Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՎՆԻՆ ՍՊԱՆՎԵՑ

Սեպտեմբեր 15,2009 00:00

Բայց ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ վերջանալ

\"\"Խոստովանեմ, որ կիրակի օրը գնում էի «Սպանված աղավնի» ֆիլմը դիտելու՝ նախապաշարված: «Հ1-Հրաչ Քեշիշյան-Նազենի» եռամիասնությունը իմ ընկալմամբ շարունակվում է «Ավետ-Ֆելիքս-կլիպներ-աստղեր–չերգիչներ–չպարողներ» շարքով: Այդ ամենն ինձ համար խորհրդանշում է մի աշխարհ՝ բարձրաշխարհիկ, «գլամուրային», որը, ինչպես հասկանում եմ, հոգեհարազատ է այսօրվա երիտասարդության մի մասին, բայց ինձանից չափազանց հեռու է: Ես գերադասում եմ, որ մարդիկ լինեն համեստ, դաստիարակված, կարդացած, քան ագրեսիվ, տգետ եւ լկտի, ինչը, իհարկե, պայմանավորված է իմ եւ ժամանակակից երիտասարդների միջավայրերի, ինչպես նաեւ՝ տարիքային տարբերությամբ:

Ահա այդպիսի ծանր սրտով ես մտա «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճ, որտեղ արդեն մի քանի օր է՝ կատարյալ «անշլագի» պայմաններում ցուցադրվում է Նար-Դոսի հայտնի պատմվածքի հիման վրա ստեղծած կինոնկարը: Միանգամից ասեմ, որ վատ կանխատեսումներս իրականացան ուղիղ 50%-ով: Նախ՝ ֆիլմի առաջին մեկուկես ժամը ոչ մի լավ բան չէր խոստանում: Հասկանալի է, որ դա ապագա 5 սերիանոց հեռուստասերիալ է, եւ կարճ «չափաբաժիններով» ու հեռուստաէկրանի առջեւ դա ավելի հեշտ «կմարսվի», բայց մեծ էկրանը, որը հանդիսատեսից լարվածության բոլորովին այլ աստիճան է պահանջում, բացառում է նման երկարաձգված նախաբանի «շռայլությունը»: Բայց այն պահից, երբ Սառան որպես ծննդյան նվեր ամուսնուն է հանձնում ատրճանակը, գործողությունն ընկնում է «ճիշտ հունի» մեջ, եւ հետագա մեկուկես ժամը նայվում է անհամեմատ ավելի մեծ հետաքրքրությամբ: Որպես կինոդիտող դու սկսում ես ապրել հերոսների զգացմունքներով ու վշտերով, եւ ֆիլմի վերջում՝ ողբերգական հանգուցալուծման ժամանակ, զգալով շուրջս նստած իմ հասակակից կանանց չափազանց էմոցիոնալ ռեակցիան, ես հասկացա, որ ինչ-որ կարեւոր առաքելություն ֆիլմը, այնուամենայնիվ, կատարել է:

Եթե կարճ ձեւակերպեմ, կինոնկարը մի անզուգական գլուխգործոց չէ, բայց մյուս կողմից՝ «պրավալ» էլ չէ, ինչը մեր պայմաններում կարելի է նույնիսկ հաջողություն համարել: Հաջող եւ անհաջող տարրերն այստեղ բաշխված են գրեթե 50/50 հարաբերակցությամբ: Օրինակ, Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» ռոմանսը զգալիորեն «չարաշահված» է՝ այն հերթով կադրում կատարում են թե՛ գլխավոր հերոսը եւ թե՛ գլխավոր հերոսուհին, ինչպես նաեւ բազմիցս հնչում է կադրից դուրս: Փոխարենը ֆիլմի օրիգինալ երաժշտությունը շատ ճշգրիտ էր ընտրված եւ միշտ խփում էր համապատասխան էմոցիոնալ նշանակետին: Կամ՝ հին Թիֆլիսի էքստերյերները (մասնավորապես, «կայարանը») չափից դուրս «պայմանական» էին, ինչը, հավանաբար, վկայում է ֆիլմը ստեղծողների միջոցների սղության մասին: Փոխարենը ինտերյերները, հագուստները եւ ընդհանրապես գունային լուծումները ճաշակով էին ու անհրաժեշտ մթնոլորտ էին ստեղծում:

Դերասանների խաղի մասին: Ես մասնագետ չեմ եւ կարող եմ սխալվել, բայց, իմ տպավորությամբ, պրոֆեսիոնալ առումով, զուտ դերասանական տեխնիկայի տեսակետից Նազենին զիջում էր ֆիլմի բոլոր մնացած դերասաններին: Կան, երեւի, ակներեւ բաներ, որոնք կարող է հասկանալ ցանկացած թատերասեր կամ կինոյի սիրահար՝ ասենք, բեմական խոսքի առումով: Օրինակ, հայտնի է, որ «Շանթի» «Որոգայթ» սերիալում պրոֆեսիոնալ դերասանների կողքին աշխատում են նաեւ բազմաթիվ ոչ պրոֆեսիոնալներ: Դուք կարող եք, չէ՞, տարբերել, թե ինչպես են տեքստը (թեկուզ ամենակոպիտ ժարգոնով) արտասանում, ասենք, Հարություն Մովսիսյանը կամ Գուժ Մանուկյանը եւ «հանցավոր աշխարհը» մարմնավորող տարբեր տեսակի կարատեիստներ: Գիտեմ, որ Նազենին կրթությամբ դերասանուհի է, բայց պրոֆեսիոնալիզմի համար դիպլոմը, կարծում եմ, քիչ է, անհրաժեշտ է նաեւ բեմական փորձ ու, մասնավորապես, դասական ստեղծագործությունների կատարում: Բայց գլխավոր դերակատարուհու այս թերությունը որոշ չափով փոխհատուցվում է նրա՝ չափազանց գեղեցիկ կին լինելով, ինչպես նաեւ ֆիլմի երկրորդ կեսի էմոցիոնալ լարումով: Եվս մի «հակակշիռ» է նաեւ Խորեն Լեւոնյանի համոզիչ խաղը: Եթե նա ներկայացներ 100 տոկոսանոց դատարկ տականքի եւ սրիկայի (ինչպիսին է գրքում Ռուբեն Թուսյանը), դա անհետաքրքիր կլիներ. «ներմուծելով» հերոսի մեջ խղճի եւ անկեղծ զգացմունքի տարրեր՝ Խորենը ու, բնականաբար, ռեժիսորը, մոտենում են իրական, ոչ սխեմատիկ կերպարին: Լավ էր կառուցված ֆիլմի ֆինալը, երբ Միքայելը (որը, որոշ վերապահումներով, ստանձնել էր պրոտագոնիստի, պատմիչի դերը) անցնում է երկու «մրցակցող» տղամարդկանց արանքով, հայտնում է Սառայի մահվան գույժը ու գնում առաջ: Ու երբ հնչում է կրակոցի ձայնը, նա շուռ չի գալիս՝ իմանալու համար, թե ով ում է սպանել կամ ով է ինքնասպանություն գործել, որովհետեւ երկու տղամարդկանց համար էլ կյանքը վերջացած է:

Անկախ ֆիլմի ճչացող թերություններից, դասական ստեղծագործությունը բեմադրելու փորձը խրախուսելի է: Մնում է, որ «Հ1»-ը որբ թողնի իր «Որբերին» եւ լքի իր «Լքյալներին»՝ էժանագին սերիալներ արտադրելու գործը թողնելով մասնավոր հեռուստաընկերություններին: Դրանից հեռուստադիտողը հաստատ շահելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել