Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕՐԻՆԱՑ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ»

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"Կամ ի՞նչ է ուզում Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամից բուհի նախկին շրջանավարտ Անահիտ Մանասյանը:

Անահիտ Մանասյանը Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի շրջանավարտներից է: Նա 2000-ին Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանից փոխադրվեց Ֆրանսիական համալսարան՝ հույսով, որ բուհն ավարտելուց հետո կստանա 2 դիպլոմ՝ հայկական եւ ֆրանսիական ու արտերկրում ուսումը շարունակելիս ստիպված չի լինի անցնել դիպլոմների վերագնահատման գործընթացը: Սակայն այս պայծառ տրամադրվածությունը ուսումնառության ընթացքում քիչ-քիչ խամրեց: Ի վերջո, համալսարանի 2005 թվականի շրջանավարտը բուհի դիպլոմն ուսման ավարտին չստանալու պատճառով հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Ֆրանսիական համալսարան հիմնադրամի: 04.07.08թ. Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի վճռով հայցը բավարարվել է, այնուհետեւ 23.12.08թ. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ վճիռը բեկանվել եւ ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Նշված գործն արդեն 2-րդ անգամ քննվում է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Արմեն Դանիելյան):

«Առավոտի» հետ զրույցում Ա. Մանասյանը ներկայացրեց գործի ողջ նախապատմությունը. «Ընդունվելիս գիտեինք, որ պիտի սովորենք 4 տարի: Բուհի հետ կնքեցինք պայմանագիր, բայց դրանում նշված չէր ուսման տեւողության ժամկետը: Այդտեղ նշված էր ուսման վարձի չափը՝ տարեկան $700: Բայց հետո հանկարծ իմացանք, որ սովորելու ենք 5 տարի: Հարց առաջացավ, թե ի՞նչ դիպլոմ պիտի ստանանք, քանի որ 5-ամյա կրթություն իրականացնող բոլոր հետխորհրդային երկրների բուհերի տված դիպլոմներն անցնում են վերագնահատում: Սկզբում մեզ ասում էին, թե ունենալու ենք մագիստրոսի կոչում, բայց ավարտելուց հետո ստացանք, այսպես կոչված, ֆրանս-հայկական բարձրագույն կրթության դիպլոմ, սակայն նմանատիպ դիպլոմ Ֆրանսիայի կրթության եւ հետազոտության նախարարությունը չի տրամադրում: Արդեն 4-րդ կուրսում կնքեցինք եւս մեկ պայմանագիր, եւ ուսման վարձը բարձրացավ՝ դառնալով 600 եվրո: Ստիպողաբար կնքեցինք այդ պայմանագիրը եւ վճարեցինք գումարը»: Անահիտի որոշեց դիմել դատարան այն ժամանակ, երբ բուհի 5-ամյա կրթությունից հետո իրեն շնորհվեց միայն հայկական դիպլոմ.«Ես նույնիսկ այդ ֆրանս-հայկական դիպլոմն էլ չստացա, չնայած այն, այսպես թե այնպես, իրավաբանական ուժ չունի, այլ նման է մի դիպլոմի, որը շնորհվում է համալսարանի ներսում, օրինակ՝ «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունում հաղթելու համար: Ու քանի որ ես այդ դիպլոմն էլ չստացա, որոշեցի դիմել դատարան՝ ֆրանսիական դիպլոմ ստանալու հայցով»: Ինչպես մեր զրուցակիցը պատմեց, մինչեւ հայցը ներկայացնելը՝ ինքը փորձել է համալսարանից ճշտել, թե ի՞նչ հիմքով իրեն ֆրանսիական դիպլոմ չեն տալիս: Ու պարզել է հետեւյալը. «Ասացին, որ դիպլոմային աշխատանքից անբավարար գնահատական եմ ստացել: Եթե ես անբավարար գնահատական էի ստացել, ինչպե՞ս էի հայկական դիպլոմ ստացել: Դիպլոմայինից ստացել էի 14 միավոր, բայց ինձ համալսարանում տվեցին տպիչով տպված մի փաստաթուղթ, որտեղ դիպլոմայինիս գնահատականը 6 միավոր է նշված: Այդ փաստաթղթի վրա կար խզբզված ստորագրություն եւ ոչ մի կնիք»:

Հետաքրքրվեցինք՝ իր համակուրսեցիները ֆրանսիական դիպլոմ ստացա՞ն: Անահիտը պատասխանեց. «Մեծ մասը չստացավ՝ պատճառաբանությամբ, թե անբավարար են ստացել, ու նրանցից շատերը մինչեւ այժմ չունեն նաեւ հայկական դիպլոմի միջուկները: Գործել է կամայականության սկզբունքը: Իսկ ֆրանսիական դիպլոմը, ինչպես նշեցի, իրավաբանական ուժ չունի, այն միայն հնարավորություն է տալիս ուսումը շարունակել համալսարանի 6-րդ կուրսում՝ մագիստրատուրա-2-ում: Գուցե չեմ ցանկանում Ֆրանսիական համալսարանում շարունակել ուսումս, ուզում եմ գնալ այլ բուհ, բայց այդ դիպլոմով չեմ կարող. սա եւս օրենքի խախտում է»: Անահիտի ոդիսականը դեռ շարունակվում է. նախորդ շաբաթվա ընթացքում նախնական դատական նիստ էր ընթանում Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, որին կհետեւեն դատական քննությունները: Անահիտի խոսքով. «Դատավոր Արմեն Դանիելյանն անընդհատ ճնշումներ է գործադրում մեզ վրա: Երբ փորձում ենք օրենքով առաջնորդվել, անընդհատ պահում է պայմանագրի սահմաններում, բայց չէ՞ որ պայմանագիրը պիտի հղումներ անի օրենսդրությանը»: Այս պատմությունն Անահիտն այսպես է մեկնաբանում. «Ուսումնառությանս սկզբում բուհի ռեկտորը Արթուր Բաղդասարյանն էր: Մարդիկ խոսում են օրինաց երկիր կառուցելուց, բայց չեն կարողանում նույնիսկ օրինաց համալսարան կառուցել: Խաբվել է շրջանավարտների 2 սերունդ, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ տարիներ շարունակ համալսարանը գործել է օրենքի դաշտից դուրս: Սա ֆրանսիական կողմին ընդհանրապես ձեռնտու չէ, քանի որ նրանք վարկաբեկվում են եւ ստիպված են պատասխան տալ Ֆրանսիայի կրթության եւ հետազոտության նախարարությանը»:

Անահիտից հետաքրքրվեցինք՝ չի՞ վախենում դառնալ սպիտակ ագռավ, քանի որ իր նման խաբվածները լռում են: Նա ասաց. «Չեմ վախենում, պայքարելու եմ մինչեւ վերջ: Ու բոլորին կոչ եմ անում միանալ ինձ, նույնիսկ պատրաստ եմ հոգալ բոլոր փաստաբանական ծախսերը»: Չնայած դժգոհություններին՝ Անահիտը դրական է համարում այն, որ Ֆրանսիական համալսարանում ուսանելու շնորհիվ կարողացել է պրակտիկա անցնել Ֆրանսիայում եւ տարբեր կապեր հաստատել: «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաեւ Ֆրանսիական համալսարան հիմնադրամից, որը Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի ապակենտրոնացված ուսուցում իրականացնողն է ՀՀ-ում: Համալսարանի հասարակայնության հետ կապերի գծով բաժնի պատասխանատուի օգնական Սոնա Ավետիսյանը փոխանցեց. «Բուհի ռեկտոր Ան Մարիշ Լոսերի կողմից կա հրահանգ՝ նշված հարցի կապակցությամբ որեւէ մեկնաբանություն չանել»:

Գործընթացում որպես 3-րդ կողմ ներգրավված է նաեւ ԿԳՆ-ն, ուստի «Առավոտը» պարզաբանումներ ստացավ ԿԳՆ օրենսդրության եւ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Մանուկյանից. «Սա պայմանագրային հարց է, եւ նախարարությունն առանձնապես կապ չունի: ԿԳՆ-ն գործում ընդգրկված է որպես 3-րդ կողմ՝ զուտ մասնագետի ներկայացուցչություն ապահովելու համար: Նախկինում մենք մեր սպառիչ բացատրությունը տվել ենք, որը հայցադիմումի պատասխանն է: Այդտեղ նշված է, որ Ֆրանսիական համալսարանը «Լիցենզավորման մասին» օրենքով եւ լիցենզավորման կարգին համապատասխան լիցենզավորվել է: Այսինքն՝ համալսարանը բավարարել է բոլոր պահանջներին: Թե հետագայում կարգերը փոփոխվել, թե ինչ կարգով են առաջնորդվել, դրա մասին տեղյակ չենք: Մի քանի անգամ խնդրել ենք ներկայացնել այն կարգը, որով Ա. Մանասյանի դեպքում իրենք առաջնորդվել են, բայց մեզ չեն ներկայացրել, չնայած դատարանին ներկայացրել են»: Հ. Մանուկյանը նաեւ հավելեց. «Նման նախադեպ չենք ունեցել, բայց այս դեպքում Ֆրանսիական համալսարանը ներկայացնում է Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի չափանիշները, որոնց պայմաններին բավարարելու դեպքում միայն՝ իրենք Անահիտին կտային նրա պահանջած դիպլոմը: Ուստի դատական կարգով դեռ պիտի ապացուցվի, որ Անահիտը բավարարել է այդ պայմաններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930