իսկ կանայք էլ կողքից զբաղվում են…»:

Ամենատղամարդկային մասնագիտությունների հնգյակում իրենց տեղն են գտել նաեւ հրշեջները, օդաչուներն ու տիեզերագնացները, քանի որ կին օդաչուի, տիեզերագնացի ու հրշեջի հազվադեպ կարելի է հանդիպել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել