Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՅՈՒՋԵՆ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ՞

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"Ըստ ֆինանսական ոլորտի ղեկավարների, բյուջեի վերանայման անհրաժեշտություն չի առաջացել՝ շնորհիվ պետբյուջեի մուտքային մասի կորուստները վերականգնող վարկային միջոցների:

Տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխարհի շատ պետություններ ստիպված եղան վերանայել տարեսկզբին կազմած բյուջեն՝ որոշ բյուջետային ծախսերի կատարումը հետաձգելու եւ պետության համար \"\"լրացուցիչ պարտքեր չկուտակելու նպատակով: Մեր երկրում 2009-ի բյուջեի վերանայման խնդիր չդրվեց, ինչն էլ տնտեսագետների շրջանում քննադատությունների տեղիք տվեց: Մասնավորապես, մի քանի օր առաջ «Ա1+»-ին տված հարցազրույցում ԿԲ նախկին նախագահ Բագատ Ասատրյանն ասել էր, որ «այսօր մենք ապրում ենք մի բյուջեով, որը նախատեսում է 9,2% տնտեսական աճ, բյուջեի դեֆիցիտ՝ ՀՆԱ-ի 1%-ի չափով, որ անգամ Ամերիկան կնախանձեր: Ճգնաժամի պայմաններում, երբ, ասենք, ՌԴ-ն 4 անգամ վերանայեց իր բյուջեն, մենք շարունակում ենք ապրել մի բյուջեով, որը կազմվել է առանց ճգնաժամի հետեւանքները հաշվի առնելու»: Այս առնչությամբ «Առավոտը» մեկնաբանություններ խնդրեց ՀՀ կառավարությունից եւ ֆինանսների նախարարությունից: Թեեւ հարցերը նախապես ուղղել էինք 2 գերատեսչություններին՝ առանձին-առանձին, սակայն ստացանք մեկ միասնական՝ փոխհամաձայնեցված պատասխան, ըստ որի. «Բյուջեն հիմնականում ձեւավորվում է հուլիս-օգոստոս ամիսներին, իսկ նախորդ տարի այս ամիսներին, ընդհուպ մինչեւ հոկտեմբեր ամիսը Հայաստանի տնտեսությունը բնութագրվում էր երկնիշ աճի ցուցանիշներով, իսկ տնտեսական խորը եւ երկարատեւ անկման նկատմամբ ռիսկերը թե մեր եւ թե համաշխարհային տնտեսության համար ընդգծված չէին: Այնուհանդերձ, ՀՀ 2009-ի պետական բյուջեն, իսկապես, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության տակ կատարվում է պետական բյուջեի հաստատման հիմքում դրված մակրոկանխատեսումներից զգալի շեղվածության պայմաններում: Նշված հանգամանքը, բնականաբար, չէր կարող իր դրոշմը չթողնել նաեւ պետական բյուջեի կատարման ընթացքի վրա: Անհրաժեշտություն առաջացավ քննության առնել 2009-ի պետական բյուջեի վերանայման հնարավոր ուղիները: Նման պայմաններում կառավարությունն ուներ 2 ընտրություն. կամ ԱԺ ներկայացնել առաջարկություն՝ 2009-ի պետական բյուջեով նախատեսված ծախսերը կրճատելու մասին, որը կհանգեցներ բյուջեով նախատեսված կարեւորագույն ծրագրերի կատարման ընթացքի խաթարմանը, կամ էլ՝ օրակարգի անհապաղ լուծման կարիք ունեցող հարց դարձնել պետական բյուջեի մուտքային մասի կորուստները վերականգնող լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների հայթայթման խնդիրը, որի լուծումը ոչ միայն հնարավորություն կընձեռեր մեղմել բյուջետային բնագավառում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով առաջացող բարդույթները, այլ նաեւ որոշ չափով խթանել երկրի տնտեսությունը: Կառավարությունն ընտրեց 2-րդ ուղին: Այդ ուղղությամբ միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ ՌԴ կառավարության հետ ՀՀ կառավարության ինտենսիվ աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ ներգրավել զգալի չափով վարկային միջոցներ, որոնց արտացոլումը 2009-ի բյուջեում եւ օգտագործումը կատարվում է եւ կկատարվի բացառապես օրենքով կառավարությանը վերապահված իրավասության շրջանակներում:

Համաձայն վերջին զարգացումների՝ նախատեսվում է, որ 2009-ի բյուջեի եկամուտները կկազմեն 687 մլրդ դրամ, ծախսերը՝ 899.3 մլրդ դրամ, իսկ բյուջեի պակասուրդը կկազմի 212,3 մլրդ դրամ: Վերջիններով էլ պայմանավորված՝ հնարավոր չի լինի ապահովել 2009-ի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի պակասուրդի նախանշված սահմանաչափը: Այդ նկատառումներից ելնելով՝ 2009-ի հունիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից փոփոխություն կատարվեց բյուջետային համակարգի մասին օրենքում, համաձայն որի, ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի պակասուրդի սահմանաչափը 5-ից հասցվեց 7,5%-ի»:

Նույն հարցազրույցում տնտեսագետ Հրանտ Բագրատյանն էլ ասել էր, որ մեր կառավարության կողմից այսօրվա քաղաքականության շարունակման դեպքում հնարավոր է, որ նոյեմբերին Հայաստանը չխուսափի ճգնաժամի 2-րդ, ավելի դաժան փուլից, երբ աշխարհն արդեն աճի մեջ կլինի: Որպես ասվածի հիմնավորում, պարոն Բագրատյանը նշում է, որ եթե ՌԴ-ում տնտեսական անկումը 14-ից դարձել է 10%, ապա Հայաստանում այդ ցուցանիշը 6-ից դարձել է 10%:

Ի պատասխան այս դիտարկումների էլ, «Առավոտը» ստացավ հետեւյալ պատասխանները. «Նախ պետք է փաստել, որ ՀՀ տնտեսությունը փոքր բաց տնտեսություն է, եւ համաշխարհային զարգացումները բավականին ընդգծված դրսեւորումներ են ունենում նաեւ մեր տնտեսությունում, ինչին արդեն ականատես եղանք՝ ի դեմս տնտեսական անկման: Հետեւաբար, հնարավոր չէ, որ ամբողջ աշխարհը՝ այդ թվում Ռուսաստանը, թեւակոխի վերելքի փուլ, իսկ Հայաստանում դեռ երկար ժամանակ նկատվեն տնտեսական անկման երեւույթներ: Սակայն պետք է հաշվի առնել մի տնտեսագիտական երեւույթ, համաձայն որի, գործողությունների եւ դրանց իրական արդյունքների միջեւ կա ժամանակային անջրպետ, ինչը տնտեսագիտության լեզվով կոչվում է արտաքին լագ: Այսինքն՝ ժամանակ է պետք, որպեսզի կառավարության ընդլայնող գործողությունները կլանվեն տնտեսության կողմից եւ ունենան իրական հետեւանքներ: Երրորդ, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի տնտեսությունը մեծ դերակատարություն ունի մեր տնտեսական կյանքում, օրինակ, ՀՀ ներհոսող մասնավոր տրանսֆերտների, որը մեր ՀՆԱ-ի 14-16%-ն էր կազմում, գերակշիռ մասը գալիս է ՌԴ-ից: Իսկ այդ տրանսֆերտների մուլտիպլիկատիվ էֆեկտը մեծ է մեր երկրի տնտեսության վրա: Նույն արտաքին լագը գոյություն ունի նաեւ այստեղ, այսինքն՝ գոյություն ունի որոշակի ժամանակային խզում ՌԴ-ի եւ ՀՀ-ի տնտեսական ակտիվության միջեւ: Եվ եթե ՌԴ-ում տնտեսական անկումը 14-ից դարձել է 10%, ինչպես նշվում է հարցադրման մեջ, ապա սա նշանակում է, որ 3-6 ամիս ժամանակային խզմամբ այն իր արտացոլումն է գտնելու ՀՀ-ում ՌԴ-ից եկող մասնավոր տրանսֆերտների աճի վրա, որն իր ետեւից բերելու է ամբողջական եկամուտների աճի: Սա եւս փաստում է, որ անհնար է աշխարհում, այդ թվում՝ ՌԴ-ում իրավիճակի բարելավում տեղի ունենա, իսկ Հայաստանը դեռեւս շարունակի երկար ժամանակ գտնվել տնտեսական անկման մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել