Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՐԴԵՆ ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ»

Սեպտեմբեր 11,2009 00:00

\"\"Հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններից նման տպավորություն է ստացել Արկադի Կարապետյանը

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը անհանգստացած է հայ-թուրքական հարաբերությունների՝ կողմերի միջեւ նախաստորագրված արձանագրությունների հիմքով բարելավման հեռանկարով: «Հայ-թուրքական հարաբերություններում միայն Թուրքիան չի, Ադրբեջանն էլ, ադրբեջանցիներն էլ են թուրք: Եթե Երեւանում դա չգիտեն, մենք լավ գիտակցում ենք»,- երեկ «Առավոտի» հետ կիսելով իր մտավախությունները՝ ասաց հրամանատարը: Բացի այդ, ուսումնասիրելով նախաստորագրված արձանագրությունները, նա տպավորություն է ստացել, որ «թուրքերն արդեն Երեւանը գրավել են»: Իսկ թե՝ ինչո՞ւ, հրամանատարը պարզաբանում է. «Արձանագրություններում երեք կետ կա, որոնք նման տպավորություն են ստեղծում: Այդ կետերը Հայաստանին պարտադրված են. ասենք՝ «…վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը»: Ինձ թվում է, որ մեր պետական այրերը ավելի խելոք չեն, քան ճապոնացիները, որոնք մինչեւ այսօր Ռուսաստանի սահմանները չեն ճանաչում: Կամ՝ գերմանացիները, որոնք չեն ընդունում, որ Կալինինգրադն իրենցը չի: Այս կետը կարդալուց հետո տպավորություն ես ստանում, որ մենք պաշտոնապես հրաժարվում ենք Արեւմտյան Հայաստանից, 15 թվականի իրադարձություններից, իսկ Ղարաբաղն էլ դուրս է մնում Հայաստանի սահմաններից: Մինչդեռ երազում էինք Ղարաբաղի միացում ՀՀ-ին: Սրանով փակում ենք օղակը՝ Ղարաբաղին թողնելով մենակ ու ամեն ինչից դուրս: Նույն կետի շարունակությունն է՝ «…դատապարտելով ահաբեկչության, բռնության, ծայրահեղականության բոլոր ձեւերը՝ անկախ դրանց պատճառներից, եւ խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց եւ հանդուրժելուց, համագործակցել դրանց դեմ պայքարում»: Այսինքն՝ մեզ համարելու են ծայրահեղական, առանց այդ էլ համարում են, եւ Հայաստանին պարտադրելու են մեր դեմ պայքարելու: Այդ պայմանագրով Հայաստանը պարտավորվում է Թուրքիայի հետ միասին Ղարաբաղի դեմ կռվել: Իսկ պատմաբանների հանձնաժողովը ուղղակի խայտառակություն է: Անգամ խոսքեր չես գտնում ասելու»:

Նկատեցինք, որ արձանագրությունների հրապարակումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանումներով հանդես եկավ եւ ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂՀ հարցը միեւնույն փաթեթում չեն, բայց ՀՀ նախագահի խոսքերին մեր զրուցակիցն այդքան էլ չի վստահում. «Դա դիվանագիտություն է: Դիվանագիտությունն էլ նրա համար է, որ խոսքերով խաբեն: Մենք էլ այդքանը հասկանում ենք»: Մեր զրուցակիցը նաեւ առաջարկում է ազգովին հավաքվել ու հեռուստացույց գնել մեր պաշտոնյաների համար, որպեսզի նրանք գոնե այդպես Մեդվեդեւից, Օբամայից եւ մնացյալից մի բան սովորեն: «Օրինակ, Մեդվեդեւը մի ամիս առաջ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դիվանագիտական ասպարեզում մենք ամեն մի խոսքի համար մեծ պայքար ենք տանում: Հետեւելով նրանց քաղաքականությանը՝ այդպես էլ կա, հանուն իրենց շահի ամեն ինչ անում են: Ցավոք, Հայաստանում նման պայքար չկա: Այս արձանագրություններն էլ այն բարաթն են, որով գյուղացուն պետք է համոզեն, թե Ղարաբաղի մասին բան չկա գրված, որովհետեւ «Ղարաբաղ» բառը չկա»: Արկադի Կարապետյանը չի կիսում ԼՂՀ այն խորհրդարանականների կարծիքը, ովքեր գտնում են, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն ավելի շատ ձեւական է, քան՝ իրական, ուստիեւ անհանգստանալու լուրջ հիմքեր չկան: «Մենք, իհարկե, թույլ չենք տա, որ այս արձանագրություններն իրականություն դառնան, բայց եթե մի քանի նման փաստաթղթեր ընդունվեն՝ դա կլինի վերջը: Մենք կսովորենք, իմունիտետ ձեռք կբերենք դրանց նկատմամբ, մինչեւ իրականում նման լուծումներ կպարտադրվեն: Ի՞նչ է նշանակում՝ «խաղեր են»: Ի՞նչ խաղեր են, եթե խաղեր են՝ թող նման փաստաթուղթ չլիներ: Ժողովրդին միշտ լարված անհանգստության մեջ են պահում: Յուրաքանչյուրն իր գործով զբաղվելու փոխարեն՝ ամբողջ օրը մարդիկ մտածում են, թե սրանցից ու էս թղթերից ոնց պրծնեն: Հիմա, որ ժողովուրդը կանգնի ու չթողնի, հետո իրենք կարդարանան, թե՝ մենք գիտեինք, որ իրականություն չէր դառնալու: Այ, հիմա խոսում են, որ տարածքները ազատագրել ենք, որ հետո փոխանակենք. հիմա են ասում, այն ժամանակ ոչ մեկն էլ նման բան ոչ ասում էր, ոչ էլ մտածում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել