Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

$600 ՄԻԼԻՈՆ Է ՊԵՏՔ, ՈՐ ՋՈՒՐ ՉԳՈՂԱՆԱՆ

Սեպտեմբեր 16,2009 00:00

Հայաստանի մարզեր մատակարարվող ջրի կորուստները կազմում են 80%: Այսօր էլ ջուրը շարունակում են գողանալ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Պատրիկ Լորենը: Ըստ նրա, երեւույթի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է «հիանալի վիճակում գտնվող ջրամատակարարման համակարգ», իսկ դրա համար մոտ 600 միլիոն դոլար ներդրում է պետք, համակարգի վերանորոգում եւ կառուցում։ «Այսօր երկրի մարզերում ջուրը միջինում մատակարարվում է օրական 13 ժամ։ Մինչեւ տարեվերջ ջրի մատակարարման ժամերը կավելանան, միջինը՝ մինչեւ 14 ժամ»։

Տնօրենի հավաստմամբ, այսօր բնակչության ընդամենը 20%-ին է մատակարարվում շուրջօրյա ջուր, ջրաչափեր տեղադրել են բնակչության միայն 67%-ը։ «Հայջրմուղկոյուղին» ապահովում է Հայաստանի 37 քաղաքի եւ 280 գյուղի ջրամատակարարումը։ Ընկերությունը չի սպասարկում Երեւան, Գյումրի, Արմավիր եւ Վանաձոր քաղաքները:

Համաշխարհային բանկի տրամադրած 26 մլն դոլարով ընկերությունը կգնի նոր սարքավորումներ՝ լայնածավալ գործունեության համար եւ կիրականացնի Հրազդանի ջրամատակարարման ներդրման ծրագիրը: Տնօրենի խոսքերով՝ «1-ին փուլի շրջանակներում 25 մլն դոլար է ծախսվել՝ Հայաստանի 12 քաղաքներում ներդրումային ծրագրեր են կատարվել»: Ըստ նրա, Եվրոպական զարգացման բանկի տրամադրած 20 մլն դոլարով էլ ընկերությունը նախատեսել է Սեւանի շրջակայքում բարելավել կեղտաջրերի մաքրման գործընթացը. մասնավորապես՝ Մարտունի, Վարդենիս, Սեւան ու Ջերմուկ քաղաքներում:

«Երկու պայմանգիր ենք ունենալու. առաջինը կլինի կոյուղաջրերի մաքրման գործընթացը, իսկ մյուսը՝ այդ կոյուղաջրերի ցանցի վերանորոգումը եւ պոմպակայանի կառուցումը»: Պ. Լորենն ասաց, որ Ասիական բանկից վերցրած 46 մլն վարկով արդեն սկսել են որոշակի ծրագրերի իրականացումը. «Այս պահին ունենք 18 ենթածրագրեր, որոնց մեջ ներառվում են 18 քաղաքներ եւ գյուղեր, եւ դրանցից տասն արդեն ծրագրի ընթացքում է: Ասիական բանկի ամբողջ վարկային ծրագիրը կավարտվի 2010-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել