Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գավառում հողն անմշակ է մնում

Սեպտեմբեր 16,2009 00:00

Տարբեր խնդիրներով ամեն աշխատանքային օր Գավառի քաղաքապետարանում տասնյակ բնակիչներ են հավաքվում: «Այստեղ ամեն օր այս վիճակն է՝ տանիքս կաթում է, ֆինանսական միջոցներ չունեմ, գազի փողը չեմ կարում մուծեմ, նույնիսկ բաներ կան, որ քաղաքապետարանը իրավասություն չունի լուծելու, բայց, միեւնույն է, էլի գալիս են ու գալիս: Դե, մենք էլ ինչով կարողանում ենք՝ օգնում ենք»,- Գավառի փոխքաղաքապետ Գրիգոր Բոշյանի ներկայացմամբ՝ բնակիչները հիմնականում դիմում են նման խնդիրներով:

Գավառցիների սոցիալական վիճակը պարոն Բոշյանը ներկայացրեց մեկ բառով՝ «ահավոր է»: Նրա խոսքերով. «Գյուղացուն այսօր եկամուտ չի բերում այն միակ աշխատանքը, ինչով նա ընդունակ է զբաղվել, խոսքը գյուղատնտեսության մասին է: Միաժամանակ, տարեցտարի ավելացող հողային հարկերը կուտակվում են՝ կազմելով ահռելի գումար, ինչն էլ ստիպում է գյուղացուն հրաժարվել սեփական հողատարածքներից եւ այն վերադարձնել պետությանը: Միակ ուրախալի փաստը Գավառում, թերեւս, արտագաղթի նվազումն է: Երիտասարդները արտերկրներ մեկնելու փոխարեն ձգտում են բնակություն հաստատել Երեւանում: Բանվորություն կամ այլ աշխատանքներ են անում»:

Գավառի Արծվաքար թաղամասի բնակիչներին էլ մտահոգում էր իրենց քարուքանդ ճանապարհների հարցը: Թաղամաս տանող միակ ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ այն հատելու համար վարորդները մի քանի անգամ ավելի ժամանակ են վատնում: Այս խնդրի վերաբերյալ էլ Գ. Բոշյանն ասաց, որ նշված ճանապարհահատվածը նախատեսված էր վերանորոգել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի ծրագրով, «սակայն այդ ծրագիրը հունիս ամսից ինչ-ինչ պատճառներով դադարեցվել է: Բայց ամեն ինչ դեռ ուժի մեջ է, եւ հնարավոր է՝ ասֆալտապատման աշխատանքները շարունակվեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել