Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՌԱԿ ՊԱՏԿԵՐՆԵՐ

Սեպտեմբեր 16,2009 00:00

\"\"Ձյուդոյի Ադրբեջանի ազգային հավաքականի մարզիչ Աղայար Ախունդզադեն Երեւանում գտնվելու օրերին հայաստանյան ԶԼՄ-ներին տված հատուկենտ հարցազրույցներում (առաջիններից մեկը՝ «Առավոտին») հատուկ ընդգծում էր, որ Հայաստանում ամեն ինչ հիանալի է կազմակերպված, որ իրենք այստեղ ոչ մի խնդիր չեն ունեցել՝ անգամ քաղաքում զբոսնելիս: Ու շնորհակալություն էր հայտնում Հայաստանի իշխանություններին: Նա նաեւ խորը համոզմունք էր հայտնում, որ սպորտը կապ չունի քաղաքականության հետ, որ այն խաղաղության դեսպանն է՝ նշելով, որ այդ ուղղությամբ մեր երկու երկրների միջեւ առաջին քայլը Հայաստանն է կատարել:

Ադրբեջանի ձյուդոիստներն էլ, կարծես, կիսում էին իրենց մարզչի համոզմունքները: Մասնավորապես, չեմպիոնի կոչումը նվաճած Էլմար Գասիմովը առաջնությունում Եվրոպական միության կողմից հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հրաչուհի Բարսեղյանի հետ զրույցում նշել է, որ, ճիշտ է, իրենք Երեւանում մարզումների վրա կենտրոնացած լինելու պատճառով շատ շփումներ չեն ունեցել, բայց համոզված է, որ հայերը հյուրասեր ազգ են:

Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ներում նրանց անունից միանգամայն հակառակն է ասվում: Այսպես, «azerisport»-ը գրում է, թե նույն Գասիմովն արդեն Բաքվում հայտարարել է, թե երջանիկ է, որ իրենց դրոշը բարձրացվել է թշնամի երկրում ու էլի նման բաներ: Այստեղ երկու տարբերակ կարող է լինել. կամ ադրբեջանական մամուլը շարունակում է հակահայկական քարոզչությունը՝ գիտակցաբար թշնամանք սերմանելով զանգվածների մեջ, կամ ձյուդոիստները տարբեր տեղերում տարբեր բաներ են հայտարարում՝ նայած, թե քամին որ կողմից է փչում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել